Երեկ Իրաքից հայրենիք վերադարձավ հայ խաղաղապահների 45 հոգանոց
ստորաբաժանումը: Առաջին խմբի սպաներից մեկը չի վերադարձել: «46 թիվը
պահպանելու համար»,- բացատրեց ՊՆ Մամուլի ծառայության պետ Սեյրան
Շահսուվարյանը: Դիմավորման պաշտոնական շատ կարճ արարողությունից հետո
լրագրողներին խաղաղապահների հետ շփվելու համար ընդամենը 15-20 րոպե
տվեցին: Բայց խոսակցություն գրեթե չկայացավ: Խաղաղապահները խուսափում էին
լրագրողների հետ շփվել՝ կամ հուզված էին, կամ էլ պարզապես չէին ուզում
խոսել: Միգուցե նրանց այդպե՞ս էր կարգադրված: Այնուամենայնիվ, գումարտակի
բուժծառայող Արամայիս Սանոսյանն ասաց. «Ամեն ինչով մենք մեզ
գերազանցեցինք, պրոբլեմներ չենք ունեցել: Բուժծառայողներս համարյա անգործ
ենք մնացել, որովհետեւ սպաներն առողջական լուրջ խնդիրներ չեն ունեցել»: