«Բենթլիի» տերերը նեղն են ընկել
Համաշխարհային ճգնաժամը, ինչպես երեւում է, անգամ ամենահարուստ մարդկանց է ստիպում գնահատել ամեն կոպեկը։
Լոնդոնի արվարձաններից մեկում պարբերաբար կազմակերպվում է մի տոնավաճառ, որտեղ մարդիկ անմիջապես իրենց մեքենաների թափքի վրայից վաճառում են զանազան օգտագործված իրեր։ Լոնդոնյան «ավտոտոնավաճառը» մեծ պահանջարկ ունի բնակչության շրջանում։ Այստեղ վաճառվում են նկարներ, սպասք եւ այլ իրեր։ Մարդիկ հիմնականում այստեղ գալիս են հետաքրքիր հուշանվերներ գտնելու կամ շուկայականից ցածր գնով հագուստ գնելու համար։ Վերջին տոնավաճառի ժամանակ անգլիական «Daily Mail»-ի թղթակիցը հնոտիք վաճառողների մեջ զարմանքով նկատել է թանկարժեք «Bentley Continental» մեքենա։ Մեքենայի տերերը՝ երիտասարդ զույգը, վաճառքի էին հանել հայտնի ֆուտբոլիստներ Ուեյն Ռունիի եւ Ռիո Ֆերդինանդի մարզաշապիկները, ինչպես նաեւ՝ մի ամբողջ արկղ օգտագործված կոշիկներ։
Ջորջ Սորոսը վատատես է
Միացյալ Նահանգների տնտեսության մեջ լճացումը կշարունակվի: Այս անմխիթարական կանխատեսումը նախօրյակին հայտնել է ճանաչված միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նրա խոսքով, գնաճի հետ կապված երկյուղները կնպաստեն տոկոսադրույքների աճին, եւ վարկերի բարձր արժեքը կդառնա տնտեսական աճի գլխավոր արգելքը: Սորոսը նաեւ խոսել է շուկայի կարգավորման մասին, նշելով. «Մի կողմից՝ կարգավորիչներին չես նախանձի: Նրանք միշտ իրավացի չեն լինի, եւ այս պատճառով պետք է ըստ հնարավորին ավելի քիչ միջամտել ֆինանսական հիմնարկությունների գործունեությանը: Մյուս կողմից, ինքնակարգավորվող շուկաների հայեցակարգը սխալ է»: Նրա կարծիքով, կառավարությունները չեն կարող կանխել շուկայական պղպջակների առաջացումը, բայց կարող են փորձել վերահսկել դրանց ծավալումը: Ջորջ Սորոսը նաեւ ասել է, որ թեեւ ճգնաժամի ամենաբարդ շրջանն արդեն անցել է, բայց ներդրողները դրանից ոչ մի դաս չեն քաղել եւ շարունակում են հին ձեւով վարել գործերը: Սորոսն ինքը դասվում է այն քիչ թվով ֆինանսիստների թվին, ովքեր կարողացան ավելի քան մեկ միլիարդ դոլար վաստակել ճգնաժամի ժամանակ։
Թագուհուն պահելը թանկ է նստում
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին ավելի ու ավելի թանկ է նստում բրիտանացի հարկատուների վրա. անցյալ տարի նրան պահելու ծախսերն աճել են գրեթե 4 տոկոսով՝ մինչեւ 41,5 միլիոն ֆունտ ստեռլինգ, ասված է արքունիքի բյուջեի մասին հաշվետվության մեջ: Այսպիսով, յուրաքանչյուր բրիտանացի տարեկան 69 փենս է վճարում՝ Էլիզաբեթ Երկրորդին եւ նրա ընտանիքը պահելու համար: Մեկ տարի առաջ այս թիվը կազմում էր 66 փենս: Պետական կարիքների համար թագուհու ծախսերը ծածկվում են, այսպես կոչված, «գահաթերթով», որը կազմում է 7,9 միլիոն ֆունտ: Դրա մեջ են մտնում այցերի, պաշտոնական միջոցառումներին Էլիզաբեթի եւ նրա ամուսնու մասնակցության ծախսերը, արքունիքի ծառայողներին վճարումները: 2008-2009 ֆինանսական տարում արքունիքը հարկադրված էր օգտվելու պահուստի 6 միլիոն ֆունտից «գահաթերթի» գծով բոլոր ծախսերը ծածկելու համար: Թագավորական նստավայրերը պահելու համար պետական մասհանումները՝ տարեկան 15 միլիոն ֆունտի չափով, 2001 թվականից չեն փոխվել, թեեւ այդ ժամանակից ի վեր ծախսերը զգալիորեն աճել են գնաճի պատճառով:
Մեյդոֆին` 150 տարի
Աշխարհում խոշորագույն ֆինանսական «բուրգի» կազմակերպիչ ամերիկացի Բեռնարդ Մեյդոֆը դատապարտվել է 150 տարվա բանտարկության: Համապատասխան դատավճիռը կայացրել է Նյու Յորքի դատարանը: 71-ամյա Մեյդոֆն այս տարվա մարտին խոստովանել է իր մեղքը: Ըստ Դատախազության գնահատումների՝ նա ներդրողներին խաբել է մոտավորապես 50 միլիարդ դոլարի չափով: Դատապարտյալը գլխավորում էր «Բեռնարդ Մեյդոֆ ինվեստմենտ սեկյուրիտիզ» ընկերությունը, որը միջնորդական ծառայություններ էր մատուցում ֆոնդային շուկայի մասնակիցներին: Սակայն ընկերության հիմնական գործունեությանը զուգահեռ՝ նա ստեղծել էր մի ստորաբաժանում, որը կառավարում էր ունեւոր ներդրողների եւ հիմնադրամների կապիտալ ներդրումները: Ներդրումների արտասովոր բարձր շահութաբաժիններն այն փայատերերին, որոնք այս ստորաբաժանման հետ սկսել էին աշխատել մյուսներից շուտ, վճարվում էին այն միջոցների հաշվին, որոնք ավելի ուշ ընկերությանն էին փոխանցվում այլ դյուրահավատ ներդրողների կողմից:
Սթենֆորդի ակտիվները սառեցվել են
ԱՄՆ արդարադատության խնդրանքով՝ Մեծ Բրիտանիան սառեցրել է բոլոր այն ակտիվները, որոնք այս կամ այն կերպ կարող էին առնչություն ունենալ տեխասցի միլիարդատեր Ալեն Սթենֆորդի հետ։ Առանձնապես մեծ չափերի խարդախությունների դեմ պայքարի բրիտանական բյուրոյի (Serious Fraud Office) տնօրեն Ռիչարդ Էլդերմանն ասել է, որ ակտիվները սառեցնելու խնդրանքը բավարարվել էր դեռ այս տարվա ապրիլի 7-ին։ Սակայն որոշվել էր այդ մասին տեղեկատվությունը գաղտնի պահել, մինչեւ Սթենֆորդի ձերբակալությունը։ Հիշեցնենք, որ Stanford Financial (SFG) ֆինանսական խմբի հիմնադիր եւ ղեկավար Ալեն Սթենֆորդը ձերբակալվել է այս տարվա հունիսի 18-ին։ Հետաքննությունը պնդում է, որ նրա կողմից ստեղծված SFG-ն իրականում իրենից ներկայացնում էր ֆինանսական բուրգ, որի գործունեության արդյունքում տուժել են 6 հազար ներդրողներ՝ կորցնելով ընդհանուր առմամբ 7 միլիարդ դոլար։
SFG-ի գործով քննությունը սկսվել է 2009թ. փետրվարի կեսերից՝ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի կողմից։ Դրանից հետո սառեցվեցին նաեւ Stanford International բանկի հաշիվները Անտիգուայում եւ Բարբուդայում։ Իսկ հունիսի 30-ին դատարանը վճռեց, որ SFG-ի մասնավոր ներդրողները վերստին իրենց հաշիվները տնօրինելու թույլտվություն կստանան ամենաուշը օգոստոսի 3-ին։ Նշենք, որ եթե Սթենֆորդի դեմ ուղղված մեղադրանքներն ապացուցվեն, նա կարող է դատապարտվել մինչեւ 250 տարի ազատազրկման։
3.4 միլիարդի վնաս
Աշխարհի 60 խոշորագույն ավիաընկերություններն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ 3.4 միլիարդ դոլարի վնաս են կրել։ Այս մասին հաղորդում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին երեք ամիսներին այդ ընկերություններն ունեցել էին 405 միլիոն դոլարի շահույթ։ Ամենից շատ տուժել են եվրոպական ավիափոխադրողները, որոնց կորուստները գերազանցել են 2 միլիարդ դոլարը։ Հյուսիսամերիկյան ավիաընկերությունները կորցրել են 574 միլիոն դոլար, իսկ ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարաշրջանի ավիափոխադրողները՝ 822 միլիոն դոլար։
Բացասական ցուցանիշները պայմանավորված են ուղեւորափոխադրումների ծավալների էական նվազմամբ։ ՕՏՄԱ-ի տվյալներով, 2009թ. ընթացքում օդային փոխադրումների ծավալը կնվազի 15%-ով։
Նշենք նաեւ, որ Ասոցիացիայի կանխատեսումներով՝ այս տարի աշխարհի ավիաընկերությունների հասույթը կկրճատվի 80 միլիարդ դոլարով, իսկ վնասը կկազմի 9 միլիարդ դոլար՝ նախկինում կանխատեսված 4.7 միլիարդի փոխարեն։
«General Motors»-ը՝ ամենաաբսուրդային ընկերություն
«Fortune» ամսագիրը հրապարակել է 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում բիզնեսի աշխարհում տեղի ունեցած ամենաաբսուրդային իրադարձությունների ցուցակը։ Ցուցակում տեղ են գտել 17 ընկերություններ, իսկ առաջին տեղում հայտնվել է «General Motors»-ը։ Ահա թե ինչու։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս ընկերությանը 60 օր ժամանակ էր տվել՝ սնանկությունից խուսափելու համար։ Օբամայի հայտարարությունից ընդամենը 1 շաբաթ անց անդունդի առաջ հայտնված ընկերությունը, ի զարմանս շատերի, սկսեց գովազդել իր նոր երկտեղանոց մեքենան։ Ծիծաղելի տեսք ունեցող այս փոքրիկը աշխատում է PUMA մարտկոցով եւ մշակվել է Segway ընկերության հետ համատեղ։ Երկրորդ տեղում «Pepsi»-ն է՝ իր «Tropicana» հյութերով։ Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող այս ընկերությունը՝ «Arnell» խորհրդատվական ընկերության հետ միասին, սկսել է մի գովազդային արշավ, որի վրա ծախսել է 35 միլիոն դոլար։ Դրա շրջանակներում՝ փաթեթավորման դիզայնը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Սակայն, ի զարմանս ղեկավարների՝ սպառողները բողոք-նամակներով հեղեղել են ընկերության գրասենյակը՝ պահանջելով վերադարձնել հին դիզայնը։ Փաստորեն՝ 35 միլիոն դոլարը «գրվել է սառույցին»։ Երրորդ տեղում «Apple iPhone»-ն է՝ «մանկան օրորոց» կոչվող իր հեռախոսային խաղով։ Խաղը վաճառքում հայտնվեց ապրիլի 22-ին եւ առաքվում էր «iPhone App Store» ինտերնետ խանութի միջոցով։ Իմաստը հետեւյալն էր. հեռախոսի էկրանին հայտնվում էր լաց լինող մանկիկ, եւ հեռախոսի տերը պետք է այնքան ժամանակ օրորեր իր iPhone-ը, մինչեւ մանկիկը չդադարեր լաց լինելուց եւ նրա աչքերի վրա 2 կարմիր խաչեր չհայտնվեին։ 2 օրվա ընթացքում կատարվեց խաղի 1 միլիարդ բեռնավորում, ինչից հետո Apple-ը հանեց խաղը ինտերնետ-խանութից եւ ներողություն խնդրեց դրա հրապարակման համար։
20% տնտեսական անկում Ուկրաինայում
Ուկրաինայի Պետական վիճակագրական կոմիտեն վերջապես հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք բավականին տխուր են. երկրի ՀՆԱ-ն առաջին երեք ամիսների ընթացքում կրճատվել է 20.3%-ով։ ՀՆԱ-ի վերաբերյալ հաշվետվությունները սովորաբար հրապարակվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ Սակայն Ուկրաինայի Վիճակագրական կոմիտեն այս տարվա փետրվարին հայտարարեց, որ ՀՆԱ տվյալներն այսուհետ հրապարակելու է եռամսյակը մեկ։ Ուկրաինական ԶԼՄ-ներն այդ առումով գրում էին, որ իշխանությունները դիտավորյալ են ուշացնում վիճակագրական տվյալների հրապարակումը, որպեսզի թաքցնեն տնտեսության փլուզման փաստը։ Նշենք, սակայն, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն մայիսի վերջին հայտարարել էր 30%-անոց անկման մասին, որը պաշտոնական վիճակագրությունը չհաստատեց։ Ուկրաինայի տնտեսական անկումն ամենամեծն է տարածաշրջանում. համեմատության համար նշենք, որ նույն ժամանակաշրջանում Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 9.8%-ով, իսկ եվրոյի գոտում՝ 4.6%-ով։