«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանին դասել է կիսաավտորիտար երկրների շարքին: Կազմակերպությունը հետխորհրդային երկրների համար 2008 թվականը համարել է «մութ տարի ժողովրդավարության համար»: «Անցումային փուլի երկրները» անվանմամբ զեկույցում ընդգրկվել են 29 երկրներ, որոնց 2/3-ը անցած տարի հետընթաց է արձանագրել ժողովրդավարության բնագավառում: Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում տագնապալի իրավիճակը սրում են «խիստ խնդրահարույց ընտրությունները»: Իսկ Հայաստանի մասին առանձին նշված է, թե նախագահական ընտրությունները ուղեկցվել են հետընտրական բռնություններով, որոնց հետեւանքով մարդկային զոհեր են եղել:
«Freedom House»-ի փորձագետների վերլուծությունը կատարվել է 7 միավորանոց սանդղակի վրա հիմնված համակարգով, որտեղ 7-ը համարվում է ամենաբացասական գնահատականը: Հայաստանը ստացել է 5,39 միավոր: «Հայաստանը կիսաավտորիտար երկիր է, եւ այս արդյունքը անցյալ տարվա համեմատությամբ չի փոխվել: Այս խմբում են Հայաստանը, Կոսովոն եւ Մոլդովան: Կիսաավտորիտար ռեժիմով են բնութագրվում այն երկրները, որոնք փորձում են քողարկել ավտորիտարիզմը ժողովրդավարության հանդեպ սահմանափակ հարգանքով: Իսկ ընտրական գործընթացն այս երկրներում նույնիսկ նվազագույն չափով չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»,- ասել է զեկույցի խմբագիր Լիզա Մութսը:
Զեկույցի հեղինակները հատուկ անդրադարձել են այն հանգամանքին, որ ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների գնահատականները հայաստանյան ընտրությունների վերաբերյալ շատ մեղմ են եղել: «Ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի նկատմամբ ստանձնած պարտականություններին եւ չափանիշներին համաձայն» գնահատականը համարվել է չափազանցված: «Միջազգային դիտորդների կողմից արված մի շարք հետընտրական հայտարարությունները կասկածելի են կամ նույնիսկ մոլորեցնող»,- ասված է զեկույցում:
«Եթե միջազգային դիտորդները նախագահական ընտրություններից հետո, ընտրախախտումների վերաբերյալ ստացված բազմաթիվ փաստերի, ընդդիմության ու իշխանության բախումների եւ մարտի 1-ի ֆոնին հայտարարում են, որ հայաստանյան ընտրությունները համապատասխանում են Եվրոպայի խորհրդի հիմնական չափանիշներին, ուրեմն` մի բան սխալ է»,- ավելացրել է «Freedom House»-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովը:
Հիշեցնենք, որ «Freedom House»-ի հունվարյան զեկույցում Հայաստանում ժողովրդավարության վիճակը ստացել էր 6 գնահատականը, մեր երկիրը համարվել էր «մասամբ ազատ երկիր»: Այսինքն` այս ընթացքում Հայաստանը մոտ 0.5 տոկոսով առաջընթաց է արձանագրել, ինչը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը համարում է «լավ»: «Հունվարին համարել էր ավտորիտար, հիմա եթե կես բալ առաջ է տարել, դա լավ է` կիսաազատ է»,- ասաց Ռ.Պետրոսյանը:
Հիշեցնենք նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր գնահատականներում ավելի խիստ է եղել: Նա իր տարեկան զեկույցում Հայաստանի ներկա քաղաքական համակարգը անվանել է ավտորիտար: ՀՀ օմբուդսմենը գոյություն ունեցող «ռեպրեսիվ» հիմնասյուներ է համարել Դատախազությանն ու Հատուկ քննչական ծառայությանը: Ավելացնենք, որ 6 միավորի շեմն անցնող երկրներին «Freedom House»-ը համարել է ամբողջովին ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներ: Այս տարի այդպիսի երկրների թիվն աճել է` 6-ից հասնելով 8-ի: Այդ ցուցակում առաջին անգամ ընդգրկվել են Ռուսաստանն ու Ղրղըզստանը: Մնացած 6 ավտորիտար երկրներն են Ադրբեջանը, որտեղ այս տարի ժողովրդավարության ամենամեծ անկումն է գրանցվել, Թուրքմենստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը: Փաստորեն, ժողովրդավարության առումով ամենածանրը Թուրքմենստանի վիճակն է, որը վատթարագույն ցուցանիշ համարվող 7 միավորից ստացել է 6,93-ը: Ամբողջովին ավտորիտար ռեժիմով բնութագրվող այս երկրներից հետո ամենավատ ցուցանիշն ունի Հայաստանը` 5,39 միավոր, եւ զեկույցում կիսաավտորիտար երկրների շարքում է: Այս գնահատականը, սակայն, «շատ մեղմ» է համարում ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: «Այդ գնահատանքի մեջ հուսադրող բան կա, որ կարող են մերոնք դուրս գալ այդ վիճակից, բայց անընդհատ կրկնվող հիվանդությունը բուժման հեռանկար չունի: Մեզ մոտ ոչ թե ժողովրդավարությունն է հիվանդ, այլ իշխանությունը: Եվ այն դեպքում, երբ իշխանությունը շատ լավ է զգում ոչ ժողովրդավար, ավտորիտար համակարգում, բնականաբար, հույս ունենալ, թե հիվանդը կլավանա, չի լավանա: Տվյալ դեպքում միայն ռադիկալ փոփոխությունն է, որ այդ գնահատականներից կարող է մեզ զերծ պահել` իշխանափոխություն` ուրիշ ելք չկա: Մինչեւ իշխանափոխություն չլինի, Հայաստանը չի կարողանա այդ վիճակից դուրս գալ, որովհետեւ դա այն նպաստավոր միջավայրն է, որտեղ իրենք բազմանում են: Այլ միջավայրում իրենք կչորանան, արեւի տակ իրենք կչորանան, իրենց ճահիճ է պետք»,- ասում է Ա.Մանուկյանը: