«Ես քրեական հետապնդման եմ ենթարկվում»

06/07/2009

Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «գ2008թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը, բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունը, համաձայնություն էր տվել իմ եւ իմ գործընկերների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ) եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում) քրեական հետապնդում իրականացնելու եւ մեզ կալանավորելու վերաբերյալ: Սակայն Ձեր եւ մի շարք հեղինակավոր կառույցների, հատկապես` ԵԽ ԽՎ հետեւողական միջամտությունների շնորհիվ, իշխանությունները ստիպված եղան ապաքրեականացնել վերոհիշյալ նորմերը, որոնք մինչ այդ հնարավորություն էին ընձեռում մարդուն հետապնդել իր քաղաքական հայացքների համար: Դրան հաջորդեց համաներման ակտի ընդունումը, որի կիրառմամբ իմ գործընկերները ազատ արձակվեցին: Համաներման այս ակտը նաեւ սահմանել է, որ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կտարածվի, եթե նրանք մինչեւ 2009թ. հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին: Ես ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ, նախեւառաջ, որեւէ հանցագործություն չեմ կատարել: Ավելին, ինձ եւ գործընկերներիս ներկայացված մեղադրանքները փոփոխելով, իսկ այնուհետեւ` համաներման ակտ ընդունելով, իշխանությունները, ի վերջո, փաստագրեցին, որ այս ամբողջ ընթացքում մեր նկատմամբ իրականացրել են ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում: Բացի այդ, ինձ ներկայացված մեղադրանքը փոփոխելիս գլխավոր դատախազը պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն՝ ստանալ ԱԺ համաձայնությունը: Այդ համաձայնությունը պարտադիր էր նաեւ իմ եւ մյուս պատգամավորների հետագա կալանքի հարցը լուծելու համար, ինչը նույնպես չի տրվել, եւ ես, փաստորեն, քրեական հետապնդման եմ ենթարկվում` զրկված չլինելով պատգամավորական անձեռնմխելիությունից: Այսինքն` ես այսօր իրավունք ունեմ ազատորեն քայլել իմ քաղաքում, եւ ոչ մի ոստիկան իրավասու չէ որեւէ կերպ սահմանափակել իմ այս ազատությունը: ՀՀ Ազգային ժողովը նույնպես պետք է շահագրգիռ լինի, որպեսզի պատգամավորի նկատմամբ անօրինական քայլեր չձեռնարկվեն: Բնականաբար, իշխանություններն իրենց բնորոշ ոճով, անտեսելով անգամ ԵԽ ԽՎ վերջին` թիվ 1677 բանաձեւի պահանջները, ձգտելու են ինձ պահել անազատության մեջ եւ իրենց գործիքները հանդիսացող դատավորների միջոցով ստանալ իրենց կեղծ եւ շինծու մեղադրանքների տակ դրված կնիքները: Այս ամենը ինձ առանձնապես չի մտահոգում: Ես պատրաստ եմ հետեւողականորեն պայքարել իմ եւ իմ ժողովրդի իրավունքների եւ ազատությունների վերականգնման համար եւ համոզված եմ, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է»: