Առաջընթա՞ց է արձանագրվելու

03/07/2009

«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ ամբողջությամբ աջակցում ենք ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը»,- երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կարճատեւ համատեղ ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսը: Ըստ նրա` Մոսկվայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ժամանակ առաջընթաց է արձանագրվելու: «Մենք պետք է ջանք չխնայենք մարդկանց կյանքը պահպանելու համար»,- ասել է նա: Դ. Բակոյանիսը ողջունել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված երկխոսությունը` այն գնահատելով «շատ նուրբ եւ զգայուն»: Հույն լրագրողներից մեկի հարցին, թե` 1915թ. Հայոց ցեղասպանությունն արդյոք խոչընդոտ չէ՞ հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման հարցում, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Թուրքիայի հետ ոչ միայն երկխոսություն, այլ լուրջ բանակցություններ են սկսվել: Դրանք սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերից եւ այս տարվա գարնանը մենք եկել ենք որոշ պայմանավորվածությունների` կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների: Գիտեք, որ նախկինում Թուրքիան պայմաններ էր դնում մեր առաջ՝ մեկը՝ կապված ԼՂ հիմնախնդրի, մյուսը` ցեղասպանության հետ: Հենց դա է եղել Թուրքիայի հետ պայմանավորվածությունը, եւ եկել ենք փոխադարձ ըմբռնման, որ առանց նախապայմանների ենք գնում հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը»: Ի դեպ, Է. Նալբանդյանը ողջունել է Թուրքիայի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե Հայաստանը հավատարիմ է մնում Թուրքիայի հետ ձեռք բերած պայմանավորվածություններին. «Եթե Թուրքիայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է արել, դա կարելի է միայն ողջունել: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններն այն են, որ պետք է բացել սահմանները ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ` առանց նախապայմանների: Եթե Թուրքիան պատրաստ է դրան, մենք պատրաստ ենք եւ Թուրքիայի կողմից սպասում ենք գործնական քայլերի»: