Ծեծվածները` մեղադրյալնե՞ր

03/07/2009

Հուլիսի 1-ին Աբովյան փողոցում արտոնված հանրահավաքի մասին թռուցիկներ բաժանող Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդներին ծեծի ենթարկելու առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ միջադեպի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած 3 երիտասարդներից երկուսը կանչվել են Ոստիկանություն, որտեղ նրանց տեղեկացրել են, որ իրենց կասկածում են իշխանության, այսինքն` Ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

«Երեք տուժած երիտասարդներից երկուսը հրավիրվել են եւ նրանց ասել են, որ իրենք կասկածվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ընդ որում` 316-ի 2, այսինքն` կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Այնտեղ գիտեք ոնց է, նշել են, որ ծեծել են ոստիկաններին, եւ դիմել են փախուստի, այնինչ նկարներ կան, որ մարդիկ գետնին պառկած են, պատգարակի վրա: Ժամը, ասում են, 8:30 է տեղի ունեցել, երբ շտապօգնությունը եկել է 19:50-ին: Այսինքն, ամեն ինչ գլխիվայր շուռ տված է ներկայացվում: Ավելին, մեզ հաջողվեց ձեռք բերել ֆոտոները, որ մենք տեսանք, որ ճանապարհին նրանց անընդհատ հետեւել են: Այսինքն` փորձ է արվել հարմար պահի հարձակվել»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Նրա խոսքով, երիտասարդներից բարձրախոսը խլել ցանկացած քաղաքացիական հագուստով անձինք որեւէ կերպ չեն ներկայացել եւ չեն ներկայացրել որեւէ պահանջ: «Եթե ձեզ, գալիս են, առանց ներկայանալու փորձում են ձեզնից խլել միկրոֆոնը, դուք ի՞նչ եք անում: Եթե ձեզ հարվածում են զենքի խզակոթովգ Որեւէ մեկը չի ներկայացել որպես ոստիկան, որեւէ մի պահանջ չի դրվել: Եղել է անակնկալ հարձակում, փորձել են խլել բարձրախոսները եւ սկսել են հարվածներ տեղալ: Ընդ որում` հարվածներ են տեղացել նաեւ երիտասարդ աղջիկներ վրա: Եվ ես կարծում եմ, որ մենք մեր տղաներից նաեւ շնորհակալ պետք է լինենք»,- ասաց նա` հավելելով, թե հիմա Ոստիկանությունը ծեծվածներին փորձում է ներգրավել գործում որպես մեղադրյալներ, իսկ նրանց ծեծողներին` որպես տուժածներ: Հարցին, թե` ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 2-ի հանրահավաքում չանդրադարձավ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես՝ ՀՅԴ-ի հետ գործակցելու եւ հայտնի 12 կետանոց պլատֆորմին, Ա. Մուսինյանը պատասխանեց, թե պատճառը հանրահավաքի օրակարգն է եղել, եւ որ հանրահավաքի նպատակը քաղբանտարկյալների եւ քաղաքացիների շփումն ապահովելն էր: Ավելին, ըստ Մուսինյանի` ՀԱԿ-ը որեւէ մեկի հետ միավորվելու խնդիր չի դրել իր առջեւ: Ըստ նրա` դրվել են 12 կետեր, որոնց շուրջ պատրաստ են գործակցել բոլորի հետ: «Եվ եթե կա քաղաքական ուժ, որը 12 կետից որեւէ մեկում մեզ հետ ունի լիակատար համաձայնություն, դառնում է մեր բնական դաշնակից: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի կարծիքին, ես կարծում եմ, որ դրանք դեռեւս չեն հնչում որպես կուսակցության ամբողջական պաշտոնական կարծիք: Եղել են ՀՅԴ տարբեր ներկայացուցիչների կողմից արտահայտված կարծիքներ եւ արձագանքներ, որոնք, իհարկե, ունեն նրբերանգային տարբերություններ, բայց ավելի ճիշտ կլիներ ունենալ ՀՅԴ պաշտոնական մոտեցումը այդ հարցի վերաբերյալ, որից հետո հնարավոր կլիներ մեկնաբանել»,- ասաց Մուսինյանը:

Անդրադառնալով հանրահավաքի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարողի անձին, Ա. Մուսինյանն ասաց, թե նա եղել է «Սասուն» ջոկատի ազատամարտիկներից, ով ցանկանում էր դիմել այդ քայլին հանուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի ազատության: «Բայց ցույցի մասնակիցները սկզբում ուղղակի չեն հասկացել, թե ով է նա, եւ դրա համար տեղի է ունեցել տարընկալում, որից հետո, սակայն, ամեն ինչ հարթվել է, եւ մարդն ուղղակի հեռացել է»,- ասաց ՀԱԿ մամլո խոսնակը: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի հանրահավաքից առաջ մի տղամարդ իր վրա բենզին էր լցրել եւ փորձել էր ինքնահրկիզվել:

Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, ապա Ա. Մուսինյանն ասաց. «Ես ձեզ կոչ կանեի ավելի ուշադիր հետեւել այս գործընթացին` հատկապես հուլիս ամսվա առաջին կեսին: Մենք շատ ուշադիր հետեւելու ենք եւ որեւէ աննպաստ զարգացման դեպքում անպայման արձագանքելու ենք: Նախագահ Տեր-Պետրոսյանն էլ նշեց, որ չի բացառվում, որ նույնիսկ հրավիրվի եւս մեկ արտահերթ հանրահավաք, որտեղ մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք հանրությանը եւ կճշգրտենք, թե աննպաստ զարգացումների դեպքում ի՞նչ մարտավարություն ենք որդեգրելու»: