Դա պատժելու ձեւ է

01/07/2009

Վերին Լարսի անցակետի գործարկումն անհրաժեշտ է եւ՛ Հայաստանին, եւ՛ Վրաստանին հավասարապես: Երեկ նման կարծիք է հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` ընդգծելով, որ Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքական խնդիրների հետեւանքով չգործող անցակետի բացումը Հայաստանին անհրաժեշտ է, բայց ոչ ավելի, քան Վրաստանին: «Եթե բաց է որեւէ սահման, չեն կարող դրանով անցնել միայն Հայաստանի համար եկող բեռները եւ չգալ վրացականները, երբ բաց է անցակետ, չի կարող դրանով անցնել հայը կամ ռուսը, եւ չանցնել վրացին: Դա երկու կողմին էլ պետք է, եւ անհրաժեշտ է համատեղ ջանքերով փորձել լուծել խնդիրը»,- հավելել է նա: Իսկ Վրաստանի նախագահի խորհրդական հայազգի Վան Բայբուրդի համոզմամբ` բոլորը խոսում են Վերին Լարսի բացման մասին, բայց չպետք է անտեսել, թե ինչու է այն փակվել: Ըստ նրա` սխալ է ռուսական կողմի այն պատճառաբանությունը, թե անցակետը փակվել էր վերանորոգման նպատակով: «Երեք տարի երեք փոքր շինությո՞ւն են վերանորոգում: Դա մեկ երկրին պատժելու ձեւ էր, բայց դրա միջոցով պատժվում է նաեւ մեկ այլ պետություն: Վերին Լարսը փակ է, քանի որ մի երկրի շահերից է բխում միմյանց դեմ հանել երկու եղբայրական պետությունների: Պետք է լինել օբյեկտիվ: Մենք եւս ցանկանում ենք ունենալ բաց սահման, Վրաստանում էլ շատերը հավասար հարաբերություններ են ցանկանում Ռուսաստանի հետ, սակայն մենք ինքնիշխան, անկախ պետություն ենք եւ հարգալից վերաբերմունք ենք պահանջում մեր նկատմամբ»,- ասել է Վ.Բայբուրդը: