Այսօր 10-րդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Հայ Ազգային կոնգրեսին ու ՀՅԴ-ին` առաջարկելով համագործակցել 5 կետից բաղկացած իր պլատֆորմի շուրջ: ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել էին, թե կքննարկեն առաջարկությունը, բայց մինչեւ հիմա «Ժառանգությունը» ոչ մի պատասխան չի ստացել: «Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարեց, թե այս ամսվա մեջ կլինի իրենց պլատֆորմը: ՀԱԿ-ն էլ հայտարարել էր, թե կքննարկի, բայց դեռ արձագանք չկա»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Փաստորեն, եթե
ՀՅԴ-ն էլ իր պլատֆորմը ներկայացնի, ապա միմյանց համագործակցության կոչ անող այս երեք քաղաքական ուժերը միասին կունենան մեկական պլատֆորմ: Իսկ գուցե հնարավո՞ր կլինի 3 պլատֆորմները մեկտեղել եւ համագործակցության մեկ ընդհանուր ծրագիր կազմել: «Ես կարծում եմ, որ հատման կետեր կան, եւ հույս ունեմ, որ այդ համագործակցությունը կստացվի»,- կարծիք հայտնեց Ա.Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ավելի վաղ ներկայացրած իր պլատֆորմում իշխանափոխության եւ նախագահի հրաժարականի հստակ պահանջ էր առաջադրել, ինչը բացակայում է «Ժառանգության» ծրագրում եւ ինչը չկա ՀՅԴ-ի օրակարգում: Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր համագործակցությունը: Ընդ որում, ՀԱԿ-ը համարում է, որ այս երկու պահանջների իրականացման դեպքում հնարավոր կլինի իրականացնել իր ծրագրի մյուս 10 կետերը: «Որեւէ մեկս այս պահի դրությամբ չենք խոսի այն կետերի մասին, որոնց դեպքում կողմերի մոտ համընկնում չլինի: Մենք կփորձենք եղած պլատֆորմների մեջ գտնել այն կետերը, որոնց հիման վրա կարողանանք համագործակցել, եւ հետագայում եթե օրակարգ մշակվի, կնայենք նաեւ դրանց»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Իսկ հնարավո՞ր է, որ իր պլատֆորմի դրույթների շրջանակում «Ժառանգությունը» համագործակցի իշխանությունների հետ, հատկապես, երբ արտահերթ ընտրությունների ու նախագահի հրաժարականի հստակ պահանջ չի ներկայացրել: «Մենք ընդհանրապես միշտ բաց ենք եղել երկխոսության համար, բայց մինչ այժմ իշխանության կողմից չենք տեսել որեւէ նմանատիպ քայլ իրական բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Ամենավերջին քաղաքական պրոցեսը մայիսի 31-ին Երեւանի ավագանու խայտառակ ընտրություններն են եղել, որը ցույց տվեց, որ իշխանական դաշտի ներկայացուցիչները նմանատիպ քաղաքական կամք դեռեւս չունեն: Չեմ բացառում, եթե իրենց կողմից նմանատիպ քայլեր կլինեն, ես, բնականաբար, կողջունեմ, եթե իրենք իրական բարեփոխումների ուղղությամբ շարժվեն»,- ասաց պատգամավորը` ավելացնելով, թե առանց իշխանափոխության դժվար թե իրենց առաջ քաշված խնդիրները հնարավոր լինի լուծել:
Այնուամենայնիվ, իշխանություններին անընդհատ քննադատող «Ժառանգություն» կուսակցությունն ինչո՞ւ ընդդիմադիր ուժերին համագործակցելու իր առաջարկ-պլատֆորմում արտահերթ ընտրությունների եւ նախագահի հրաժարականի պահանջ չի ներկայացրել։ «Մենք կարծում ենք, որ համապարփակ առաջարկներ ենք ներկայացրել»,- ասաց Ա.Մարտիրոսյանը: