Երեկ Շվեդիան ստանձնել է Եվրամիության նախագահությունը` այդ պաշտոնում փոխարինելով Չեխիային: Հաջորդ վեց ամսվա ընթացքում սկանդինավյան այս թագավորությունը ղեկավարելու է Միության աշխատանքը:
Եվրամիության նախագահության ժամանակաշրջանում Շվեդիայի առաջնային խնդիրները լինելու են պայքարը ֆինանսական ճգնաժամի եւ գործազրկության դեմ, Եվրամիության բարենորոգումը, կլիմայի փոփոխման խնդիրները, Լիսաբոնյան նոր պայմանագրի կիրառման հարցերը:
Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվելու Բալթիկ ծովի նկատմամբ Եվրամիության ռազմավարությանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին եւ գաղթի հարցերին, Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերություններին, «Արեւելյան գործընկերություն» ծրագրին եւ էներգետիկական անվտանգությանը: