Կիրակի օրը ձերբակալվել է ՀԱԿ երիտասարդական թեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով հուլիսի 1-ին Աբովյան փողոցում հանրահավաքի իրազեկման մասին թռուցիկներ բաժանելիս ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից, եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց: Կիրակի օրը Տ. Առաքելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Կենտրոնի ոստիկանություն, այնուհետեւ ձերբակալվել է` որպես կասկածյալ: Նա ոչ պաշտոնապես մեղադրվում է ոստիկան Էրիկ Պողոսյանին ծեծելու մեջ: Ի դեպ, այս ոստիկանը Մարտի 1-ի մի քանի գործերով տուժող էր եւ ցուցմունքներ է տվել ընդդիմության ձերբակալված ակտիվիստների դեմ: «Ոստիկանությունում Տիգրանին մեղադրել են, թե նա հարձակվել է ոստիկանների վրա, ծեծել նրանց, հետո հետապնդել է զենքով ոստիկանին եւ նորից ծեծել: Սա աբսուրդ է: Արդարադատության տեսանկյունից` Տ. Առաքելյանը հուլիսի 1-ին տուժել է: Այն, ինչ կատարվում է այսօր, այլ բան, քան ցինիզմի վառ դրսեւորում չանվանել հնարավոր չէ»,- «Ա1+»-ին ասել է ՀԱԿ Քաղբանտարկյալների իրավաբանական աջակցության ծառայության անդամ Արմեն Խաչատրյանը: Ի դեպ, Տ. Առաքելյանին Ոստիկանությունում հարցաքննել են Քր.Օր.-ի 258 հոդվածի շրջանակներում` խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Ըստ օրենքի` 72 ժամվա ընթացքում նրա նկատմամբ կա՛մ պետք է մեղադրանք առաջադրվի, կա՛մ նա պետք է ազատ արձակվի: Ի դեպ, կիրակի օրը հարցաքննվել է նաեւ հուլիսի 1-ին ծեծի ենթարկված 16-ամյա Սահակ Մուրադյանը: Ոստիկանությունում, սակայն, նրանից ստորագրություն են վերցրել հանրապետությունից չբացակայելու համար: Իսկ երեկ Ոստիկանություն է հրավիրվել երրորդ երիտասարդը` անչափահաս Հերբերտ Գեւորգյանը: Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ Տիգրան Առաքելյանը հացադուլ է հայտարարել: