Հուլիսի 10-ին շահագործման կհանձնվի Արմավիր-Երեւան տակտային ուղեւորատար էլեկտրագնացքը: Երթեւեկության ընթացքը կկազմի ընդամենը 50 րոպե: Արմավիրից Երեւան հնարավոր կլինի հասնել՝ վճարելով ընդամենը 300 դրամ: Համաձայն չվացուցակի` Արմավիր-Երեւան տակտային էլեկտրագնացքը մեկնելու է օրական 4 անգամ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ` երեկ Արմավիր քաղաքում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հանդիպումը, որի ընթացքում ամփոփվել է դեռեւս մեկ ամիս առաջ ստեղծված համատեղ հանձնաժողովի աշխատանքը` ուղղված ներհանրապետական երկաթուղային հաղորդակցության զարգացմանը, եւ կայացվել է տակտային էլեկտրագնացքի` շահագործման հանձնելու որոշում: Մարզպետը տակտային էլեկտրագնացքի մեկնարկը շատ մեծ աջակցություն է համարել մարզի բնակչության համար:
«Մեր նպատակն է՝ ապահովել Հայաստանի մարզերի ու մայրաքաղաքի սերտացումն ու ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ՝ աջակցել բնակչության ու բիզնեսի ակտիվությանը: Դրա հետ մեկտեղ՝ մենք տարբեր լոգիստական օղակների միջոցով կաշխատենք ստեղծել Արմավիրում այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան հանրապետության գործարարներին իրենց գործունեությունը ծավալել հենց այս մարզում»,- ասել է Շեւքեթ Շայդուլինը: Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է, որին հանձնվել է «Հայկական երկաթուղի» ՓԲ ընկերության կոնցեսիոն կառավարումը: