Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է «Նաբուկոյից»

01/07/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան կատարած այցի ժամանակ ռուսական «Գազպրոմի» ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն՝ 2010 թվականից Ռուսաստանը Ադրբեջանից գնելու է տարեկան 500 մլն խմ գազ` 1000 խմ մետրի դիմաց բավական բարձր` 350 դոլար գնով:

Արդյո՞ք սա նշանակում է, որ կասկածի տակ է դրվում Ռուսաստանը շրջանցող, Արեւմուտքի կողմից հովանավորվող «Նաբուկո» գազային խողովակաշարի կառուցման ծրագիրը, ի՞նչ ազդեցություն կունենա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջեւ կնքված այդ համաձայնագիրը ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վրա: Այս հարցերի շուրջ Հայաստանի քաղաքագետների տեսակետները փոքր-ինչ տարբերվում են միմյանցից: Քաղաքագետ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ գազամուղերի նոր երթուղիների շուրջ ընթացող գործընթացները սկսվել են դեռեւս 2008-ի սկզբին: «Ադրբեջանը, օգտագործելով այն հանգամանքը, որ բոլորը սպասում են իր դիրքորոշմանը, ԼՂ հարցը դրեց բոլորի սեղանին. ով կլուծի այդ խնդիրը, կվերադարձնի ազատագրված տարածքները, նրան էլ կտամ գազը: Առաջին քայլը արեց ՌԴ նախագահը, ով անցած տարի հունիսի 3-ին պատկառելի կազմով պաշտոնական այց կատարեց Ադրբեջան»,- ասում է Ս. Սաֆարյանը: Ըստ նրա, այդ ժամանակ նախատեսվում էր ադրբեջանական գազի ամբողջ խմբաքանակը Ռուսաստանին վաճառելու պայմանագրի ստորագրում, որը թեեւ չկնքվեց, սակայն Ալիեւը հայտարարեց, որ ինքը հանձնարարել է նոր երթուղու հարցը համաձայնագրի տեսքի բերել: «Այդ այցին հաջորդեց Դիկ Չեյնիի ձախողված այցը, երբ Ադրբեջանի նախագահը չընդունեց նրան: Հետո Բաքվի էներգետիկ ֆորումում, որ տեղի ունեցավ Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, քաղաքական հռչակագիր կորզվեց Ադրբեջանից, որ «Նաբուկոն» եւ այլ նախագծեր պետք է իրականացվեն: Դրան հաջորդեց արեւմտյան կողմի անակնկալ քայլը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումով ակտիվացնել ԼՂ հարցի լուծումը: Հիշեցնեմ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա առաջընթաց ապահովել ԼՂ հարցում: Այնուհետեւ ստորագրվեց «Նաբուկոյի» կառուցման վերաբերյալ հայտարարությունը, որին այս փուլում միացած չեն Միջինասիական երկրները»,- նշեց Ս. Սաֆարյանը: Նրա ասելով, Վրաստանի նախագահի Հայաստան կատարած այցը նույնպես պետք է դիտարկել այս համատեքստում: «ՀՀ իշխանությունները գիտակցելով, որ պրոցեսը գնում է ՀՀ-ի եւ ԼՂ-ի դեմ, ցուցադրաբար Վրաստանի նախագահին հրավիրում են, մեդալ տալիս եւ նախագահականից ուղղորդվող փորձագետներով տարածում, թե Սարգսյանը այդ քայլը անում է Վրաստանի նախագահին ՌԴ-ի կողմից իրականացվող միջազգային շրջափակումից դուրս բերելու համար: Հետեւում է ՌԴ խորհրդարանականների ու փորձագետների կոշտ գնահատականը` սեփական խմած ջուրը պղտորել, դեմարշ, եւ այլ նմանատիպ ձեւակերպումներով: Մյուս կողմից էլ՝ մեր իշխանությունները փորձում են այս պրոցեսներին հակազդել` հասարակական ընդվզումների` հակաադրբեջանական հիստերիա սանձազերծելու տեսքով բանակցությունները տապալելու միջոցով»,- ասաց Ս. Սաֆարյանը:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ Ռուսաստանը այս համաձայնագրով փորձում է վիժեցնել «Նաբուկո» ծրագիրը: «Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ չվատանան, այնքան, որ Ադրբեջանը ստիպված լինի ուղղակի ընտրել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, «Նաբուկոյի» համար խնդիրներ կլինեն, բայց կասկածում եմ, որ Ռուսաստանը այն կկարողանա այդպիսի պրիմիտիվ մեթոդներով վիժեցնել: Այստեղ պարզապես խնդիրը նրանում է, որ Հայաստանը այլեւս որպես քաղաքական գործոն՝ իր կշիռը գնալով կորցնում է: Ալիեւի կողմից գազային ռեսուրսները (ի դեպ, վերջերս նոր պաշարներ են հայտնաբերել հսկայական քանակությամբ) ուղիղ կապելը ԼՂ հարցի հետ այդ հարցը դարձնում է ածանցյալ խնդիր: Խնդիր, որը հոսանքից այն կողմ է, եւ եթե պետք լինի` շատ արագ կլուծեն, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերություններում ֆոնը չփչանա»,- կարծում է Հ. Հովհաննիսյանը: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեկ այլ նախկին նախագահ` Հայաստանի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը նույնպես կարծում է, որ ԼՂ հարցը՝ մի կողմից, իսկ «Նաբուկոյի» ու ադրբեջանական գազի հարցը՝ մյուս կողմից, փոխկապակցված են: «Հենց սկզբից ռուսական պաշտոնական մարմինների կողմից հայտնվում էր, որ Մեդվեդեւը գնում է Բաքու ԼՂ հարցի հետ կապված քննարկումներ անցկացնելու: Բայց արդեն Բաքվում հիմնական հարցը ադրբեջանական գազն էր»,- ասաց նա: Ըստ Հ. Իգիթյանի` տարեկան 0.5 մլրդ խմ մետր գազը, որ նախատեսում է գնել Ռուսաստանը, բավականին փոքր չափ է, որպեսզի վերջնականապես կասկածի տակ դրվի «Նաբուկո» ծրագիրը: «Կարծում եմ` ՌԴ-ն ակնկալում էր ավելի մեծ չափսեր, օրինակ` պատրաստ էր առնել Շահ-Դենիզ գազային հանքը, որտեղ խոսքը գնում էր մոտ 10-15 մլրդ գազի տարեկան ներմուծման ծավալների մասին: Ճիշտ է, նշեցին, որ հետագայում պատրաստվում են ավելացնել ծավալները, բայց հետո պարզվեց, որ ծավալների ավելացման մասին որեւէ տեղ իրավաբանորեն չեն ձեւակերպել, այլ ուղղակի Ալիեւը խոստացել է, որ Ռուսաստանը պոտենցիալ գնորդներից կլինի ավելի շահավետ կամ առաջնահերթ պայմաններում»:

Իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերված այս վերջին պայմանավորվածությունները ռազմավարական բնույթ չեն կրում: «Միանշանակ երեւում է, որ Ադրբեջանը կողմնորոշված է դեպի Արեւմուտք, դրանք ուղղակի մարտավարական քայլեր են Ադրբեջանի կողմից` կոպիտ ասած` փորձել գազի դիմաց ստանալ Ղարաբաղը: Քանի որ դա մոտ ժամանակներս չի ստացվի, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը կվերադառնա իր նախկին քաղաքականությանը, եւ «Նաբուկոյի» ամենաակտիվ մասնակիցը կլինի, այսինքն` Ադրբեջանական գազը կգնա Արեւմուտք»,- վստահ է Ս. Գրիգորյանը: Այնուամենայնիվ, նա կարծում է, թե այս վերջին համաձայնագիրը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերը կարծես թե ժամանակավորապես համընկնում են: «Եվ այս երկու երկրները փորձում են կրկնել այն, ինչ արեցին 1921 թվականին, երբ կերոսինի դիմաց Ղարաբաղն ու Նախիջեւանը փոխանցվեցին Ադրբեջանին: Հիմա այլ համակարգեր են, այլ ժամանակներ են, այլ գործոնները հիմա շատ ուժեղ են` եւ՛ Հայաստանը, եւ՛ ԼՂ-ն այն ժամանակվանը չեն (բանակ ունենք), եւ՛ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գործոնները կան: Այդպես պրիմիտիվ առուծախը չի անցնի: Այո՛, ստորագրեցին գազը ռուսներին փոխանցելու այդ պայմանագիրը, բայց հիմա Ադրբեջանը կսպասի` կկարողանա՞ Ռուսաստանը օտարել ԼՂ-ն Հայաստանից: Իհարկե, չի կարողանա: Կասկածում եմ նույնիսկ, որ ՌԴ իշխանությունները դա ուզում են անել, քանի որ այլ շատ ու շատ խնդիրներ ունեն տարածաշրջանում: Ուրեմն այս ժամանակաշրջանն էլ կանցնի, պարզ կդառնա, որ ԼՂ-ն մնում է իր տեղում, չի փոխանցվում Ադրբեջանին, եւ Ադրբեջանն էլ կհրաժարվի այդ պայմանագրերից, որ ստորագրել է»,- ասաց Ս.Գրիգորյանը, ըստ որի՝ ԼՂ հարցը առաջիկա մի քանի տարիների ընթացքում չի լուծվի, քանի որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի դիրքորոշումներն այս հարցում տարբերվում են: