Երեկ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Աբովյան փողոցում Հայ Ազգային կոնգրեսի` հուլիսի 2-ի հանրահավաքի իրազեկումն իրականացնող երիտասարդների խմբի վրա է հարձակվել անհայտ անձանց մի խումբ (ըստ ականատեսների, ոստիկանության քաղաքացիական հագուստով ոստիկանության` ընդդիմության նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մասնագիտացած աշխատակիցներ), որոնցից ոմանք եղել են զինված: Հարձակման արդյունքում ՀԱԿ-ի երիտասարդ համակիրներ Սահակ Մուրադյանը, Հերբերտ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Երիտասարդներից Հերբերտ Գեւորգյանի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ քթի հատվածում, իսկ Սահակ Մուրադյանը ստացել է ուղեղի ցնցում: