Դորիան Գրեյի բարդույթը

06/07/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ով կմտածեր, որ Օսկար Ուայլդի ֆանտազիան գեղեցիկ երիտասարդի` Դորիան Գրեյի մասին, ով Աստծուց հավերժական երիտասարդության շնորհ էր խնդրում, իրականություն կդառնա մեր օրերում: Ուայլդն այնքան դիպուկ նկարագրում է մեր ժամանակների Դորիան Գրեյին` չտեսնված գեղեցկության եւ երկնային մաքրության մի երիտասարդի, ով եւս երաժիշտ էր, սակայն կատարում էր ոչ թե ռոք, այլ Շուման: Եվ նրա անձնական Մեֆիստոֆելը` լորդ Հենրի Ուոտոնը, վստահեցնում էր Դորիան Գրեյին, որ երիտասարդությունը միակ հարստությունն է, որն արժանի է պահպանման, որ ծերությունը ենթադրում է թորշոմած դեմք, տձեւ մարմին եւ անտանելի ցավեր… Դորիանը պատկերացրեց ծերության սարսափները եւ հավերժ երիտասարդ արտաքինի համար վաճառեց հոգին։

Մայքլ Ջեքսոնը եւս պատանեկության շրջանում գեղեցիկ էր եւ օժտված: Հասկանալի է` շոու-բիզնեսի չափանիշներով: Նա եւս երաժիշտ էր: Զգուշացրե՞լ էր նրան ինչ-որ մեկն առաջացող տարիքի ահավոր հետեւանքների մասին, սակայն այս դեպքում Ջեքսոնը երիտասարդ մնալու համար դիմեց ոչ թե սատանային, այլ պլաստիկ վիրաբույժին եւ երիտասարդացնող ներարկումներին: Մեր օրերում նման բաների համար կարելի է վճարել ոչ թե հոգով, այլ կանխիկ դրամով: Սակայն դրությունը սրանից չի փոխվում, քանի որ վաղ թե ուշ բոլորս ստիպված ենք լինում հրաժեշտ տալ նաեւ հոգուն: Զգալով հավերժ երիտասարդ մնալու երջանկությունը` Դորիանն իրեն ազատ զգաց խղճի առաջ պատասխանատվությունից։ Նրա մասին սկսեցին տարածվել ամենաանհավանական լուրեր` նրա անառակությունների եւ հանցանքների մասին: Թեեւ նման լուրերը շատերի աչքում Դորիանին դարձնում էին ավելի գրավիչ եւ խորհրդավոր: Ճիշտ, ինչպես Ջեքսոնի դեպքում: Նրա անձը եւս մոլորակի հասարակության ուշադրության կենտրոնում էր հատկապես վերջին տարիներին, երբ նրան դատի էին տվել Ջեքսոնին այնքան դուր եկած մի դեռահասի ծնողները: CNN-ն օրվա ընթացքում ժամերով ուղիղ կապ էր ապահովում` ուղղաթիռներով նկարահանվում էր Ջեքսոնի առանձնատունը, նրա ավտոշարասյան տեղաշարժը եւ այլ՝ նորմալ մարդկանց համար հետաքրքրություն չներկայացնող դետալներ:

Հետաքրքիր է Օսկար Ուայլդի դիտարկումը իր ժամանակի հասարակության մասին, որն ամբողջապես կիրառելի է այսօր. հասարակությունն ամենաարժանավոր մարդուն գնահատում է ավելի պակաս, քան նրան, ով ունի լավ խոհարար։ Ջեքսոնին, ով ուներ պլաստիկ լավ վիրաբույժ, աշխարհը պատրաստ էր թանկ գնահատել բառի թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական իմաստով: Իսկ իր տարիքից անհամեմատ երիտասարդ երեւացող, միշտ ժպտացող այդ փոփ կուռքի հոգում դժվար էր տեսնել այն դժոխքը, որը հայտնի դարձավ նրա մահից հետո: Ինտերնետում հայտնված տեղեկատվության համաձայն` երգչի քաշը 178 սմ հասակի պարագայում ընդամենը 50 կգ էր: Մարմնի վրա էլ, ըստ բժիշկների, չկար եւ ոչ մի ազատ տեղ. ողջ մարմինը ասեղի հետքերով էր պատված: 13 պլաստիկ վիրահատություն, մաշկի քաղցկեղ, ճաղատ գլուխ, հաշմանդամի սայլակ, ապա հենակներ, դիմակ. ահա այն գինը, որը վճարեց Մայքլ Ջեքսոնը` մոլորակի հասարակության ուշադրության կենտրոնում լինելու համար: Կամ, որ ավելի հավանական է, մանկություն չունենալու եւ հասուն տարիքում իրեն մանուկ զգալու համար: Թե՛ Դորիան Գրեյի մտացածին կերպարը, թե՛ Մայքլ Ջեքսոնի իրական պատմությունը թույլ է տալիս տեսնել նաեւ, թե ինչ աստիճանի է ֆիքսված մեր հասարակությունը երիտասարդ մնալու վրա: Աշխատանքի բոլոր հրավերների առաջին պայմանը երիտասարդ տարիքն ու գրավիչ արտաքինն են: Մեր ժամանակներում ծերությունն ընկալվում է որպես սոցիալական չարիք, վիճակ, երբ դու ոչ մեկին հետաքրքիր ու անհրաժեշտ չես: Անգամ մեր հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու դիզայներներն են միմյանց գնահատելիս որպես առավելություն ներկայացնում sexy արտաքինը: Հետեւաբար, բոլորը` կանայք թե տղամարդիկ, վախենում են յուրաքանչյուր նոր կնճիռից: Հեռուստատեսությունն առանց հոգնելու կանչում է երիտասարդացնող ներարկումների, պլաստիկ միջամտությունների, վիրահատությունների` մարմնի բոլոր երեւացող եւ ծածուկ մասերի համար, միայն թե մարդիկ իրենց տարիքից երիտասարդ թվան: Սակայն ոչ մեկին չես խաբի` 17 տարեկանը երիտասարդ ու գեղեցիկ է 20 տարեկանից, վերջինս` 30 տարեկանից։ Առաջացած տարիքում 20-ամյա աղջնակ խաղալն, ինչպես ռուսական էստրադայում Լյուդմիլա Գուրչենկոն եւ Ալլա Պուգաչովան են անում, մատնացույց է անում նրանցով հիացող հասարակության եւ հենց այդ «հերոսների» աղճատված հոգեբանության մասին: Հասարակությունը ցանկանում է իր կուռքերին տեսնել հավերժ երիտասարդ` գիտակցաբար մոռանալով, որ այդ կուռքերն ընդամենը մարդիկ են, ստիպելով նրանց գնալ ամբոխի կամքին ընդառաջ՝ սեփական ողբերգության գնով: Ինչպես պատահեց Ջեքսոնի դեպքում։ Աշխարհն այսօր հրաժեշտ է տալիս Մայքլ Ջեքսոնին: Նրա մահվանը դժվար է հավատալ, քանի որ իր կենդանության օրոք երգչին արդե՛ն աստվածացնում էին: Իսկ աստվածներն, ինչպես գիտենք, չեն մահանում: Իսկ եթե մահանում են, նրանց կենդանացնում է դատարկամիտ ամբոխը: Այդպես է Էլվիս Փրեսլիի, Ջոն Լենոնի, Ֆրեդի Մերկուրիի դեպքում: Ջեքսոնին եւս սպառնում է հեթանոսական կուռքի փառքը: Նրա հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու Staples մարզահամալիրում: Իրենց կուռքին վերջին հրաժեշտը տալու համար երկրպագուները պետք է տոմս ձեռք բերեն: Եթե կան տոմսեր, ուրեմն կա տեսարան. Ջեքսոնի անգամ թաղման արարողությունն է վերածված շոուի եւ բիզնեսի: Ի դեպ, իր համաշխարհային ճանաչման համար սեփական կյանքով վճարած երգչի մահը բիզնեսի են փորձում վերածել ոչ միայն Ջեքսոնի հարազատները, այլ անգամ Ուկրաինայի Զապորոժիեի շրջանային խորհրդի պատգամավորներից մեկը: Նա առաջարկել է գյուղերից մեկը` Օկտյաբրսկն անվանափոխել Մայքլ Ջեքսոնի անունով: Դա, ըստ գավառացի պատգամավորի, գյուղին մեծ եկամուտներ կբերի: Կբացեն Ջեքսոնի թանգարանը (ուր, հավանաբար, կցուցադրեն Մայքլ Ջեքսոնի տրեխներըգ), կանցկացնեն Ջեքսոնի նմանակների մրցույթներ, կբացեն զվարճանքի հաստատություններ, եւ փողերը դեպի նախկին Օկտյաբրսկ կհոսեն, ինչպես Առատության եղջյուրից: Զանգվածներին կուռքեր են անհրաժեշտ: Եվ ամենեւին էական չէ` կուռքը ո՞ղջ է, թե՞ մեռած: Ջեքսոնին անգամ հետմահու հրում են հիթ-շքերթների առաջին հորիզոնականներ, նրանից նոր տեսահոլովակ են ակնկալում: Իրական կյանքից աշխարհն աստիճանաբար տեղափոխվում է վիրտուալ իրականություն եւ կեղծ կուռքերի աշխարհ՝ ումից է այսինչի երեխան, ում հետ է գիշերում մյուսը, Ջեքսոնն իր երեխաների կենսաբանակա՞ն հայրն է, թե՞ ոչ… Այս անհարկի եւ անառողջ հետաքրքրությունն է պատճառը, որ նրա մահվան լուրն առնելուց հետո արդեն տասներկուսը նրա երկրպագուներից կամավոր ուղեւորվել են իրենց կուռքի հետեւից: Չունենալով անձնական կյանք, չձգտելով հաջողության հասնելու սեփական ճանապարհին, մարդիկ իրենց տեսնում են ուրիշների հաջողությունների ծիրում, եւ կուռքի մահով վերջ է տրվում նաեւ իրենց տարաբախտ կյանքին:

Վերադառնալով հավերժ երիտասարդ մնալու` մարդկանց ձգտումին, արժե արձանագրել, որ վախենալ ծերությունից, տարիքից, կնճիռներից, այնքան էլ առողջ վիճակ չէ: Ճիշտ է, դատելով տարիքն առած մեր քաղաքական գործիչների եւ բազում մտավորականների մտքերից ու վարքից, ծերությունը գուցե իմաստնանալու հարմար ճանապարհ չէ, սակայն այն երկար ապրելու միակ հնարավորությունն է: