Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը եւ որպես խափանման միջոց 2 ամիս նախնական կալանք է սահմանել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ն.Փաշինյանի փաստաբաններից Արա Զաքարյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե այդ որոշումը վիճարկելու են Վերաքննիչ դատարանում: «Դեռ չենք հասցրել որոշմանն ամբողջությամբ ծանոթանալ, այն շատ ծավալուն է, որպեսզի կարծիք հայտնեմ: Որոշմանը ծանոթանալուց եւ բողոքը պատրաստելուց անմիջապես հետո մենք ասուլիս կհրավիրենք եւ հասարակությանը կտեղեկացնենք թե՛ դատարանի որոշման հիմքերի, թե՛ մեր վերաքննիչ բողոքում բերվելիք փաստարկների մասին: Դա կլինի եկող շաբաթ»,- ասել է Ա. Զաքարյանը: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ն Հայաստանի մասին ընդունած 1677 բանաձեւում ՀՀ իշխանություններին կոչ էր արել «Մարտի 1-ի» քրեական գործով հետախուզման մեջ գտնվողներին մինչեւ հուլիսի 31-ը ներկայանալուց հետո դատավարության ընթացքում չզրկել ազատությունից` նկատի ունենալով դատավճռի կայացումից հետո նրանց նկատմամբ համաներման կիրառման հնարավորությունը: