Ժետոնի փոխարեն` քարտեր

01/07/2009

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից քարտային համակարգով օգտվող 200 ուղեւոր յուրաքանչյուր ամիս վիճակահանությամբ կստանա 20 երթեւեկություն կատարելու իրավունք: Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ մետրոպոլիտենի քարտերի շահած համարներն ամեն ամիս կփակցվեն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, իսկ շահումների արդյունքում ուղեւորների քարտերը կլիցաքավորվեն «Մարշալ Բաղրամյան» կայարանում: «Աստիճանաբար ցանկանում ենք մետրոպոլիտենում դուրս մղել ժետոնային համակարգը եւ ներդնել քարտայինը, ինչը եւ՛ ժամանակակից է, եւ՛ արդյունավետ: Քարտային համակարգի ներդրման շնորհիվ ուղեւորափոխադրումներն աճել են 1,2 տոկոսով»,- ասել է Փ. Յայլոյանը: Ըստ նրա` այս տարվա առաջին կիսամյակում մետրոպոլիտենից օգտվողների թիվը կազմել է 9 մլն, 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1,5 տոկոսով ավելի: Մետրոպոլիտենի տարեկան բյուջեն 3,7 մլրդ դրամ է, որից 1,8 մլրդ-ը տրամադրում է ՀՀ կառավարությունը: Մետրոպոլիտենի 2008թ. տարեկան շահույթը կազմել է շուրջ 900 մլն դրամ: Ըստ Փ. Յայլոյանի` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում մետրոպոլիտենում ոչ մի աշխատատեղ չի կրճատվել, ընդհակառակը` այս տարվա հունվարին 10 տոկոսով բարձրացվել են աշխատավարձերը, որը միջինը կազմում է 110 հազար դրամ:

Ի դեպ, նա նաեւ նշել է, որ իրենք բանակցություններ են վարում Եվրոպական բանկի հետ` 15 մլն եվրո վարկ վերցնելու նպատակով, որից 5մլն-ը լինելու է դրամաշնորհ: Փ. Յայլոյանի փոխանցմամբ` Եվրոպական բանկի հետ պայմանագիրը նախատեսվում է ստորագրել աշնանը:

Նշված գումարներն օգտագործվելու են մետրոպոլիտենի կայարաններում ջրատարների կառուցման եւ էներգախնայողության նոր համակարգեր ներդնելու համար: Փ. Յայլոյանի տեղեկացմամբ, Երեւանի քաղաքապետարանը բանակցություններ է վարում նաեւ Ասիական զարգացման բանկի հետ` դեպի Աջափնյակ համայնք մետրոպոլիտենի երկու նոր կայարանների կառուցումը ֆինանսավորելու եւ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում` դեպի «երիտասարդական» կայարան նոր ստորգետնյա անցում կառուցելու համար: «Մեծ ցանկություն կա այս աշխատանքները սկսել 2010 թվականից»,- նշեց Փ. Յայլոյանը: