Ծեծի սահմանադրական հետեւանքները

03/08/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Թեեւ նման գնահատականները դեռեւս վերջնական լինել չեն կարող, քանի որ դեռ
պարզ չէ, թե իրականում Սահմանադրության ինչ նախագիծ է ներկայացվելու
հանրաքվեի, սակայն եթե անգամ իշխանությունները խախտեն իրենց սովորությունը
եւ աշնանը հանրաքվեի դնեն ամբողջությամբ եվրոպացիների հավանությանն
արժանացած սահմանադրական բարեփոխումների փաթեթը, եւ այն անցկացնեն
հանրաքվեով, միեւնույն է՝ Քոչարյանը կարողանալու է իբրեւ թե իր
լիազորությունները սահմանափակող նոր Սահմանադրությունն օգտագործել իր
նպատակներին հասնելու համար: Իհարկե, Քոչարյանի համար լավագույն տարբերակը
կլինի, եթե կարողանա Սահմանադրական դատարանից տեղեկանք ստանալ եւ
առաջադրվել երրորդ անգամ: Հակառակ դեպքում, եթե իր նախագահությունը
երկարաձգելու որեւէ տարբերակ չգործի, Քոչարյանն իր գործունեությունը
կշարունակի նոր Սահմանադրությամբ լայն լիազորություններ ունեցող Ազգային
ժողովի միջոցով: Եվ վերջապես, եթե այս տարբերակն էլ չգործի, Քոչարյանը
իշխանությունը երկարաձգելու եւ Սահմանադրությունը խախտելու ինչ-որ
ճանապարհ հաստատ կգտնի: Մի խոսքով, բոլոր առումներով, Քոչարյանը շահած է
դուրս գալու:

Սակայն բացի իր հետագա պաշտոնավարման խնդիրներից, Սահմանադրական այս ողջ
գործընթացի ժամանակ Քոչարյանը լուծեց եւս մեկ խնդիր. պառակտեց առանց այն
էլ միասնությամբ աչքի չընկնող ընդդիմությանը: Ընդ որում, այս հարցում
միայն Քոչարյանին մեղադրելն այնքան էլ ազնիվ չի լինի, քանի որ
ընդդիմությունը կամ առնվազն ընդդիմության «սահմանադրական» հատվածը կամավոր
մասնակցեց այդ գործընթացին: Եվ հիմա իշխանությունները կողքից զվարճանում
են՝ հետեւելով, թե ինչպես են իրենց արմատական համարող ընդդիմադիրներն իրար
բզկտում՝ իշխանությունների կազմակերպած սահմանադրական շոուի
շրջանակներում: Իհարկե, Շավարշ Քոչարյանի ընդդիմադիր գործունեության մասին
կարելի է խոսել միայն անցյալ ժամանակով, քանզի նա արդեն այնքան
«կառուցողական» է դարձել, որ ընդդիմանում է ընդդիմությանը: Թե ինչ է
Ստրասբուրգում Տիգրան Թորոսյանն ասել Շավարշ Քոչարյանի ականջին, կարեւոր
չէ, փաստն այն է, որ 2004 թվականի ապրիլի 12-ին իշխանությունների կողմից
մի լավ ծեծ կերած Շավարշ Քոչարյանն այսօր քարոզում է նույն իշխանության
ներկայացրած Սահմանադրական բարեփոխումները: Փաստորեն, Շավարշ Քոչարյանի
ծեծը սահմանադրության շրջանակներում է եղել: Բայց դա միայն Շավարշ
Քոչարյանի վրա չի ազդել: Խնդիրն այն է, որ «կառուցողական» է դարձել նաեւ
ընդդիմության զգալի հատվածը: Արդեն երկու շաբաթ է՝ «Արդարություն» դաշինքը
չի կարողանում որոշել՝ մասնակցե՞լ Սահմանադրական բարեփոխումների
քննարկումներին, թե՞ ոչ: Տվյալ դեպքում խոսքը «Հանրապետություն»
կուսակցության մասին է, քանի որ ՀԺԿ-ն ու «Արդարության» մյուս
կուսակցությունները, այդ թվում՝ Շավարշ Քոչարյանի երբեմնի կուսակցական
ընկեր Վազգեն Մանուկյանը, մասնակցելու են օգոստոսի 29-ի արտահերթ նիստին:
Հիմնավորումն առնվազն տարօրինակ է՝ ԱԺ-ի արտահերթ նիստը հեռարձակվելու է
ուղիղ եթերով, եւ ընդդիմադիրներն ուզում են խորհրդարանի ամբիոնն
օգտագործել ժողովրդին դիմելու համար: Նախ՝ եթե ընդդիմությունը ժողովրդին
ասելու բան ունի, ապա դա կարող է անել նաեւ առանց ԱԺ գնալու, իսկ եթե
ընդդիմադիրները վախենում են խորհրդարանի պատերից դուրս հայտարարություններ
անել, նրանց հայտարարությունները ոչ մեկին պետք չեն: Չնայած, եթե Ստեփան
Դեմիրճյանը ԱԺ ամբիոնից էլ է հայտարարելու «սահմանադրական ճանապարհի» ու
«կարգ ու կանոնի» մասին, կարծում ենք՝ նրա ելույթը ոչ միայն կհեռարձակեն
ուղիղ եթերով, այլեւ՝ կցուցադրեն բոլոր պատասխանատու
հեռուստաընկերություններով:

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա վերջինս
հայտարարել է իր դիրքորոշումը՝ «ոչ» ասել իշխանությունների ներկայացրած
Սահմանադրական փոփոխություններին: Այսինքն՝ «Հանրապետությունն» արդեն
միանշանակ տարանջատվում է կառուցողական ընդդիմությունից, չնայած
«Արդարություն» դաշինքից դուրս գալը դեռեւս օգտագործվում է միայն որպես
սպառնալիք: Մյուս հարցը «Հանրապետություն» կուսակցության պատգամավորների
մանդատները վայր դնել-չդնելն է: Ընդ որում, այս հարցում
տարաձայնություններ կան հենց «Հանրապետության» ներսում, քանի որ ոչ պակաս
կառուցողական Ալբերտ Բազեյանը դեմ է մանդատները վայր դնելուն: Հետաքրքիր է
նաեւ, որ արդեն «Հանրապետությանը» մանդատները վայր դնելու կոչեր են անում
նաեւ նրա ընդդիմադիր գործընկերները, մասնավորապես՝ նույն Շավարշ
Քոչարյանը: Հասկանալի է, որ մանդատները վայր դնելուց հետո
«Հանրապետության» հաջորդ քայլը պետք է լինի ժողովրդական շարժում սկսելը:
Մյուս կողմից, մանդատները վայր դնելուց հետո «Հանրապետություն»
կուսակցության առաջնորդները զրկվելու են պատգամավորական
անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի
իշխանությունները կարող են նրանց նկատմամբ հետապնդում սկսել: Այդ դեպքում՝
կմնա միայն «կառուցողական» ընդդիմությունը, որի կարիքն իշխանություններն
այդքան զգում են խորհրդարանում:

Այս ողջ գործընթացը դրական էր նրանով, որ եւս մեկ անգամ պարզվեց, թե
իրականում ով ով է: Ընդ որում, տվյալ դեպքում՝ Շավարշ Քոչարյանն ընդամենը
միջանկյալ օղակ է, քանի որ նա իրականում արտահայտում է «Արդարություն»
դաշինքի հիմնական գործիչների տեսակետը: Այնպես որ, իշխանությունները լավ
էլ գիտեն՝ ինչ անել, ինչպես անել եւ ումով անել: Ի տարբերություն Ստեփան
Դեմիրճյանի: