Այն, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի համար որպես խափանման միջոց է ընտրվելու կալանքը, պարզ էր դեռեւս հուլիսի երկուսին: Այդ օրը, երբ նշանակված էր Հայ Ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պիտի ընտրեր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը՝ կալանք կամ ստորագրություն՝ չբացակայելու մասին: Սակայն որոշման ընդունումը հետաձգվեց մեկ օրով։ Այս հետաձգումն ազդակ էր, որ Ն. Փաշինյանի համար, որպես խափանման միջոց, ընտրվելու է կալանքը: Իսկ վճռի հրապարակումը մեկ օր հետաձգելով՝ իշխանությունները, ենթադրաբար, չցանկացան գրգռել հանրահավաքի բազմահազար մասնակիցներին:
Թեեւ քաղբանտարկյալների՝ անազատության մեջ գտնվելը որոշակիորեն վառ էր պահում ընդդիմության կրակը, սակայն ակնհայտ էր, որ անգամ նրանց անազատության ընթացքում էլ ՀԱԿ-ի պայքարը աստիճանաբար պասիվանում էր: Դրա վկայությունն էին հանրահավաքների միջեւ երկարատեւ ընդմիջումները: Ընդդիմության առաջնորդն անգամ որոշում էր ընդունել ողջ ամառն անցկացնել առանց հրապարակային միջոցառումների՝ հանրահավաքների, երթերի՝ հանրահավաք նշանակելով միայն սեպտեմբերի կեսին: Սակայն համաներմամբ մեկուսարաններից ազատ արձակվեցին ընդդիմության անկյունաքարային դեմքերը՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Սմբատ Այվազյանը, Մյասնիկ Մալխասյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ այլք: Հայտարարվեց ընդդիմության շարքերի վերահամալրման մասին: Բայց եթե մի կողմից՝ ընդդիմությունը ակտիվացնում է ռեսուրսները` իր առաջնային գործը, այնուամենայնիվ, համարելով անազատության մեջ մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը, մյուս կողմից՝ ընդդիմության ներսում կա որոշակի անհամաձայնություն` որդեգրած մարտավարության թեմայով: Այդ մասին պարզ ասաց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հուլիսի երկուսին տեղի ունեցած հանրահավաքին. «Ցանկացած մեծ գործի իրականացման ճանապարհին ամենավտանգավորը ոչ թե բացահայտ հակառակորդներն են կամ սադրիչները, այլ համակիր ձեւացող այս տեսակի մարդիկ: Հակառակորդներն ու նրանց մոտիվները հայտնի են, իսկ սադրիչներին կարելի է չեզոքացնել, մինչդեռ համակիր ձեւացողները, «բարի մտադրություններով», Շարժումը քայքայում են ներսից` կասկածներ ու հուսալքություն սերմանելով մարդկանց հոգիներում»: Դժվար է ասել, թե կոնկրետ ում նկատի ուներ Տեր-Պետրոսյանը, եւ արդյո՞ք համակիր ձեւացողներն այնքան ազդեցիկ են, որ նրանց մասին խոսվում է հրապարակայնորեն եւ ՀԱԿ առաջնորդի շուրթերով:
Հասկանալի է, որ թեեւ հուլիսի երկուսի հանրահավաքի առանցքը համաներմամբ ազատ արձակված գործիչների ելույթներն էին, սակայն, այդուհանդերձ, հավաքվածները, ինչպես բոլոր հանրահավաքներին, սպասում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքին, քանի որ ընդդիմության բոլոր ազդեցիկ դեմքերն իրենց խոսքում հղում են անում բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա հեռատեսությանը: Ինչը չժխտեց ՀԱԿ առաջնորդը՝ մասնավորապես հիշեցնելով. «Շատերը փորձեցին շեղել մեզ պայքարի սահմանադրական ուղուց, շատերը մեղադրեցին մեզ անվճռականության մեջ, շատերը դրդեցին մեզ՝ դիմել անխոհեմ քայլերի՝ շուրջօրյա հանրահավաքների, անժամկետ նստացույցերի, պիկետների եւ այլն։ Խոստովանում եմ. Հեշտ չէր դիմանալ հոգեբանական այդ ճնշմանը, բայց, ի պատիվ ՀԱԿ ղեկավարության, մեզ հաջողվեց շրջանցել այդ խութերը: Դա, անշուշտ, հնարավոր չէր լինի, եթե համաժողովրդական շարժման ակտիվիստների եւ համակիրների մեծագույն մասը, հակառակ ոմանց նվնվոցների ու տրտունջների, չվստահեր Կոնգրեսի առաջնորդներին եւ անվերապահորեն հավանություն չտար նրանց վարած հավասարակշիռ քաղաքականությանը»:
Դատելով այն բանից, որ ընդհատակից օրերս դուրս եկած Ն. Փաշինյանը եւ իր հրապարակումներում, եւ ելույթներում եւս հորդորում էր ականջալուր լինել ՀԱԿ առաջնորդին, հետեւաբար նա եւս կողմ է պայքարի սահմանադրական, ոչ հեղափոխական ընթացքին։ Ի դեպ, ընդդիմության առաջնորդն, անդրադառնալով Ն. Փաշինյանի՝ իրավապահներին հանձնվելու որոշմանը, նկատեց. «Չի կարելի չհիանալ նաեւ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլով, ով երեկ կամովին ներկայացավ դատախազություն՝ պատրաստ լինելով կիսել դեռեւս բանտերում գտնվող իր ընկերների վիճակը եւ չվախենալով իրեն սպառնացող անարդար դատաստանից: Վստահ եմ, որ ժողովուրդը մեկ մարդու պես թիկունք կկանգնի իր ամենաարժանավոր զավակներից մեկին եւ հանգիստ չի գտնի՝ մինչեւ Նիկոլն ու մնացյալ քաղբանտարկյալները տուն չվերադառնան»:
Նիկոլ Փաշինյանին իշխանությունները որոշեցին առնվազն երկու ամսով ազատազրկել։ Ինքը՝ Ն. Փաշինյանը, հունիսի մեկին ներկայանալով իրավապահներին եւ պատասխանելով իր գործընկերների հարցերին, մեջբերեց Միքայել Հայրապետյանի այն միտքը, թե իր անձն ընկալվում է որպես ընդդիմության պայքարի փարոս։ Նա նաեւ նշեց, որ ինքը որոշում է կայացրել փոխել պայքարի աշխարհագրությունը՝ ընդհատակից տեղափոխվելով մեկուսարան։
Իսկ այն, որ նրա՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու փաստը ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հասարակությանն ավելի կհակի պայքարի, քան Ն. Փաշինյանի՝ ընդհատակում գտնվելու պարագան, ակնհայտ է։ «Հայկական Ժամանակի» խմբագրի անազատությունը ընդդիմության պայքարը կդարձնի ավելի առարկայական։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր արդեն ձանձրացել էին պայքարից՝ գտնելով, որ այն այլեւս արդյունք չի տալիս, գոնե շոշափելի, որ ընդդիմությունը զիջում է դիրքերը եւ այլն, այսուհետ հրապարակ կգնան ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը լսելու, այլ կոնկրետ պահանջով եւ ցանկությամբ՝ ազատ տեսնել Նիկոլ Փաշինյանին։
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ծավալված հանրահավաքային շարժման ընթացքում արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության առանցքային դեմքերից մեկն է։ Եվ թերեւս այն եզակիներից, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի բացակայության (հարգելի) դեպքում կարող է ղեկավարել շարժումը։ Եվ, ամենայն հավանականությամբ, նրա ունեցած ազդեցությունը հաշվի առնելով են դատարանում կայացրել կալանքի որոշումը: