Կարեւորը եղանակն է

03/07/2009

ՀՀ Մշակույթի նախարարության վերջին տարիների գործելաոճը նմանվել է ամեն պատեհ եւ անպատեհ առիթներով սեփական նախաձեռնությունը փառաբանողներին խթանող մի կառույցի, ինչը հիշեցնում է խորհրդային տարիները, երբ բոլորը միաբերան պետք է ասեին` կեցցե՜ այս կամ այն մարդը, այս կամ այն միջոցառումը:

Միջոցառումային քաղաքականությունը միշտ էլ ողջունելի է, քանի որ այն լուրջ վերլուծությունների կամ նպատակային ծրագրերի հետ կապ չունի: Այն սոսկ միջոցառում է, եւ նրա ուժը հենց նրանում է, որ այն նախապատմություն ու հետեւանք ունենալ չի կարող: Նրանով կարելի է միայն հիանալ ու ձգտել նրա մասնակիցը դառնալ` հասկանալով, որ ամենաքաղցր պտուղները նման միջոցառումներն են խոստանում: Այդպես եղավ «Սպարտակ» բալետի դեպքում, երբ բոլորը հիացան (մի թերթ, օրինակ, այն «արվեստաբեր ծիծեռնակ» անվանեց), սակայն բալետի պրեմիերան անցավ-գնաց, եւ այն, ինչը հիմա ցուցադրվում է, իրենից շատ խղճուկ տեսարան է ներկայացնում, էլ ուր մնաց արվեստաբեր հետեւանքներ թողներգ Իսկ վերջերս, օրինակ, Հայաստանի Պարի պետական անսամբլը տոնում էր իր 50-ամյակը, եւ բոլոր ելույթ ունեցողները փառաբանում էին նախարարի խելամիտ ու բարյացակամ մոտեցումը, ընդգծում էին նրա հեռատես քաղաքականությունն ու մարդկային կեցվածքը: Իհարկե, դա անելը պարտադիր չէր, սակայն տարբեր առիթներով տարբեր «հուշարարներ» ասել էին, որ դա թեեւ պարտադիր չէ, սակայն, անկասկած, խրախուսելի է: Դե, բոլորն էլ փառաբանում էին. մեր օրերում չգրված օրենքները ամենալուրջ օրենքներն են: Երեւի պետք էր ենթադրել, որ հենց նախարարության աշխատակազմին դա պետք է դուր չգար, քանի որ գովեստի խոսքերը չափն անցնում էին ու որպես պարզորոշ հակագովազդ էին ընկալվում: Չարաշահումներն այդ դեպքում կարող են միայն բարոյականության ոլորտում լինել, բայց թե բարոյականությունն այնպիսի հեղհեղուկ մի բան է, որի վրա չարժե ուշադրություն դարձնել, քանի որ դա ոչ ոք ոչ տեսել է, ոչ էլ շոշափել է: Շահումներն ու չարաշահումները կարող են ֆինանսների հարցում լինել: Դրանք եղան, սակայն դրանց մասին՝ հետո:

Մշակույթի նախարարությունը նախընտրում է ոչ թե մշակույթի, այլ հենց նախարարության գովազդն անել: Իսկ այդ պարագայում չափը լիմիտ չունի, այն անսպառ է ու կարող է տարբեր փոխակերպումներ ձեռք բերել: Օրինակ, ամեն բան համակարգել «յուրայինների» սկզբունքով ու հնարավորություն տալ, որպեսզի փառաբանող «յուրայինները» նախարարության բարեհաճության համար հերթ կանգնեն: Եվ հերթերն ի ուրախություն նախարարության կորիզի` արդեն գոյանում են: Իսկ այն մարդիկ, որոնք նախարարության մեջ են, սակայն «յուրային» չեն, դանդաղ ու անկասելի է նախարարության շենքից դուրս են մղվում: Եվ դա անում են ինքնակամ, համենայնդեպս, աշխատանքից հեռացված փոխանախարարներ Գագիկ Գյուրջյանը եւ Կարինե Խոդիկյանը իրենց հեռանալու փաստը մեկնաբանելու ցանկություն չեն ունեցել: Ասվել է միայն անհամատեղելիության մասին, իսկ այդ ձեւակերպումը առավել հատուկ է ընտանեկան հարաբերություններին: Աշխատանքից հեռացած փոխնախարարները, նաեւ` այլ կառավարիչները կարող են լավ կամ վատ մասնագետ լինել, դա նշանակություն չունի, նշանակություն ունի միայն նախարարի հետ մտերիմ լինելու փաստը: Այդ մոդելը նորություն չէ ու ստուգման հաջող շրջան է անցել: Ցանկացած ոլորտում էլ այդպես է. «սայլին» մտերիմ մարդիկ են կցվում, եւ սայլը բարեհաջող տեղում է մնում: Եվ փառաբանվում է հենց այդ տեղում մնալը: Կարելի էր սպասել, որ նախարարության նախկին աշխատակիցները հրապարակային մեկնաբանություն կտան: Գագիկ Գյուրջյանը, ով վերջերս վարչապետի հրամանով հեռացվեց աշխատանքից, ասել է, որ իր աշխատանքի ընթացքում շատ բաներ են եղել, որոնցից նա անտեղյակ է: Մեր աղբյուրների պնդմամբ` նրա լիազորությունները բավականին «սեղմվել» ու քչացել էին, քանի որ նա այնքան էլ մտերիմ «յուրային» չէր համարվում: Իսկ դրանից հետո նախարարությունում ֆինանսական հարցերին վերաբերող ցնցումներ եղան:

Հունիսի 30-ին Հայաստանի Վերահսկիչ պալատը ներկայացրեց Մշակույթի նախարարությունում 2007-2008 թթ. անցկացված ստուգումների արդյունքները: Գումարների անհետացում է արձանագրվել նախարարության կից գործող ՊՈԱԿ-ներից` 24 մլն դրամի, պահուստային ֆոնդից` 61,4 մլն դրամի, հուշարձանների պահպանության ծրագրի իրականացման ընթացքում՝ 118,5 մլն դրամի չափով: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վստահեցրել է, որ արդեն սկսվել է այդ գումարների հավաքագրման ու պետական բյուջե վերադարձնելու գործընթացը: Ըստ նրա` ամենացայտուն խախտումները նկատվել են հուշարձանների վերականգնման ծրագրերում: Ասուլիսում Ի. Զաքարյանը հուշարձանների վերականգնման արդյունքը «այլանդակ» է գնահատել ու որպես ապացույց՝ ցուցադրել է արված աշխատանքների լուսանկարները: Ովքեր վերջին մի քանի տարիներին եղել են հուշարձանների-եկեղեցիների մոտ, հաստատ նկատել են, թե ինչպես են ավերվել-եվրոռեմոնտի ենթարկվել մեր ազգային արժեքները: Նույնիսկ զբոսաշրջիկներն են այդ փաստից ապշում: Դա ոչ միայն ֆինանսական, այլեւ բարոյական վնաս է: Անարդյունավետ ծախս է համարվել պետպատվերի շրջանակներում 500 անուն գրքերի տպագրումը, որոնց ողջ տպաքանակները փտում են պահեստներում: Հետո էլ ասում են` ժողովուրդը չի ընթերցում. ի՞նչ ընթերցեն, այդ գրքերը պահանջարկ չունեն եւ չեն կարող ունենալ: Պարզվել է նաեւ, որ նախարարության իրավական ակտերը կազմելու համար 19 մլն 960 դրամի գումար է փոխանցվել Վիրջինյան կղզիներում գտնվող մի ընկերության, որը զբաղվում է ապահովագրման գործերով:

Ֆինանսական չարաշահումների արձանագրման փաստից հետո նախարարությունն առ այսօր ոչ մի պաշտոնական բացատրություն չի տվել: Հնարավոր է, որ երբեք էլ դա չի անի: Վստահությամբ կարելի է պնդել նաեւ, որ գումարների բաշխման եղանակն էլ փոփոխությունների չի ենթարկվի` կտպագրվեն գրքեր, որոնք ոչ մեկին պետք չեն լինի, եւ դրանք կփտեն նկուղներում, բալետներ ու օպերաներ կբեմադրվեն, որոնք ոչ մի հեռանկար չեն, բացի արվեստի այդ ճյուղերում, հուշարձանների վերականգնման պատրանք կստեղծվի, ու առավել զգալի ֆինանսական լծակներ կտրվենգ դե, դուք ինքներդ գիտեք` թե ում:

Ալվառդ ՄՈՒՐԱԴՅԱՆ