Երեկ Գլխավոր դատախազություն ներկայացած «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին:
Պատասխանելով հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի ներկայանալ այսօրվա հանրահավաքին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես, ճիշտն ասած, վաղվա հանրահավաքի մասին երկար եմ մտածել, բայց նաեւ կարող էր տպավորություն եւ շահարկում լինել, թե ես այդ քայլով փորձ եմ անում թաքնվել մեր բազմահազար կողմնակիցների թիկունքում: Մտքով իրենց հետ եմ, ես այս ընթացքում անընդհատ եղել եմ իրենց հետ: Չեմ ուզում գայթակղության տեղ թողնել, որ՝ եկավ բազմահազար մարդկանց հետեւը թաքնվեց: Ես չեմ թաքնվում: Ես իմիջիայլոց այս ընթացքում շատ վատ եմ զգացել բոլոր այն ձեւակերպումների կապակցությամբ, որտեղ ասվել է, թե ես իբր թաքնվում եմ: Ես չեմ թաքնվել, ես թաքնվելու խնդիր չեմ ունեցել եւ երբեք չեմ թաքնվելու: Ես ասել եմ, որ պայքարելու եմ մինչեւ վերջ, եւ կասկած չունեմ, որ մեր շարժումն ի վերջո հանգելու է հաղթական ավարտի»:
– Ի՞նչ կասես այն մարդկանց, ովքեր անվտանգությանդ համար մտավախություն ունեն:
– Ես հետեւյալը կասեմ, ես շատ շնորհակալ եմ, որ բազմաթիվ նամակներ, հորդորներ եմ ստացել մեր կողմնակիցներից, որոնք քննադատում են ինձ զուտ անվտանգության նկատառումներով, որ ես այս քայլին դիմում եմ: Բայց ես ուզում եմ ասել, իմ կարծիքով՝ քաղաքական գործիչը նա է, ով անհրաժեշտ պահի կարող է կայացնել դժվար որոշումներ, ինչ-որ տեղ սեփական կողմնակիցների եւ համախոհների համար ոչ այնքան հաճելի: Բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանրապես իմ անվտանգության հետ կապված որեւէ խնդիր ես չեմ տեսնում, ես հարցին նայում եմ քաղաքական պայքարի եւ քաղաքական տրամաբանության տեսակետից: Ես դա ասել եմ դեռեւս քաղաքականությամբ զբաղվել սկսելուց առաջ, ես ասել եմ, եթե քաղաքական գործիչը անհրաժեշտ է, որ զոհվի, հանուն գաղափարների, ուրեմն պետք է, որ ինքը զոհվի հանուն իր գաղափարների:
Ինձ կձերբակալեն, հետո կալանքի սանկցիա կտան, հետո կդատապարտեն հնարավորինս երկար տարիների ազատազրկման, բայց ես էլի եմ ասում, Միքայել Հայրապետյանը հոդված էր հրապարակել, որտեղ ասում էր, որ ես ինչ-որ առումով դրոշ եմ, փարոս եմ, չի կարելի, որ ես բանտում հայտնվեմ: Իմ սիրելի եղբորն ուզում եմ ասել, որ ես ուզում եմ փարոս լինել բանտում, եւ քանի դեռ ես բանտում եմ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանում կա օրինականության, ազատության խնդիր, եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի պետք է պայքարի հանուն այդ ազատության: Եթե ես սիմվոլ եմ, ուրեմն ես սիմվոլ եմ նաեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատության: Ես չեմ մեծամտանում: Քանի դեռ ես բանտում եմ, ուրեմն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատության համար պայքարելու բան ունի:
– Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում համաներմանը:
– Ես ասեմ, համաներումն իմ համար գործնական հարց է: Ինձ համար կարեւորը այն է, որ մեր պայքարի, իմ քսանից ավելի քաղբանտարկյալ ընկերներ հայտնվել են ազատության մեջ: Սա ինձ համար գերագույն արժեք է եւ, ընդ որում, ինձ հնարավորություն են տվել, որպեսզի ես հայտնվեմ այստեղ: Ես ուզում եմ ասել, երբ որ իրենք մնային բանտում, ես չէի կարող այս որոշումը կայացնել, որովհետեւ դա իսկապես հարված կլիներ մեր տասնյակ-հազարավոր կողմնակիցներին: Ինչ-որ առումով նրանց մոտ հուսահատություն կառաջանար, բայց հիմա նման խնդիր չկա: Ես ասում եմ, ես, քավ լիցի, խնդրում եմ՝ ինձ այդքան անլուրջ մի վերաբերվեք, որպեսզի ես կայացնեմ որոշումներ, որի հետ կապված զղջումներ ունենամ: Այս ընթացքում կայացրած ցանկացած որոշում, ցանկացած որոշման մեջ համոզված եմ, համոզված եմ, որ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ընթանում է, ամեն ինչ ընթանում է միակ հնարավոր ճանապարհով: Միակ ցավը, միակ ողբերգությունն այն է, որ մենք տասը զոհ ենք տվել: Եթե, հասկանում եք, ցանկացած զրկանք, ցանկացած կորուստ, որը վերականգնելի է, դա նորմալ է, բայց այն կորուստները, որը վերականգնելի չէ, դա ուղղակի ողբերգություն է: Ինձ համար եռակի, քառակի անձնական ողբերգություն է, եւ ես այսօր Գլխավոր դատախազության մուտքի մոտից ուզում եմ գլուխ խոնարհել մարտի 1-ի բոլոր տասը զոհերի հարազատներին, ուզում եմ դիմել բոլոր զոհերի հարազատներին, որ նրանք իմանան, որ մարդասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է, եւ ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ ցանկացած, բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ, առանց համաներման իրավունքի: Իմիջիայլոց, ես ձեզ ասեմ, որ ես այդ օրը շատ ելույթներ եմ ունեցել, հասկանում եք, որ ես ամբողջը անգիր չեմ կարող հիշել, բայց ուղղակի ցույց են տրվում, արտաբերվում են ֆրազներ, որ ես ուղղակի չէի կարող ասել: Դա այդ նույնն է, որ ձեզ հայտնի Մարիշ Բոզիկյան անուն-ազգանունով մարդը փորձում էր ապացուցել, որ ես հայտարարել եմ, որ, չգիտեմ հոգիս փառավորվեց, որ տեսա ոստիկաններին ծեծում եք: Ես այսօր ասում եմ, ցանկացած ոստիկան, ցանկացած ոստիկան փողոցում կանգնած, երբ որ ինքը տանը մենակ է, երբ որ ինքը մենակ է իր կնոջ, իր երեխաների հետ, ինքը համոզված է, որ մեր պայքարը արդարացի է: Ցանկացած ոստիկան, այդ թվում նաեւ՝ այն ոստիկանները, ովքեր մարտի 1-ին եղել են գործողությունների թատերաբեմում: Այդ թվում նաեւ՝ այն օպերատիվ աշխատողները, ովքեր տարուց ավելի հալածում են իմ ընտանիքի անդամներին, ամեն քայլը, ամեն քայլափոխը արձանագրվում է: Այդ մարդիկ համոզված են, որ մեր պայքարը արդարացի է: Չեն կարող ուղղակի համոզված չլինել: Որովհետեւ այդ մարդիկ ովքե՞ր են, այդ մարդիկ օդից չեն ընկել, մեր հարեւաններն են, մեր բարեկամներն են: Այդ ոստիկաններից, այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաներից բազմաթիվ մարդկանց ես անձամբ ճանաչում եմ, ես գիտեմ՝ իրենք ինչ են մտածում: Բայց այսօր Հայաստանի պրոբլեմն այն է, որ մարդիկ մտածում են մի բան, բարձրաձայնում են ուրիշ բան: Եվ իմ քաղաքական գործունեության խնդիրը ի վերջո հետեւյալն է, որ մենք ասենք այն, ինչ մտածում ենք: Ոչինչ, թող այս ասածի համար մեզ դատապարտեն, մեզ հետապնդեն, մեզ ունեզրկեն, մեզ բանտերը լցնեն, բայց մենք ի վերջո պետք է սովորենք ասել այն, ինչ մտածում ենք:
– Եղե՞լ է արդյոք պահ, որ մոտ են եղել քեզ բռնելու:
– Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցներին մի քանի անգամ թվացել է, թե իրենք շատ մոտիկ են ինձ ձերբակալելուն, բայց իրենք որեւէ շանս չեն ունեցել: Իրենց միակ շանսը այսօր էր, որ ես արդեն գալիս էի: Ոչ թե այն առումով, որ բավական մեծ թվով մարդիկ տեղյակ էին: Իմիջիայլոց, ես ուզում եմ ասել, որ այս 1 տարի երեք-չորս ամիսներն, ընդհատակյա, իմ կյանքի ամենալուսավոր հատվածն է: Բոլոր առումով, մարդկային առումով: Ես այս ընթացքում, շատ մարդկային արժեքներ կան, որոնք, երբ որ մենք դրսում ենք գտնվում, ամենօրյա շփումների մեջ մեզ թվում են, թե այդ արժեքները, մարդկային արժեքները կորսված են: Բայց այս ընթացքում ինձ օգնել են բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում ինձ հետ ծանոթ չեն եղել ուղղակի:
– Տեղեկություն ունե՞ս Խաչատուր Սուքիասյանից:
– Այդ հարցին թույլ տվեք չպատասխանել: