Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, եւ դրանց` առավել մռայլ հեռանկարները վտանգավոր են Հայաստանի համար: Երեկվա ասուլիսում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` ավելացնելով, որ Իրանում տեղի ունեցած «գունավոր հեղափոխության» փորձը դեռ սկիզբն է փորձությունների այն շարքի, որոնք սպասում են այդ երկրին եւ ողջ տարածաշրջանին: Ըստ նրա, եթե Իրանում սկսվի քաղաքացիական պատերազմ, ապա կլինի փախստականների ահռելի մի հոսք դեպի Հայաստան եւ Ադրբեջան, ինչին այդ երկու երկրները պատրաստ չեն: Ըստ նրա, Իրանի ներսում տեղի ունեցող ցանկացած բախում` ազգային հիմքի վրա, անխուսափելիորեն կբերի պատերազմի` այլ պետությունների հետ, քանզի Արեւմուտքը վաղուց է «աչք դրել» Իրանի վրա: «Իրանը դա Իրաք չէ, այդ պետության տարածքը գրեթե 3 անգամ մեծ է, իսկ բնակչությունը` մի քանի անգամ ավելի: Որեւէ պետություն պատերազմի դեպքում չի կարողանա վերահսկել այդ տարածքը, սակայն կլինեն ավերածություններ եւ ռազմական գործողություններ, որոնք հրաբխի կվերածեն ողջ տարածաշրջանը: Իսկ Հայաստանը կհայտնվի այդ հրաբխի վրա»,- ասել է Լ. Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա` Հայաստանն արդեն իսկ գտնվում է երկու հրաբխի արանքում: «Մեկն առաջացել է ռուս-վրացական հակամարտությունից, մյուսի «հեղինակն» Ադրբեջանն է` Ղարաբաղի վերաբերյալ իր ռազմաշունչ հայտարարություններով, ռազմական բյուջեի վրա ծախսվող աստղաբաշխական թվերով եւ այլն: Եթե Ադրբեջանը հասկանա, որ ավելի ուժեղ է, նույն վայրկյանին կհարձակվի: Դժվար է հավատալ, որ այդ դեպքում Ադրբեջանը հաջողության հասնի, սակայն, այնուամենայնիվ, եթե դա տեղի ունենա, համոզված եղեք, որ նրա հավակնությունները միայն ԼՂՀ-ով չեն սահմանափակվի»,- նշել է նա: Ըստ Լ. Մելիք-Շահնազարյանի, Իրանում կատարվեց դասական «գունավոր հեղափոխության» փորձ, սակայն այս անգամ այն չստացվեց: «Իրականացնողները, ղեկավարները դրան պատրաստվել էին, սակայն պատրաստ չէր ժողովուրդը: Սակայն այս փորձը շատ բաներ փոխեց Իրանի հասարակությունում, եւ հաջորդ անգամները, իսկ դրանք, ըստ նրա, անպատճառ կլինեն, կավարտվեն հաջողությամբ: Այսօր Իրանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Տեղի ունեցած դեպքերը սասանեցին այդ պետության հենարանը, որը կար շուրջ 30 տարի: Իրանի ժողովրդի կապն արտաքին աշխարհի հետ, նրա մեջ աշխարհայացքի փոփոխություններն անխուսափելի են»,- ասել է նա: Ըստ Լ. Մելիք-Շահնազարյանի, Հայաստանը պետք է դասեր քաղի Իրանում տեղի ունեցածից: «Իրանի դեպքը ցույց տվեց, որ կրոնական ազգային հողի վրա միավորված ազգին մի քանի օրվա ընթացքում հնարավոր է բաժանել միմյանց ատող երկու մասերի, եւ Հայաստանը նույնպես պետք է պատրաստ լինի նման սադրանքների»,- հայտարարել է Մելիք-Շահնազարյանը: