«Դատողները թող մտածեն այս երկրի մասին»

01/07/2009

Քաղբանտարկյալ ազատամարտիկներ Սասուն Միքայելյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մկրտիչ Սափեյանը, Ժորա Սափեյանը, Հարություն Ուռուտյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սմբատ Այվազյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Հուսիկ Բաղդասարյանը եւ Վարդան Մալխասյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գործունեության վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով. «Հունիսի 24-ին ԵԽ ԽՎ լիագումար նիստում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձեւը: ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության իշխանամետ անդամները փորձել են ուղղումներ մտցնել այդ բանաձեւի մեջ: Շտկումների նպատակն է եղել վերջնականապես կոծկել 2008թ. մարտի 1-ին իշխանությունների, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի եւ ներկայումս այդ պաշտոնը բռնազավթած Սերժիկ Սարգսյանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարած ոճիրը: Դավիթ Հարությունյանի եւ նրա համախոհների այդ քայլերը վիժեցրել է ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զ. Փոստանջյանը: Իշխանության վայնասունը իրեն սպասել չտվեց: Պատճառաբանելով, որ Զ. Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակության երկու անդամ, հայրենի իշխանիկների ծախու գրչակները Ստրասբուրգից եւ Երեւանից սկսեցին վայրահաչել եւ մեզ հայրենասիրության դասեր տալ: Դուք չէ, որ պետք է ասեք, թե ով է Զ. Փոստանջյանը: Մենք, Արցախյան ազատամարտի մասնակիցներս, եւ ոչ միայն մենք, շատ լավ գիտենք, թե ով է փաստաբան, ժողովրդի եւ նրա լավագույն զավակների պաշտպան Զ. Փոստանջյանը: Այսօր հայրենասիրությունից սկսեցին խոսել նրանք, ովքեր լուռ համաձայնություն էին տվել եւ ստորագրել միջազգային այնպիսի փաստաթղթերի տակ, որով ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանին ճանաչել են օկուպանտ երկիր, իսկ ազատագրված տարածքները` օկուպացված, ովքեր Հայաստանը գրոշներով վաճառել են օտարին, ովքեր բարոյազուրկ են եւ անբարո իրենց կենցաղով, ովքեր վախկոտ են, ստորաքարշ եւ քծնող: Այսօր հայ ժողովուրդը պայքարում է օտար, Հային ոչ հարիր արժեհամակարգ պարտադրել ցանկացող իշխանիկների, նրանց կամակատարների, կրիմինալ տարրերի, Արցախյան ազատամարտի տարիներին «մկան ծակը փողով առած» եւ վախից կանանց փեշի տակը մտած, իսկ այսօր իշխանության բուրգի գագաթին հասած, մեզ հայրենասիրության դասեր տվող, «Հայրենասերին» եւ «Դավաճանին» զանազանող, հայ ժողովրդին կեղեքող, Հայաստան երկիրը օտարին հանձնող մարդուկների դեմ: Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այժմ հայ ժողովուրդը մասնակցում է Ազատագրական պատերազմի: Ազգովին հաղթեցինք արտաքին թշնամուն, հաղթելու ենք նաեւ ներքինին»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» հ/կ նախագահ Հակոբ Հակոբյանը: «Վերջին օրերին հեռուստատեսությունը ողողված է Զ. Փոստանջյանի մասին վարկաբեկիչ նյութերով, բոլոր ելույթ ունեցողները նրան համարում են դավաճան, աններելի արարք կատարող եւ այլն: Այն մարդիկ, ովքեր Զ. Փոստանջյանին այսօր ուզում են վարկաբեկել, եթե իրենց ձեռքը հնարավորություն լիներ, վաղուց մեր հայրենիքը ծախած կլինեին: Իսկ հիմա անհայրենիք մարդիկ լեզու են առել ու սկսել են խոսել հայրենիքից: Թող հիշեն, որ բազմաթիվ ազատամարտիկներ հենց իրենց երեսից գնացել ու հանձնվել են օտար երկրների դեսպանատներ` ապաստան խնդրելով: Իրենց «շնորհքն» է, որ այսօր Սասուն Միքայելյանն ու մյուս ազատամարտիկները անմեղ տեղը դեռ բանտում են: Զարուհի Փոստանջյանի արարքը շատ դրական քայլ է, եւ թող նրան «դատողները» մի քիչ մտածեն այս երկրի մասին, նոր սկսեն խոսել: Ամեն մարդ իրավունք չունի խոսել դավաճանության մասին»,- ասված է նրա հայտարարության մեջ: