Սկզբում ալեհավաքն են տեղադրում, հետո՝ թույլտվություն ստանում

06/07/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկա մուտք գործած երրորդ օպերատոր ֆրանսիական «Օրանժ-Տելեկոմ» ընկերության որոշ գործողություններ մայրաքաղաքի բնակչության շրջանում որոշակի դժգոհությունների տեղիք են տվել:

Մասնավորապես, խիստ բնակելի հատվածներում ալեհավաք-աշտարակներ կառուցելու ընկերության նախաձեռնությունը բացասաբար է ընդունվել բնակչության կողմից, քանի որ անհանգստություն կա, թե ալեհավաքի ճառագայթային ազդեցությունը կարող է վնասել մարդկանց առողջությանը: «168 Ժամն» օրերս անդրադարձել էր Վարդաշեն 9-րդ փողոցում կառուցվող աշտարակի շուրջ ծավալված բնակչության դժգոհությանը եւ այդ կապակցությամբ ներկայացրել ինչպես քաղաքապետարանից, այնպես էլ Առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային (ՊՀՀՏ) տեսչության կողմից տրված փաստաթղթերը: Նշյալ հասցեի բնակիչները երեկ մեզ տեղեկացրեցին, որ կիսակառույց աշտարակը երկու օր առաջ արդեն ապամոնտաժվել է, իսկ թե ինչո՞ւ` չգիտեին. «Դե՛, երեւի եկել ստուգումներ են արել եւ համոզվել են, որ մեր դժգոհությունները տեղին էին: Ձեր հրապարակման անմիջապես հաջորդ օրը քանդել են»,- ասացին նրանք: Իսկ «Օրանժ-Տելեկոմ» ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ալեհավաք-աշտարակի կառուցման աշխատանքներն ընդամենը ժամանակավորապես են դադարեցվել, քանի որ քաղաքաշինական համապատասխան փաստաթղթեր չկային, եւ դրանք ձեռք բերելուց հետո շինարարական աշխատանքները կրկին կշարունակվեն:

Երեկ մեր խմբագրություն էին եկել նաեւ Նոր-Արեշ Ռոստովյան փողոցի բնակիչները եւ խնդրում էին ՀՀ իշխանություններին ահազանգելով կանխել իրենց հասցեում կառուցվող ալեհավաք-աշտարակի շինարարական աշխատանքները: Ի դեպ, «Օրանժ-Տելեկոմ» ընկերության ներկայացուցիչները մեջբերելով ՀՀ Առողջապահության նախարարի «Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումներ (ՌՀ ԷՄՃ) սանիտարական կանոններ եւ նորմեր N 2.1.8-010-06 հաստատելու մասին» հրամանը, ալեհավաք-աշտարակի ճառագայթային վտանգավորության թեման համարում են փակված, քանի որ ըստ փաստաթղթերի` ընկերությունը պահպանել է անվտանգության բոլոր նորմերը: Քանի որ ընկերության ներկայացուցիչները մեզ տրամադրած այդ փաստաթուղթը չտպագրելը համարում են դիտավորություն, ուստի մենք դրանք տպագրում ենք ամբողջությամբ (լուսանկարում): Իսկ նախորդ հոդվածում այդ փաստաթուղթը չհրապարակելն ընդամենը նպատակահարմար չէր, քանի որ մեր կարծիքով` խիստ մասնագիտական այդ աղյուսակներն ընթերցողին ոչինչ չէին տալու: Այդուհանդերձ, նշենք, որ ՌՀԷՄՃ դրույթների համաձայն` ընկերությունը պահպանել է սահմանված նորմերը, ինչը, սակայն, «Նոր-Արեշ» Ռոստովյան փողոցի բնակիչներին չի հուսադրում, քանի որ, օրինակ` մասնագիտությամբ ինժեներ Վովա Հովհաննիսյանն ասում է` «Հո էդ փաստաթղթերով չի՞, հրավիրեք մի ֆիզիկոսի, թող գա, նայի եւ տեղում կհաստատի, որ այդ սարքի ճառագայթները վտանգավոր են: Հակահամաճարակային տեսչությունից մեզ ասում են` պիտի կառուցեն, որ մենք ընթացքում ստուգումներով որոշենք՝ վտանգավո՞ր է, թե՞ ոչ, հիմա չենք կարող որոշել: Մենք չգիտենք՝ ումի՞ց պաշտպանություն խնդրենք, լավ, սա պետություն չի՞: Ախր ուզում են դանդաղ գենոցի՞դ անեն: Իրենց ներկայացուցիչը, տեխնիկական գծով տնօրենը եկավ, իբր փորձեց բացատրել, բայց մեր հարցերին քմծիծաղով, հեգնելով պատասխանեց, գնաց»: Հիշեցնենք, որ «Օրանժ-Տելեկոմ» ընկերության տեխնիկական գծով փոխտնօրեն Գրիգոր Գրիգորյանը մեզ վստահեցրել էր, որ լիցենզավորված «Ռեդիմետ» ընկերության կողմից կատարվել է էլեկտրամագնիսական դաշտի թույլտվության մասին հաշվարկ, ըստ որի՝ չի արձանագրվել ճառագայթային վտանգավորության աստիճան: Իսկ ալեհավաք-աշտարակը բնակելի հատվածում կառուցելու գործուղությունը նա հիմնավորել էր բարձր որակի կապ ապահովելու հանգամանքով: Անկախ ամեն ինչից, Ռոստովյան փողոցի 50 ընտանիքներ չեն դադարում դիմել Էրեբունու թաղապետարան, Երեւանի քաղաքապետարան, ՀՀ Առողջապահության, Բնապահպանության նախարարություններ եւ մի շարք այլ կառույցներ, որտեղից թեեւ ստանում են իրենց օգտին պատասխաններ, այդուհանդերձ, աշտարակը չի քանդվում: Ռոստովյան փողոցի բնակիչ Արթուր Սահակյանը տարակուսած է «Օրանժ-Տելեկոմի» ներկայացուցիչների վերաբերմունքից, քանի որ, ըստ նրա, վերջիններս հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու կամ մասնագետ հրավիրելու, տեղում ուսումնասիրություն կատարելու փոխարեն՝ փորձում են համոզել, որ ալեհավաք սարքն իրենից վտանգ չի ներկայացնում: «Տեխնիկական գծով փոխտնօրենն ասում է` տղավարի ասում եմ, որ ոչ մի ճառագայթ էլ չկա: Ո՞ւմ արեւով ես ուզում երդվեմ, որ հավատաս. ասում է: Բայց կարելի՞ է ամբողջ մի թաղամասի բնակչության առողջության համար նման բացատրություն տալ: Մենք երեխաների տեր ենք, հղի կանայք կան թաղամասում, իրենց բիզնեսի համար, բոլորիս բան ու գործը թողած՝ ընկել ենք դիմումներ գրելով: Լավ, մեր պաշտոնյաներին չի՞ հետաքրքրում մեր ժողովրդի էկոլոգիան, առողջությունը: Տներս ծախեմ, գնամ Ռուսաստա՞ն: Մոսկվայում արգելված է բնակելի տարածքում տեղադրելը, մտածում են մարդկանց առողջության մասին: Հետո էլ ասում են` ինչո՞ւ է արտագաղթ»,- ասում է Արթուր Սահակյանը: Ի դեպ, բնակիչների դիմումներին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը գրել է. «Երեւանի քաղաքապետին հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ Ռոստովյան 20 տան բակում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի բջջային ալեհավաք տեղադրելու աշխատանքները կասեցվել են»: Եթե հաշվի առնենք, որ Վարդաշեն 9 հասցեում առկա ալեհավաք-աշտարակի կառուցման համար նույնպես բացակայել են քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերն, ապա կարելի է արձանագրել, որ, այնուամենայնիվ, «Օրանժ-Տելեկոմը» սարքերի տեղադրման աշխատանքները մեկնարկելուց հետո է սկսել զբաղվել քաղաքաշինական թույլտվության հարցերով: ՀՀ Բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետ Ռ. Մանգասարյանն էլ ի պատասխան բնակիչների դիմում-բողոքի՝ տեղեկացրել է` «Մեր կողմից կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է հետեւյալը. Էրեբունի համայնքի Ռոստովյան փողոցի թիվ 20 տան բնակիչ Գ. Պետրոսյանը իր տան բակի սեփականաշնորհված հողատարածքից 25քմ հողատարածք վարձակալությամբ 10 տարի ժամկետով տրամադրել է «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ-ին` շարժական կապի բջջային կայան տեղակայելու եւ շահագործելու նպատակով: Քանի որ ներկայումս կայանը տեղադրված չէ, ուստի եւ չի կարող որեւէ վնասակար ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա: «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նրանք պարտավորվել են մեզ տրամադրել տեղադրվող կայանների տեխնիկական բնութագրերը եւ դրանց շահագործման ընթացքում հնարավոր ազդեցությունների նկարագրերը»: Ռոստովյան 20 հասցեի բնակիչները պնդում են, որ ընկերությունը շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախ պետք է բնակիչների ստորագրությունը ստանար, իսկ Էրեբունու թաղապետարանի ներկայացուցիչը հաստատելով բնակիչների դժգոհությունը՝ տեղեկացրել է` «Իրենք իրավունք չունեն կառուցելու, իսկ եթե փորձ անեն աշխատանքները վերսկսելու` ահազանգեք: Օրենքը ձեր կողմից է»: ՀՀ ԱՆ ՊՀՀՏ պետ Ա. Վանյանն ի պատասխան բնակիչների դիմումի` նշել է. «Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ Օրենքի 37-րդ հոդվածը, որի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է ապահովելու փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները` ԱՆ ՊՀՀՏ-ում կազմակերպվել է քննարկում` Երկաթուղայինների, Բուռնազյան եւ Ռոստովյան փողոցների բնակիչների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի լրիվությունը, օբյեկտիվ եւ բազմակողմանի իրականացումն ապահովելու նպատակով»: Այնուհետեւ տեսչության պետը տեղեկացրել է, որ ընկերության կողմից չի ներկայացվել նշյալ հասցեում տեղադրվող ալեհավաքի հաշվարկները, քանի որ այն դեռ չի տեղակայվել եւ շահագործվել: Ընկերությունը պարտավորվել է բնակիչներին տրամադրել հաշվարկը, հետագայում էլ` տեսչության եզրակացությունը, իսկ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված ՌՀԷՄՃ սանիտարական կանոնների եւ նորմերի պահանջների չհամապատասխանելու դեպքում ալեհավաքը կապամոնտաժվի: Ա. Վանյանը կարգադրել է` «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ ՀՀ ԱՆ ՊՀՀՏ ներկայացնել վերոնշյալ հասցեում տեղակայվող ալեհավաքի հաշվարկները, ալեհավաքի տեղակայումը եւ շահագործումն իրականացնել միայն ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության դրական եզրակացության առկայության պայմաններում: ՌՀ ԷՄՃ ինտենսիվության չափումները կատարել սահմանված կարգով ստուգաչափում անցած եւ ստուգման վերաբերյալ գործող վկայական ունեցող սարքերով»: