Պուտինը` ըստ Օբամայի

03/07/2009

«ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մեկ ոտքով կանգնած է անցյալում, մյուսով` ներկայում»,- նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա նշել է, որ ՌԴ կառավարության ղեկավարը մասամբ «վարում է գործերն այնպես, ինչպես նախկինում»: Ըստ ԱՄՆ նախագահի, Վլ. Պուտինի, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ իր հանդիպման նկպատակներից մեկը ցանկությունն է` հասկացնել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «սառը պատերազմի սկզբունքներով արդեն իրենց սպառել են»: Բ. Օբաման կարծում է, որ Վլ. Պուտինն այժմ էլ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանում: Ինչ վերաբերում է Դ.Մեդվեդեւի հետ համատեղ աշխատանքին, ապա Օբաման նշել է, որ «հարաբերությունները շատ լավ են», եւ հնարավոր է, որ երկու կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն միջուկային սպառազինությունների նվազեցման շուրջ: Հիշեցնենք, որ Օբամայի այցը Մոսկվա նախատեսված է հուլիսի 6-7-ը: Երկու երկրների նախագահների բանակցությունների ծրագիրը հիմնականում արդեն համաձայնեցված եւ հաստատված է: Ենթադրվում է, որ հուլիսի 6-ին Օբաման եւ Դ, Մեդվեդեւը բանակցություններ կանցկացնեն Կրեմլում, նախ` դեմ առ դեմ, այնուհետեւ` ընդլայնված կազմով: