ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ` նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Սեւանի հիմնախնդիրների համատեքստում անդրադարձ է եղել նաեւ «Սեւան» ազգային պարկ պետական ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության լրամշակված տարբերակին, որը ներկայացրել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ընթացքում առաջարկություններ ու դիտողություններ են հնչել «Սեւան» ազգային պարկի կառավարման խնդիրների, վերահսկողական գործառույթների վերաբերյալ: Խորհրդակցության մասնակիցներն անհրաժեշտ են համարել կատարվող աշխատանքներում որպես ելակետ ընդունել Սեւանի պահպանման խնդիրները: Կ. Կարապետյանը կարեւորել է Սեւանի խնդիրներով շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավումը եւ համագործակցված աշխատանքը: Կարեն Կարապետյանն առաջնահերթ է համարել Սեւանի ամբողջ ավազանի պատշաճ վերահսկողությունը, տարիների ընթացքում կուտակված խնդիրների վերհանումը եւ դրանց համապարփակ լուծումներ գտնելը: Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել հանձնաժողովի աշխատանքի մասին` նշելով, որ ՀՀ նախագահի կողմից տրված բոլոր հանձնարարականները ներառված են աշխատանքային ծրագրերում եւ դրված են գործողության մեջ: