Ակտիվները սառեցնում են սառնարաններում

01/07/2009

ԱՄՆ-ում շարունակվող «մեծ ռեցեսիան» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ ամերիկացիներին ստիպել է նվազեցնել տարեցտարի աճող սպառումը եւ մտածել ծախսերը կրճատելու մասին. բանը հասնում է փողերը սառնարաններում պահելուն եւ լապտերիկով զուգարան գնալուն:

Տնտեսագետները կատարվածը համարում են մտահոգիչ` հիշեցնելով, որ ապրանքների եւ ծառայությունների համաշխարհային արտադրության շարժիչը միշտ էլ եղել է ամերիկացիների շռայլ ապրելու ավանդույթը: Համընդհանուր խնայողության համար ծանրակշիռ պատճառ կա. ԱՄՆ-ի բոլոր տնային տնտեսությունները միասին անցյալ տարի ճգնաժամի պատճառով կորցրել են 11 տրիլիոն դոլար: Եվ, եթե նույնիսկ միլիարդատերերը, որոնք միլիոնատերերի կարգն են անցել, սեղմում են իրենց բյուջեն, ապա շարքային տնտեսուհիները փորձում են տնտեսել նույնիսկ մանրուքներում: Տպագիր եւ ինտերնետ-հրատարակություններում, չատերում եւ համաժողովներում ամերիկացիները հաճույքով ներկայացնում են իրենց այն փոքրիկ գաղտնիքները, թե ինչպես կարելի է փող խնայել: «Ես սառեցնում եմ իմ ակտիվները»,- «Անձնական փողեր» ամսագրում գրում է Ջեյմս Քիպը Նյու Յորքի նահանգի Տոնովանդա քաղաքից: «Փողերը դնում եմ ջրով լցված պլաստիկե արկղի մեջ եւ սառեցնում սառնարանում: Երբ շատ եմ ցանկանում ինչ-որ բան գնել, ես հիշում եմ, որ փողերը նախ պետք է հալչեն, եւ դրա համար ինչ-որ ժամանակ է պահանջվում: Որպես կանոն՝ սառույցի հալվելու ընթացքում այդ իրը ձեռք բերելու ցանկությունը մարում է»,- իր «փոքր խորամանկությունները» բացահայտում է միսիս Քիպը:

Տնային տնտեսուհիների գաղտնիքներն ավելի հաճախ պարզունակ գործողություններ են ենթադրում` զուգարան գնալ լապտերիկով` չվառելով լույսը, երբեք ջեռոցը չօգտագործել միայն մեկ ճաշատեսակ պատրաստելու համար, հրաժարվել լվացքի մեքենաներից, ամանեղենը լվալու եւ լվացվելու համար չօգտագործել հոսող ջուր, մթերքները պահել վակուումային փաթեթում եւ ամեն ինչ, ներառյալ պարենամթերքը, գնել ինտերնետի օգնությամբ, սպառավաճառքների ժամանակ: Նախկինում տնային տնտեսությամբ չզբաղվող տիկնայք սկսել են տնտեսել աղախինների ծառայություններից հրաժարվելու միջոցով: «Ես հաշվել եմ, որ շաբաթական 40 դոլար եմ տնտեսում, երբ ինքս եմ ջրում այգին, 125 դոլար, երբ ինքս եմ հավաքում տունը, ամսական 175 դոլար, երբ ինքս եմ հոգ տանում իմ չորս շներին: Երբ ինքս եմ այդ ամենով զբաղվում, ես այլեւս կարիք չեմ ունենում հաճախելու ֆիտնես-ակումբ»,- գրում է Բիվ Նորդանը Տեխասի նահանգի Ռաունդ Ռոքից:

Ամերիկյան ինտերնետում հայտնվել են բազմաթիվ «խնայողական» կայքեր, օրինակ, «Կիսիր դեղահաբը»: Տնտեսուհիները բժշկին խնդրում են իրենց դեղամիջոցի ամենաուժեղ դոզան նշանակել, որպեսզի հետո ընդունեն կեսական դեղահաբ, իսկ մյուս կեսը վաճառեն նույն ախտորոշումն ունեցող հիվանդներին: Հաշվի առնելով ամերիկյան դեղատներում առկա գները եւ դեղագործական արտադրանքի սպառման նկատմամբ բնակչության հակումը` արդյունքը կարող է շոշափելի լինել նույնիսկ միջին կարողության տեր ընտանիքի բյուջեի համար:

Ռուտը 52-ամյա նյույորքցի տիպիկ տնտեսուհի է Ռիվերդեյլ հեղինակավոր շրջանից: Այն բանից հետո, երբ նրա ամուսինը` Սթիվը, որը թանգարանային մենեջեր է, մի քանի ամիս առաջ կրճատման տակ ընկավ եւ մնաց առանց աշխատանքի, ընտանիքը ստիպված եղավ վերանայել իր բյուջեն: «Դե, օրինակ, այժմ ես մազերս ներկելու համար վարսավիրանոց չեմ գնում, դա ինձ համար անում է ամուսինս: Ես էլ իմ հերթին կտրում եմ նրա մազերը»,- պատմում է Ռուտը` գնահատելով բյուջեի տարեկան մոտ 1000 դոլարի հասնող այդ բաժինը: Ընտանիքը զեղչերի կտրոններ է հավաքում գերխանութում եւ գիտի մսամթերքի սպառավաճառքի օրը: Ընտանեկան զույգն սկսել է վերանայել հին պայմանագրերը, որոնք վերաբերում են, մասնավորապես, ավտոմեքենայի ապահովագրմանը, ինչպես նաեւ կաբելային հեռուստատեսության փաթեթը, ինտերնետը: «Մենք նկատել ենք, որ ընկերություններն այժմ նոր հաճախորդներին մեծ զեղչեր են առաջարկում: Հավանաբար ժամանակն է, որ մենք վերանայենք մեր պայմանագրերը եւ ընտրենք ամենաօպտիմալները»,- ասում է Ռուտը: