Քաղաքական գործընթացները երբեմն տարօրինակ զարգացումներ են ստանում: ԵԽ ԽՎ-ն վերջապես քննարկեց մեր հարցը: Քննարկեց ու որոշում ընդունեց: Որոշում, որից բոլորն են դժգոհ: Եվ իշխանությունները: Եվ ընդդիմությունը: Ու մեյդան բերվեց հին հայկական լեգենդը: Խորհրդային շրջանում այդ լեգենդը երկու բաղադրիչ ուներ` մեր արեւահամ կոնյակը եւ բարակ-բարակ կտրտված բաստուրման: Լեգենդի համաձայն՝ խորհրդահայ պաշտոնյան ու տնտեսական ոլորտի ղեկավարները Մոսկվայում իրենց հարցերը լուծում էին այդ երկու բաղադրիչով: Հետխորհրդային շրջանում բաղադրիչները որոշակի փոփոխության ենթարկվեցին: Հայկական բաստուրմայով այլեւս ոչ մեկին չես զարմացնի: Հատկապես նրբաքիմք եվրոպացուն: Ստրասբուրգից վերադարձած քաղաքական գործիչների մի մասը պնդում է` ԱԺ պատվիրակությունը բեռ ու բոխչայով է մեկնել ԵԽ ԽՎ: Լեգենդար կոնյակ են տարած եղել հետները ու գորգեր: Իբր դրա համար էլ եվրոպացիները մեզ չպատժեցին: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էլ շտապեց պնդել, որ ընդդիմադիրները չափազանցնում են: Ըստ նրա՝ պաշտոնական պատվիրակությունն ընդամենը վեց շիշ կոնյակ է տարել ու երեք գորգ: Հայկական կոնյակի լեգենդը կերտած ու այդ լեգենդի վրա հասունացած հայ հասարակությունը դժվար է կողմնորոշվում՝ ում հավատալ: Ես` նույնպես: Ուստի սկսեցի քչփորել պաշտոնական տեղեկատվությունը: Ի վերջո, պետություն ենք:
Հետեւաբար՝ եվրոպացիներին նվեր (կամ, եթե ուզում եք` կաշառք) տարվելիք կոնյակն ու գորգերը պետության հաշվին պիտի գնված լինեին: Նույն Եվրոպան է պարտադրել, որ մեր պետական մարմիններն իրենց կատարելիք գնումներն անեն հնարավորինս հրապարակային: Նրանց պահանջով է ձեւավորվել Գնումների պետական գործակալությունը: Պետական բոլոր մարմիններն իրենց գնումները պիտի կատարեն միայն այդ գործակալության միջոցով: Եվ, որ ամենակարեւորն է, այդ տեղեկատվությունը պետք է բաց լինի: ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում կա գնումների գործակալության հաշվետվությունը: Մեր խորհրդարանը փետրվարի 2-ին երեք պայմանագիր է կնքել: Առաջինով` «Ոսկե մարգարիտ» ՍՊԸ-ից 3 մլն 80 հազար դրամ արժեքի արծաթյա գավաթներ է գնել: Երկրորդով` «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ից 2 մլն 278 հազար դրամի կոնյակ է պատվիրել: Երրորդով` «Մեգերյան Կարապետ» ԲԲԸ-ին վճարվել է 3 մլն 458 դրամ հուշանվերային գորգերի ձեռքբերման համար: Այս բոլոր գնումները նշված ընկերությունները պիտի ԱԺ-ին տրամադրեին մինչեւ մարտի 31-ը:
Պաշտոնական վիճակագրությունը լռում է, թե ինչ գնանոց կոնյակ է մատակարարվել ԱԺ-ին: «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի կոնյակների արժեքը գաղտնիք չէ: 10 տարվա հնության կոնյակներն արժեն մոտ 9,5 հազար դրամ: Իսկ 20 տարեկանները` մոտ 21 հազար: Պարզ է` մեր խորհրդարանականները ոչ ներքին օգտագործման, ոչ էլ նվեր տալու համար 3 աստղանի կոնյակ չէին գնի: Բայց առաջին գնումը, հավանաբար, մոտ 150 շիշ, մեր խորհրդարանին մի ամիս էլ չի հերիքել: Եվ մարտի 10-ին հապշտապ նոր պայմանագիր է կնքվել «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի հետ` 4 մլն 557 հազար դրամ արժեքի: Ընդ որում, կոնյակի գործարանին պարտադրվել է գնված կոնյակը ԱԺ հասցնել հենց նույն օրը: Դժվարանում եմ պատճառ գտնել այս հրատապ պայմանագրի համար: Խոսքը մոտավորապես 300 շիշ կոնյակի մասին է:
Դժվար է պատկերացնելը, որ, կարծեմ, Կլարա Ցետկինի պատվին նշվող մարտի 8-ին մեր խորհրդարականները 150 շիշ կոնյակ են խմել՝ հայ ու համաշխարհային կանանց կենացը հնչեցնելով: Բայց փաստը մնում է: Մարտի 10-ին խորհրդարանը հապշտապ եւս 300 շիշ է գնել: Դատելով պաշտոնական հաշվետվությունից` ազնիվ ու ազգային ալկոհոլի այս չափաբաժինն առայժմ չի սպառվել: Նոր գնումներ առայժմ չեն կատարվել: Հետեւաբար՝ Ստրասբուրգ տարված վեց շիշը հենց այս խմբաքանակից է: Արծաթյա գավաթների ու հուշանվերային գորգերի նոր խմբաքանակ նույնպես չի պատվիրվել: Եվրոպական խորհրդարանականներին բաշխված երեք գորգի գնման աղբյուրն էլ է հայտնի: Լավ է, որ մեր խորհրդարանականները պաշտոնապես չեն թաքցնում կոնյակ նվիրելու փաստը: Բայց շատ ավելի լավ կլինի, եթե բացատրեն, թե ինչ է արվել այս տարի գնված 450 շիշ կոնյակը: Այլապես ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդելու են, որ դրանք արկղերով տարվել են Եվրախորհրդարան: Վեց շիշը դեռ կաշառք չէ, բայց արկղերով հաշվվող ծավալի մասին նման պնդում չես անի: Ու կծնվի նոր լեգենդ, որը հավանաբար կանվանվի «Խորհրդարանի տարօրինակ հանդիպումը լեգենդի հետ»:
Հ.Գ. Եթե ենթադրենք, որ 450 շշից միայն 6-ն է տարվել Ստրասբուրգ, իսկ մնացածը սպառվել է ԱԺ-ում, ահագին բան հասկանալի կդառնա: