Երեկ աշխատանքային երկօրյա այցով Մոսկվա է ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ուշագրավն այն է, որ այցի նախօրեին Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ եւ նրա հետ մտքեր է փոխանակել նաեւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում Գյուլն Օբամային տեղեկացրել է նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության ներկայիս վիճակի մասին: Ըստ լրատվական կայքերի` Ադրբեջանի փորձագիտական շրջանակներն այս հեռախոսազրույցի վերաբերյալ մտահոգություն են հայտնել` վստահեցնելով, թե Օբաման մտադիր է Մոսկվայում հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը: «Ես գտնում եմ, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է հայ-թուրքական հարաբերությունների վիճակը: Օբամային այդ հարցը շատ է հետաքրքրում: Հայ-թուրքական հարաբերությունների թեման կքննարկվի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումներում: Դրա համար էլ այցելությունից առաջ այդ հարցը քննարկվել է Ա. Գյուլի հետ»,- նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Ըստ նրա` Օբաման ամեն ինչ անելու է Մոսկվայում հայ-թուրքական սահմանի բացման հարցը լուծելու համար: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրին, ապա Գուլուզադեն ասել է, թե Մոսկվան Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղություն ընդհանրապես չի ցանկանում, քանի որ դրանից հետո բարձրացվելու է ՀՀ-ից ռուսական զորքերի դուրսբերման հարցը, ինչն անցանկալի է ՌԴ-ի համար, որովհետեւ դրանից հետո ՀՀ-ն կարող է մտնել ՆԱՏՕ: Ի դեպ, երեկ որեւէ տեղեկություն չկար`
Օբաման եւ Մեդվեդեւն անդրադարձե՞լ են այս հարցերին, թե՞ ոչ: