Դատը հետաձգել են

01/07/2009

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի գործով դատական նիստը: «Ա1+»-ի փոխանցմամբ` դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով եւ առանց Գ. Ոսկերչյանի: Ըստ դատավորի` ոստիկանական այն ստորաբաժանումը, որը պետք է դատարան բերեր Գրիգոր Ոսկերչյանին, լուծարվել է, ինչի մասին դատարանն իմացել է միայն դատական նիստից րոպեներ առաջ: Եվ, հաշվի առնելով այդ հանգամանքը, դատավորը դատը հետաձգեց մինչեւ հուլիսի 6-ը: Սակայն Գ. Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասել է, թե դատավորի անտեղյակ լինելու փաստն իր պաշտպանյալին դատարան չբերելու համար հիմք ծառայել չէր կարող: «Այդ համապատասխան ոստիկանական ստորաբաժանումը տեղյակ է եղել, որ Ոսկերչյանին պետք է բերեին դատարան: Լուծարվելու դեպքում իրենք պետք է այդ հարցն այնպես կարգավորեին, որ Ոսկերչյանի ներկայությունը դատարանում ապահովվեր»,- նշել է Մ. Շուշանյանը: Ի դեպ, երեկ դատարան էին գնացել նաեւ վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալները՝ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Սուրեն Սիրունյանը եւ Հովհաննես Հարությունյանը: