Սուսաննան վաղուց ինքն իրեն սպանել է

03/07/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

36-ամյա Սուսաննայի մտքերը պարբերաբար մթագնում են, ու կյանքի ակնթարթները դժբախտ տեսարանների նման շարան-շարան անցնում են նրա աչքի առջեւ:

Հետո, երբ ծանր հիշողությունները «ծալում», խնամքով դնում է պահարանի մեջ` ուզում է ներկայի ու ապագայի ակնթարթները որսալ, բայցգ «Ոչ ներկա կա, ոչ էլ ապագագ անորոշ, դատարկություն է»,- ասում է նա ու շշուկով կիսում այն մտադրությունները, որոնք կանխելու համար ուժ է գտել, բայց դրանք իրենից ուժեղ են ու մի օր խեղդամահ են անելու իրեն: Ասում է` «Մի քանի անգամ ուզեցել եմ ինքնասպան լինել: Ինձ սպանելով մեջս ուժ գտա, բայց հասկանո՞ւմ ես` ելք չկա, ախր ապրելու ելք չկա: Ամենավատն էն ա, որ ինքնասպանություն չես գործել, բայցեւ ինքդ քեզ վաղուց սպանել ես»: Երկու երեխաների մայր երիտասարդ կինը հոգնել է ամեն ինչից: Այնքան է հոգնել, որ աչքերից անդադար հոսող արցունքներն անգամ չեն փոխում դեմքի արտահայտությունը: Ասում է` «Դու չգիտես՝ ինչ բան է սովըգ 10-15 օրով սոված ենք եղել, սովից աչքերս չէր փակվում, որ քնեի: Քնում էի, թե չէ` աչքիս առաջ հացի ավտո էի տեսնում: Երազումս հաց էի ուտում, իսկ երբ արթնանում էի` ուշագնաց էի լինումգ»: Հետո, երբ ուշագնաց էր լինում` բժիշկները սննդային, վիտամինային ներարկումներով Սուսաննային հետ էին բերում, բայց ամեն դեպքում երազում հաց բերող ավտոմեքենա էր տեսնում, իսկ վիտամինները հացի համ չունեին: Սուսաննայի վարձակալած սենյակում ոչ հեռուստացույց կա, ոչ էլ սառնարան, եւ առհասարակ 21-րդ դարը դեռ այս տարածք մուտք չի գործել, դրա համար էլ երիտասարդ կինն ապրում է իր անցյալի տեսարաններն ու հիշողություններն ամեն օր թարթելով ու ամեն օր դառնանալով: 40.000 դրամ վարձը չվճարելու համար շուտով փողոցում կապրեն: Դրսում գիշերելը նոր բան չէ նրանց կյանքում, քանի որ Սուսաննան ամուսնու ու երկու երեխաների հետ ուղիղ 10 օր ապրել է Էրեբունի հիվանդանոցի ետնամասի խոտերի մեջ: Ասում է` «Սալդատներ կային, մեզ խղճում էին, բերում մի կտոր հաց ու ջուր էին տալիս, որ չմեռնենք: Սթրեսներից հիվանդանոցի դռներն եմ ընկնում, էլ չեմ դիմանում: Ի՞նչ կլինի, հայտարարեք, թող մեզ հանրակացարանի մի նկուղ տան, մի խոզանոց, գոմ տան, թող զիբիլանոց տան, որտեղ 4 պատ կլինի: Ես իմ ձեռքերով ամիսներով, տարիներով կմաքրեմ, կապրենք: Մենակ թե մի բուն տան, էլ չենք կարողանում ապրենք»: Սուսաննան տարիներ առաջ ծանր վիրահատություն է տարել: Ծննդաբերությունից առաջ պարզվել է, որ երեխան երեք ամիս փորում մահացած է եղել: Վիրահատության ժամանակ դոնորի կարիք է եղել եւ Վանաձորում բնակվող թոշակառու ծնողները եկել են աղջկա մոտ: «Արյուն տալու ժամանակ բոլորը փսփսում, ինչ-որ բաներ էին խոսում: Հետո, երբ վիճակս մի քիչ լավացավ` ինձ պատմեցին, որ ես մանկատան որբ եմ եղել: Դարձել եմ հասուն կին` նոր իմանում եմ, որ նրանք իմ արյունակից ծնողները չեն, որդեգրել են ինձ: Շատ տառապեցի, բայց շնորհակալ եմ, որ ինձ պահել-մեծացրել են»,- ասում է Սուսաննան, ում հոր մոտ վերջերս շարժական ուռուցք են հայտնաբերել, իսկ մայրն արդեն քանի տարի չարորակ ուռուցքով հիվանդ է: Երկու երեխաներն այժմ ապրում են Վանաձորում` Սուսաննայի ծնողների տանը, քանի որ խնամում են նրանց: Ասում է` «Էստեղ չենք էլ կարողանում պահենք երեխեքին, ուղարկել եմ էնտեղ, որ սովից չմեռնեն: Ես հիմա աշխատում եմ մի օբյեկտում, որպես հավաքարար: Երեք օրը մեկ ավլում, աման եմ լվանում, արդուկ եմ անում ու ստանում եմ 2000 դրամ: Ամուսինս, եթե գործ պատահի` բետոն ա թափում, բանվորություն ա անում, բայց հիմա փող չեն տալիս, ուր գնում ա, ասում են` կրիզիս ա, փող չկա»: Երեք օրը մեկ 2000 դրամ ստացող Սուսաննայի համար սենյակի վարձ տալն իսկական տառապանք է, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում են փողոցներում: Երեխաները գերազանց գնահատականներով են դպրոցում սովորում ու ամեն գիշեր լաց են լինում, որովհետեւ աղքատության պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու փորձ անգամ անելու հնարավորություն չունեն: «Աղջիկս ամեն գիշեր լացում, տառապում ա, թե` մամա, ես պիտի սովորեմ, մարդ դառնամ: Ես չեմ ուզում առանց կրթություն ստանալու, անգրագետ մնամ: Դպրոցում տնօրենին խնդրում եմ, որ գոնե գրքերի գումարը զեղչ անի, բայց դպրոցն ավարտելուց հետո ոչինչ չեմ կարող անել»,- ասում է Սուսաննան, ով ներկայումս հանգրվանել է Նոր Արեշ, Դիմիտրով փողոցի, 3-րդ նրբանցքի 14 տանը, որի տանտերը վարձով սենյակ է հատկացրել: Մռայլ սենյակի դատարկությունը կարծես Սուսաննայի ներաշխարհի արտացոլանքը լինի: Բանտախցի պես գորշ ու անգույն մթնոլորտը հարեւանի պես բնակություն է հաստատել Սուսաննայենց սենյակում: Սուսաննան ինքն իր հետ չի հաշտվում, բայց մեծահոգաբար ու գրկաբաց հաշտվել է դատարկություն կոչվող երեւույթի` հարեւանի հետ: Անդադար խոսում, խոսում էգ Նյարդայնանում, լաց է լինում: Հարցնում եմ` «Ինչո՞ւ էիք ուզում ինձ հետ հանդիպել, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել»: Անակնկալի եկած պատասխանում է` «Եսիմ, չգիտեմ, էնքան բան կա ասելու, կիսվելուգ Շտապում ես, հա՞գ Ես էլ չգիտեմ, բայց խնդրում եմ` մի բան արե՛ք, թող իմանան, որ էլ չեմ կարող ապրել: Թող մի բուն տան, մի զիբիլանոց, պադվալ տան ապրենք: 15 տարի դրսում, փողոցներում, վարձով տներումգ էլ ուժ չկա դիմանալու: Առաջ ասում էին` աշխատե՛ք, բնակարան ստացեք: Հիմա բնակարան գնելը հեքիաթ ա, բայց էսպես ապրելն էլ` դժոխք: Վարձը տալիս ենք` սոված ենք մնում, սոված չենք մնում, հաց ենք առնում` վարձ չենք կարողանում տալ` շպրտում են փողոց: Չենք գտնում ապրելու ձեւը: Դու հիմա մեր մասին ամեն ինչ գիտես, ասա՛, խնդրում եմ` կարո՞ղ ա ապրելու ձեւ կա, բայց չենք գտնում»:

Սուսաննան լավ մայր է, բայց կյանքի դժվարություններից հոգնած` պարբերաբար մտմտում է ինքնասպանություն գործելու մասին: Թեեւ վաղուց արդեն ինքն իրեն սպանել է, բայց ֆիզիկական գոյությունը պահպանել է հանուն երկու երեխաների: Այլեւս հոգնել է,,,