ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ: Մայր օրենքն այն հիմնական ուղենիշն է, որով մենք առաջնորդվում ենք մեր պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Իմ համոզմամբ` Սահմանադրության ուժը հիմնվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կամքի վրա, այն մարդկանց կամքի վրա, ովքեր պատրաստ են պաշտպանելու Հայոց պետականության զարգացման հիմքում դրված արժեքներն ու կենսաձեւը։ Սահմանադրությամբ հռչակված սկզբունքներն անկյունաքարային նշանակություն ունեն, որոնք կյանքի կոչելը մեր ողջ պետական քաղաքականության, իրավաստեղծ գործունեության եւ հասարակության գերագույն խնդիրը պետք է լինի: Այս ճանապարհով է միայն հնարավոր սահմանադրական հիմնարար արժեքները դարձնել ապրող իրողություն եւ երկրում ամրապնդել սահմանադրական ժողովրդավարություն»: