Միայն սահմանադրական ճանապարհով

03/07/2009

ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքին, ասել է, թե հանրահավաքում որպես նշանակալից իրադարձություն եղել է այն, որ ելույթներով հանդես են եկել ազատված քաղբանտարկյալները: «Նրանք իրենց ելույթներով ցույց տվեցին, որ իրենց պայքարի վճռականությունը չեն կորցրել եւ պայքարելու են մինչեւ վերջ»,- նշել է Ռ.Խաչատրյանը: Ասուլիսին հրավիրված ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ ասել է, որ հանրահավաքում իշխանությունների համար որեւէ արտառոց բան չի նկատվել: «Բոլոր հանրահավաքների ժամանակ հնչում են համարյա նույն ելույթները: Փաստորեն, ընդդիմությունը որդեգրել է այն սկզբունքը, թե ինչքան շատ իշխանություններին փնովեն, այնքան իրենք շատ են ժողովրդավար համարվելու»,- հավելել է նա: Նրա խոսքով, զարմանալին այն է, որ ընդդիմությունը համարում է, թե համաներումը տեղի է ունեցել իր պայքարի արդյունքում: «Ո՛չ, դա այդպես չէ, համաներում տրվել է շուրջ 2000 մարդու, որի մեջ մարտի 1-ի դեպքերի հետ կապված կալանավորված անձինք շատ քիչ էին»,- հավելել է նա: Ռ. Խաչատրյանի խոսքերով, համաներումը «հերթական համաներում» էր, որը լինում է յուրաքանչյուր երկրում: «Սակայն այն ուներ այլ ենթատեքստ: Դրա ապացույցն այն է, որ համաներումը տեղի ունեցավ ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանից առաջ, ինչը հնարավորություն տվեց խուսափել ԵԽ ԽՎ-ի կողմից Հայաստանի հանդեպ կտրուկ քայլերի կիրառմանը»,- մանրամասնել է նա: Ռ. Խաչատրյանը նշել է, որ ամեն ինչ արվելու է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար, եւ պայքարելու են, որ օր առաջ լինեն արտահերթ ընտրություններ: Նա մեկ անգամ եւս վերահաստատել է, որ պայքարելու են սահմանադրական ճանապարհով: