ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը երեկվա նիստում ասել է, թե Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված մի շարք խախտումների հետ իրենք համաձայն չեն: «Հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնում հունիսի 30-ի Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում հանձնաժողովում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ հնչեցված մեկնաբանությունների եւ մեղադրանքների կապակցությամբ»,- ասել է նա: Նաեւ հայտարարել է, թե մոտ օրերս հանձնաժողովը պաշտոնական հաղորդագրություն կհրապարակի, որտեղ «հավաստի տվյալներ» կներկայացնի Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ:
ՎՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, այսպես ասած` նեղվածության պատճառն ընդամենը տերմինների մեջ է, եւ հանձնաժողովը թվերի հետ կապված կարծես թե տարակարծություններ չունի: Խնդիրը պարզապես կայանում է նրանում, որ հանձնաժողովը գտնում է, որ այդ գումարները ոչ թե մուտքագրված չեն, այլ` թերգրանցված են: Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նախօրեին իր ասուլիսում հայտարարել էր Հանրային ծառայությունների հանձնաժողովի կողմից պետբյուջե չմուտքագրված 444 մլն դրամի մասին: