Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Էրեբունի համայնքի Վարդաշեն 9-րդ փողոցում Հայաստանի հեռախոսակապի 3-րդ օպերատոր ֆրանսիական «Օրանժ-Տելեկոմ» ընկերության կողմից կառուցվող ալեհավաք-աշտարակի շուրջ ծավալված աղմկոտ պատմությանը: Հիշեցնենք, որ տարածքում բնակվող շուրջ 40 ընտանիքներ բողոքում էին «Օրանժ-Տելեկոմ» ընկերության գործողությունների դեմ` պատճառաբանելով, որ ալեհավաք-աշտարակի արձակած ճառագայթները հետագայում կարող են բնակիչների առողջության համար վտանգ ներկայացնել: Նրանք պատրաստվում են նույնիսկ ՀՀ նախագահական նստավայրի մոտ բողոքի ցույց կազմակերպել` պահանջելով 30 մետր բարձրությամբ այդ սարքի շինարարական աշխատանքները դադարեցնել եւ դրա տեղադրումն իրականացնել հարակից ոչ բնակելի տարածքում: Մինչդեռ Վարդաշենի 2, 4, 5, 7, 9 փողոցներում բնակվող մեր հայրենակիցների անհանգստությունը «Օրանժ-Տելեկոմ» ընկերության ներկայացուցիչներն առնվազն անհիմն են համարում` վստահեցնելով, որ ալեհավաք-աշտարակն ընդհանրապես իրենից վտանգ չի ներկայացնում: «Օրանժ-Տելեկոմ» ընկերության տեխնիկական գծով փոխտնօրեն Գրիգոր Գրիգորյանն ի պատասխան բնակիչների բողոքների՝ մեզ հետ զրույցում ասաց. «Վտանգավոր ոչինչ չկա, քանի որ «Օրանժ-Տելեկոմը» եւ առհասարակ ցանկացած օպերատոր պարտավոր է ցանկացած շարժական կապի կայան տեղակայելու կամ թեկուզ նախագծելու ընթացքում կազմակերպել հաշվարկների աշխատանքները, մասնավորապես էլեկտրամագնիսական դաշտի թույլտվության մասին հաշվարկը: Տվյալ դեպքում՝ մենք ունենք Վարդաշենի հաշվարկը, որը կատարված է լիցենզավորված «Ռեդիմետ» ընկերության կողմից»: Այսինքն` «Ռեդիմետի» կատարած հաշվարկը ներկայացվել է ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն, որտեղից էլ հաստատվել է Վարդաշեն 9-րդ փողոցի բնակելի հատվածում ալեհավաք-աշտարակ կառուցելու թույլտվությունը: Գ. Գրիգորյանի հավաստմամբ` հաշվարկում, բնականաբար, նշվում է անտենաների տիպը, կայմի տեսքը, բարձրությունը, անտենաների տեղադրման բարձրությունը, որից հետո նաեւ հաշվարկվում է ճառագայթման դաշտի գոտին: «Հաշվարկները ցույց են տալիս, որ տվյալ բնակելի տարածքում ոչ մի վտանգավոր ճառագայթման մակարդակ չկա, չի ֆիքսվել նման բան: Բացի տեսական հաշվարկներից, գոյություն ունեն պրակտիկ չափումներ. կայանի տեղակայումից, այսինքն` ակտիվացումից հետո նախատեսվում են չափումներ, ընդ որում, չափումները կարող են իրականացվել ինչպես «Օրանժ-Տելեկոմ» ընկերության, այնպես էլ մեկ այլ` երրորդ անկախ կազմակերպության կողմից` համոզվելու համար, որ ճառագայթման բարձր մակարդակ չի արձանագրվում: Ավելին` նույնիսկ գտնվում է թույլատրելի տիրույթից շատ ավելի ցածր»,- վստահեցնում է ընկերության փոխտնօրենը` հաստատելով, որ ալեհավաք-աշտարակը լինելու է 30 մետր բարձրությամբ, եւ որ այն ընդհանրապես չի կարող մարդկանց առողջության վրա բացասական ազդեցություն ունենալ: Ի դեպ, «Օրանժ-Տելեկոմ» ընկերության ներկայացուցիչները մեզ տրամադրեցին ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության կողմից ստացված թույլտվությունը, ըստ որի` կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետեւյալը. «Քննության առնելով Վարդաշեն 9փ. հ. 2 շենքի մոտակայքում գտնվող աշտարակի վրա տեղադրվող բջջային կապի բազային կայանի սանպահպանման գոտու աշխատանքային հաշվարկը, հայտնում եմ հետեւյալը.
Ներկայացված հաշվարկի համաձայն` բջջային կապի բազային կայանի ալեհավաքները նախատեսվում է տեղակայել 30մ բարձրությամբ աշտարակի վրա: Կատարված սանպահպանման գոտու հաշվարկները ցույց են տալիս, որ բնակչության համար վտանգավոր գոտին գտնվում է հետեւյալ սահմաններում. ուղղահայաց հարթությունում առավելագույն կախվածությունը բացման կենտրոնից- 3.8, հորիզոնական հարթությունում երկարությունը ալեհավաքի բացման կենտրոնից- 24մ., ալեհավաքի հեռավորությունը գետնի մակերեսից 30մ.: Նախագծում մոտակա շինությունների տանիքների մակերեսը գտնվում է վտանգավոր գոտու սահմաններից դուրս, հաշվարկվել է ճառագայթման մակարդակը ամենամոտ շենքերի պատուհաններին. համաձայն հաշվարկների՝ մարդկանց համար ճառագայթումը որեւէ վտանգ չի ներկայացնում»: Փաստաթղթի տակ առկա է ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանի ստորագրությունը: Մինչդեռ փաստաթղթում զետեղված Վարդաշեն 9փ. հ 2 շենք հասցեում տեղ է գտել սխալմունք, քանի որ վերոնշյալ հասցեում շենք գոյություն չունի, հետեւաբար հ. 2-ը սեփական տուն է: Թե որքանով կարող էր թույլտվության վրա շենքի եւ սեփական տան տարբերությունը բացասական անդրադառնալ, կարծում ենք, մասնագետների ուսումնասիրության առարկան է:
Այդուհանդերձ, Վարդաշենի բնակիչները չհամակերպվելով խիստ բնակեցված տարածքում ալեհավաք-աշտարակ կառուցելու «Օրանժ-Տելեկոմ» ընկերության գործողությունների հետ՝ առաջարկում են այն կառուցել հարակից ամայի տարածքներում, որտեղ մարդիկ չեն ապրում: Գ. Գրիգորյանն ի պատասխան բնակիչների պահանջի՝ բացատրում է, որ համաձայն հատուկ գործիքով կատարվող նախագծման` բարձր մակարդակի հեռախոսակապ ապահովելու համար գործիքը մատնանշել է հենց այդ տարածքը: Ասել է թե` այդ տարածքում սարքը տեղադրելով՝ ընկերությունը կարող է բնակչությանն ապահովել բարձր որակի կապով եւ արագագործ ինտերնետով: Գ. Գրիգորյանի հավաստմամբ` ալեհավաք սարքերը մարդաշատ վայրերում տեղադրելով՝ ընկերությունը բնակիչներին շատ հուսալի` ձայնային եւ տեսային կապով ապահովելու հնարավորություն կունենա: «Օրանժ-Տելեկոմի» ներկայացուցիչները վստահեցնում են, որ ցանկացած բջջային օպերատոր կապն ապահովում է բնակեցված տարածքներում ալեհավաք սարքերը տեղադրելով, հետեւաբար՝ ընկերության այս քայլի մեջ որեւէ արտառոց բան չկա: «Եթե ուշադիր լինեք` կտեսնեք, որ բնակելի հատվածներում գոյություն ունեն եւ՛ «ԱրմենՏել», եւ՛ «Վիվա Սել»: Առաջատար կազմակերպություններ են, որոնց սարքավորումներն, իրոք, առաջատար են, բայց, եթե կա եւս մեկ օպերատոր, որի սարքավորումները նույնպես բարձրորակ են, ինչո՞ւ պետք է լինեն սահմանափակումներ: Մեր սարքավորումները տեխնիկայի վերջին ճիչն են, որոնք եվրոպական առաջատար երկրներում անգամ չկան եւ չեն կարող վնասել ազգաբնակչությանը»: Ի դեպ, Վարդաշենի բնակիչներն այս խնդրի հետ կապված բազմաթիվ դիմում-բողոքներ են ուղարկել Երեւանի քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանները, կարելի է ասել, ոչ միայն անհասկանալի են, այլեւ` սխալ տեղեկություններ պարունակող, ինչից կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, մարդկանց դժգոհությունների հետ կապված դիմումները քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից անգամ չեն ուսումնասիրվել: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ա. Լալայանցը պատասխանել է հետեւյալ մեկնաբանությամբ. «Վարչությունը քննարկել է հայտը, կից փաստաթղթերի փաթեթը եւ հարցին ընթացք տալ չի կարող, քանի որ ներկայացված հողի վարձակալության մասին պայմանագիրը կնքված է Վարդաշեն 9 փող. հ 2 տան սեփականատեր Տաթեւիկ Խուրշուդյանի եւ «ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ» ՓԲ ընկերության միջեւ, մինչդեռ կառուցապատման հայտը ներկայացրել է «Օրանժ-Հայաստան» ՓԲԸ-ն»: Ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը վստահեցնում է, որ քաղաքապետարանից ստացված փաստաթղթում սխալ տեղեկատվություն կա, քանի որ վերոնշյալ հասցեի բնակիչը Ռուբեն Ղազանչյանն է, ում հետ «Օրանժ-Տելեկոմը» վարձակալության սկզբունքով կնքել է պայմանագիրը: «Տաթեւիկ Խուրշուդյանն այդ հողատարածքի սեփականատերը չէ, նա «Օրանժ-Տելեկոմի» աշխատակիցն է, եւ չեմ հասկանում, թե ինչո՞ւ են նրա անունը կապել հողատարածքի սեփականատիրոջ հետ»,- ասում է Ա. Մկրտչյանը: Հիշեցնենք, որ ալեհավաք-սարքը կառուցվում է Վարդաշեն 9փ, հ. 2 տան հողատարածքում, որի օրինական սեփականատիրոջ` Ռուբեն Ղազանչյանի հետ էլ ընկերությունը պետք է կնքեր պայմանագիրը: Սակայն բավական հետաքրքիր հիմնավորում է ներկայացնում նույն բակի բնակիչ Միքայել Փիլիպոսյանը, ում տունը նույնպես Վարդաշեն 9փ. համար 2 հասցեում է եւ Ռ. Ղազանչյանի տնից բաժանվում է ընդամենը մի բարակ պարսպով: Մ. Փիլիպոսյանը վստահեցնում է, որ քաղաքապետարանի պատասխանը ոչ թե սխալմունք է, այլ «մախինացիա». «Հայտը ներկայացնող «Օրանժ-Տելեկոմ» ընկերությունը ալեհավաք-աշտարակ կառուցելու համար նաեւ պիտի ստանար իմ համաձայնությունը, որովհետեւ տարածքը իմ հասցեի մեջ է եւ Ռ. Ղազանչյանի տարածքից բաժանվում է պատով: Քանի որ նրանք իմ բացասական վերաբերմունքը գիտեին` դիմել են այլ քայլի. նոտարով անվանափոխություն են կատարել եւ տարածքի սեփականատեր են դարձրել իրենց աշխատակից Տաթեւիկ Խուրշուրդյանին, որպեսզի ընկերությունը նրանից վարձակալի, հակառակ դեպքում իմ պարագան խոչընդոտում էր: Ես, բնականաբար, թույլ չէի տալու, որ կառուցեն, եւ ավելորդ գլխացավանքից ազատվելու համար փաստաթղթեր են կեղծել: Քաղաքապետարանից ես պահանջում եմ այդ փաստաթղթերը, բայց չեն տրամադրում: Բողոքելու եմ մինչեւ վերջ, որովհետեւ էդ թղթերը ոչինչ չարժեն, գնված թղթեր են: Արշակ անունով՝ կառուցապատողներից մի ներկայացուցիչ ինձ ասաց` ինչ թուղթ պետք է՝ կճարենք, խնդիր չունենք: Հետո էլ Արշակն իր իրավաբանի հետ եկավ իմ աշխատավայր ու փող առաջարկեցին լռելու համար: Ասացին` դու որ չբողոքես` մյուսներին լռեցնելը հեշտ է»: Այդուհանդերձ, վերջինս հայտարարում է, որ քաղաքապետարանի պատասխանն ուսումնասիրելու եւ համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելու պարագայում կարող է բացահայտվել քրեական հանցագործություն: Մինչդեռ «Օրանժ-Տելեկոմի» ներկայացուցիչները պնդում են, որ իրենք վարձակալության պայմանագիր են կնքել տարածքի սեփականատեր Ռ. Ղազանչյանի հետ, իսկ Տ. Խուրշուդյանը տարածքի հետ որեւէ առնչություն չունի: Այսպիսով, եթե «Օրանժ-Տելեկոմը» վարձակալության պայմանագիրը կնքել է տարածքի օրինական սեփականատեր Ռ. Ղազանչյանի հետ, ինչպե՞ս է քաղաքապետարանի տրամադրած փաստաթուղթն, ըստ որի` պայմանագիրը կնքվել է ընկերության եւ, փաստորեն, ընկերության աշխատակից Տ. Խուրշուդյանի միջեւ, Ա. Լալայանցի ստորագրությամբ գտնվում մեր ձեռքի տակ: Ի դեպ, այդ փաստաթղթի մեկ օրինակ էլ մենք տրամադրեցինք «Օրանժ-Տելեկոմին»: Այնուամենայնիվ, ընկերության ներկայացուցիչներն այս աղմուկի շարժառիթները բացատրում են այս կերպ. «Բնակիչների միջեւ աղմուկ է բարձրացել, քանի որ ամեն մեկն էլ կուզենար, որ իր հողատարածքում տեղակայվեր այդ սարքը, որովհետեւ վարձակալության համար մեծ գումարներ են վճարվում: Իրենց միջեւ կոնֆլիկտը հիմնականում դրա շուրջ է»: Չնայած «Օրանժ-Տելեկոմ» ընկերության ներկայացուցիչների այս պնդումներին, այդուհանդերձ, հիշեցնենք, որ բողոք-դիմումների թղթի տակ առկա է շուրջ 40 ընտանիքների անդամների ստորագրությունը, ինչից կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, այդ 40 ընտանիքները վերոնշյալ հավակնությունների համար չէ, որ պայքարում են:
Հ.Գ. Երեկ մենք տեղեկացանք, որ նման բողոքի մի ալիք էլ բարձրացել է Նոր Արեշի Բուռնազյան փողոցում, որտեղ նույնպես խիստ բնակելի տարածքում «Օրանժ-Տելեկոմը» ալեհավաք-աշտարակ է կառուցում: Մոտ 100 բնակիչներ դիմում-բողոքներ են ներկայացնում ինչպես Էրեբունու թաղապետարան, այնպես էլ` Երեւանի քաղաքապետարան: