Հնգամյակի տխուր պատկերը

01/07/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ Ֆինանսների նախարարությունը 2 օր առաջ հրապարակեց պետբյուջեի կատարման ամփոփ բնութագիրը՝ 2009թ. հունվար-մայիս ամիսների համար։

Թվերն, իրոք, մտահոգիչ են։ Բյուջեի եկամուտները կազմել են 244.7 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.3%-ով կամ 37.5 մլրդ դրամով։

Հարկերն ու տուրքերը, որոնք կազմում են պետբյուջեի եկամուտների 77.4%-ը, ավելի նկատելի չափով են նվազել՝ 19.2%-ով կամ 45 միլիարդ դրամով։

Ինչպես նշված է ՀՀ ՖՆ հաղորդագրության մեջ, 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 189.3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 73.4%-ով կատարելով կիսամյակային ճշտված ծրագիրը եւ 25.9%-ով` տարեկան ծրագիրը: Առաջին կիսամյակում պետք է հավաքվի 257.9 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր։ Ստացվում է՝ պետությունը պետք է հուլիսի ընթացքում հավաքի 68.6 միլիարդ դրամ, որպեսզի կատարի կիսամյակային ծրագիրը։ Իսկ դա խելքին մոտ չէ, քանի որ անցած 5 ամիսների տվյալներով՝ ամսական միջինը հավաքագրվել են 37.8 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր։

Թվային այլ մանրամասների մեջ խորանալու անհրաժեշտություն չկա։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, թե տնտեսությունն ինչ վիճակում է գտնվում։ Ու այս ցուցանիշների ֆոնին առավել հասկանալի է դառնում, թե ինչու էր վարչապետ Տ. Սարգսյանը նախարարներին հորդորում օգնել Պետական եկամուտների կոմիտեին։ Սակայն՝ միայն հարկեր քամելով՝ տնտեսության վիճակը ավելի կծանրանա, եւ սա կառավարությունում նույնպես շատ լավ հասկանում են։ Կիսամյակային ու տարեկան ծրագրերն էլ միայն ներքին աղբյուրների, մասնավորապես՝ հարկերի ու տուրքերի միջոցով, հնարավոր չի լինելու կատարել։ Սա էլ երեւաց վարչապետի խոսքերից (կառավարության նախավերջին նիստի ժամանակ), երբ նա ասում էր, որ մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի կվատանան։

Եվ այդ դեպքում միակ փրկօղակը մնացին դրսից ներգրավված միջոցները։ Դրանք օգտագործվելու են թե՛ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, թե՛ տնտեսությունը խթանելու նպատակով։ Այս ֆոնին հասկանալի է դառնում, թե կառավարությունն ինչու էր ձգտում րոպե առաջ ստանալ վարկերը՝ թեկուզ ոչ այնքան բարենպաստ պայմաններով։ Հարկային մուտքերի անմխիթար ցուցանիշները փաստում են, որ եթե չլինեն դրսի փողերը, պետությունն ի վիճակի չի լինի վճարել թոշակներն ու բյուջետային աշխատողների աշխատավարձը։ Նման բան իշխանությունն, իհարկե, թույլ տալ չէր կարող, քանի որ մարդասիրական նկատառումներից բացի՝ դա հղի է նաեւ սոցիալական բունտի վտանգով։

Վերադառնանք վարկերին։ Շատերը քննադատում են կառավարության գործելաոճը՝ ասելով, որ չի կարելի սերունդներին պարտքային նման բեռի տակ գցել։ Սակայն ոլորտի մասնագետները պնդում են, որ Հայաստանի արտաքին պարտքի չափը թույլատրելի սահմանների մեջ է՝ անգամ մեծածավալ վարկերի ներգրավումից հետո։ Այս առումով ամեն ինչ նորմալ է։ Հանուն արդարության՝ նշենք նաեւ, որ ստեղծված իրավիճակում պետությունը այլ ելք չունի, քան դրսի փողերի հաշվին փորձել մեղմել տնտեսական ճգնաժամի ազդեցությունը։ Նման միջոցառումներ իրականացնում են անգամ Եվրամիության անդամ շատ երկրներ։

Իրականում խնդիրն այլ է՝ այդ փողերը նպատակին կծառայե՞ն, թե՞ ընդամենը կարճ ժամանակով կլուծեն ընթացիկ խնդիրները՝ ապագայում ավելի մեծ խնդիրների պատճառ դառնալով։ Եթե կառավարության ձեռնարկած քայլերն օգուտ չտան, կստացվի, որ միլիարդավոր դոլարներ են փոշիանալու, եւ պարտքերի բեռն ընկնելու է ապագա սերունդների ուսերին։

Իսկ ինչո՞ւ բավարար վստահություն չկա, որ կառավարությանը կհաջողվի երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Նախ նշենք, որ կառավարության ու նրա գործողությունների նկատմամբ հասարակության շրջանում գոյություն ունեցող կասկածի, թերահավատության մասին վկայում են նաեւ սոցհարցումները։ Օրինակ՝ «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» անցկացրված հարցման արդյունքներով՝ հարցվածների 60 տոկոսը գտնում է, որ կառավարությունը խեղաթյուրում է ճգնաժամին վերաբերող տեղեկությունները։ Ինչ վերաբերում է գործող իշխանությունների հանդեպ վերաբերմունքին՝ 34 տոկոսն անվստահություն է հայտնել, 4 տոկոսը` ատելություն, 27 տոկոսն` անտարբերություն։ Փաստորեն՝ բնակչության մեծամասնությունը չի վստահում կառավարությանը։ Սա շատ լուրջ խնդիր է, քանի որ առանց վստահության՝ կառավարության ցանկացած քայլ ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Վերադառնանք այն հարցին, թե ո՞րն է չհավատալու պատճառը։ Առավել շատ քննարկվողն ու ամենաակնհայտը հենց իր՝ կառավարության վերաբերմունքն էր ճգնաժամին սկզբնական շրջանում։ Անցյալ տարվա հոկտեմբերին Տ. Սարգսյանը հեգնանքով էր խոսում ճգնաժամի մասին, խորհուրդ տալիս լուրջ չվերաբերվել դրան եւ հավաստիացնում, որ այն չի ազդի Հայաստանի վրա։ Իսկ այսօր, ըստ վերը նշված հարցման, բնակչության միայն 8%-ն է նշել, որ ճգնաժամն իրենց վրա չի ազդել։ Փաստորեն՝ մնացած 92%-ը լուրջ հիմքեր ունի չհավատալու կառավարությանը։ Հակաճգնաժամային քայլերի հաջողությանը չհավատալու հիմքերից մեկն էլ այն է, որ հսկայածավալ միջոցներ են ուղղվում շինարարության ոլորտին։ Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունն աշխատում է առաջին հերթին փրկել իր շրջապատի մարդկանց պատկանող բիզնեսը։

Եվ վերջապես՝ ճգնաժամի վերաբերյալ մինչ այժմ հրապարակված միակ պաշտոնական «ծրագիրը» մնում է նախորդ տարվա վերջին վարչապետի ելույթը՝ ԱԺ-ում բյուջեն ներկայացնելու ժամանակ։ Իսկ դրանից հետո շատ բան է փոխվել՝ անգամ կառավարությունն է խոստովանել, որ դեպքերը զարգանում են կանխատեսվածից շատ ավելի վատ սցենարով։ Իսկ գործողությունների ֆորմալ հիմքը շարունակում է մնալ 9.2% աճ նախատեսող ծրագիրը։

Այս առումով ուշագրավ է հատկապես ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կեցվածքը։ Այս կառույցը, թվում է, պետք է ամենանախաձեռնողը լիներ, իրատեսական քայլեր առաջարկեր տնտեսությունը փրկելու համար՝ մի պահ մոռանալով նախկին՝ վեհաշուք ու տիեզերական մասշտաբների ծրագրերը։ Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարության կայքէջն այցելելով՝ կարելի է մտածել, որ այս կառույցի ղեկավարները զբաղված են միայն հյուրեր ընդունելով ու բարդ տերմիններով համեմված քննարկումների մասնակցելով։ Այնքան են զբաղված այդ «գործով», որ մի քանի ամիս շարունակ չեն կարողանում թարմացնել իրենց կայքէջի տվյալները, որտեղ նշված են 2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները՝ 10.4%-անոց տնտեսական աճով։ Չնայած, ո՞վ գիտի, միգուցե սա միտումնավոր է արված՝ հասարակությանը դրական ազդակներ հաղորդելու համար։ Իսկ դրական ազդակները, ինչպես գիտեք, հեռու են վանում ճգնաժամը՝ ինչպես հայտնի անեկդոտի ծափերը՝ կոկորդիլոսներին։