Առաջին տիկնայք` աուտիզմով հիվանդ երեխաների դպրոցում

06/07/2009

Հայաստանի եւ Կիպրոսի Հանրապետությունների առաջին տիկինները` Ռիտա Սարգսյանը եւ Էլսի Խրիստոֆիասը, երեկ այցելել են Երեւանում գտնվող աուտիզմով հիվանդ երեխաների դպրոց: Դպրոց հաճախող յուրաքանչյուր երեխայի մատուցվում են անհատական ծառայություններ, որոնք հիմնված են լավագույն բուժման մեթոդ հանդիսացող «Կիրառական վարքային վերլուծության» սկզբունքների վրա: Վերլուծության հիմքում ընկած է այնպիսի ուսումնական փորձ, որը հետազոտում է վարքի ֆունկցիաները եւ առանձնահատուկ մեթոդներ ընտրում շեղումները շտկելու համար: Ըստ «Առաջինը երեխաներին» կազմակերպության տնօրեն Լիլիթ Աթաջանյանի` դպրոցի մասնագետները տարվա մեջ 3 անգամ վերապատրաստվում են ԱՄՆ-ից ՀՀ ժամանած մասնագետների օգնությամբ: «Մեզ մոտ երեխաներն անցկացնում են օրվա 7 ժամը, որի ընթացքում յուրաքանչյուր երեխայի հետ աշխատում է մեկ մասնագետ: Դասընթացները կենտրոնացվում են ոչ միայն հատուկ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու, այլեւ պրոբլեմատիկ վարքը շտկելու, արտասանական եւ հաղորդակցական ունակությունները զարգացնելու, ինչպես նաեւ՝ ինքնասպասարկման հմտություններ ուսուցանելու վրա»,- ասել է Լ. Աթաջանյանը: Նրա խոսքով, մասնագետներն օգնում են, որ ժամանակի ընթացքում երեխան ինքնուրույն դառնա եւ ինտեգրվի հասարակության մեջ: Այսօր դպրոցում սովորում է 20 երեխա, շենքի սահմանափակ տարածքի պատճառով հնարավոր չէ դասընթացներում ընդգրկել մեծ թվով երեխաներ: Լ. Աթաջանյանը նկատել է, որ ՀՀ-ում բազմաթիվ երեխաներ կան, որ նման դպրոցի կարիքն ունեն: Ի դեպ, Հայաստանի եւ Կիպրոսի առաջին տիկինների համար դպրոցում ֆիլմ է ցուցադրվել դասընթացներից մեկի` արտթերապիայի վերաբերյալ, իսկ վերջում նրանց են նվիրել երեխաների ձեռքի աշխատանքներից: