Պահանջվում է 150 միլիոն

06/07/2009

Տեղեկատվական եւ հեռահաղորդակցային ցանցը Հայաստանում արդիականացնելու համար 100-150 մլն դոլարի ներդրում է պահանջվում: Այս մասին ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ նշելով, որ դա հնարավոր է անել միայն պետական-մասնավոր համագործակցության միջոցով: Այդ նպատակով նախատեսվում է ընտրել միջազգային խորհրդատու, որը պետք է պետական-մասնավոր համագործակցության մոդել առաջարկի։ Դրա հիման վրա էլ Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր, այսպես կոչված, ինտերնետ-օպերատորի գաղափար: Նշենք նաեւ, որ այս նպատակին հասնելու համար ամենայն հավանականությամբ կօգտագործվեն Համաշխարհային բանկից եւ միջազգային մի շարք այլ կառույցներից ներգրավված միջոցների մի մասը։ Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս նոր տեխնոլոգիաներ են ներդրվում այդ դաշտում, որոնց միջոցով ընդամենը 1 լարով հնարավոր կլինի ապահովել ինտերնետ, հեռախոս եւ հեռուստացույց: Ինտերնետի եւ բջջային կապի մասին խոսել է նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ նշելով, որ դաշտում դեռեւս կարգավորման ենթակա խնդիրներ կան, օրինակ այն, որ Հայաստանը դեռ չունի կապի մասին օրենք: Չկա նաեւ լուրջ վիճակագրություն այն մասին, թե Հայաստանի բնակչության որ մասն է օգտվում ինտերնետից. եղած տվյալներն էլ հակասական են: Գ. Սարգսյանն առանձնացրել է հատկապես ինտերնետ-հասանելիության հետ կապված դեռ լուրջ խնդիրները մարզերում, որտեղ շատերը չգիտեն` ինչպես օգտվել ինտերնետից: Ինչ վերաբերում է բջջային ցանցին, ապա այստեղ որոշակի զարգացումներ կան՝ չնայած համաշխարհային ճգնաժամի ազդեցությանը։ Որպես օրինակ՝ Գ. Սարգսյանը նշել է, որ Հայաստանի բջջային շուկա մուտք գործող ֆրանսիական «Օրանժ տելեկոմը», որպես օպերատոր, չի հրաժարվում իր ներդրումային ծրագրերից: Մյուս 2 օպերատորները, նախարարի խոսքով, գուցե նախորդ տարվա այս ժամանակահատվածում իրականացվածի չափով չեն կատարում ներդրումներ, սակայն այս տարվա ընթացքում նույնպես որոշակի զարգացումներ ապահովում են, մատուցում նոր ծառայություններ: