«Կլանային» քաղաքականություն

03/08/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Այն բանից հետո, երբ 1997 թվականին իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը,
ղարաբաղյան կլանը համարվում է երկրում առաջատար քաղաքական ուժը»,- սա ոչ
թե հատված է ինչ-որ ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթից, այլ մեջբերում
է «Ճգնաժամերի միջազգային խմբի» պատրաստած զեկույցից: «Հայաստան:
Ներքաղաքական անկայունության նախաշեմին» զեկույցը, որը հրապարակվել է 2004
թվականի հոկտեմբերի 18-ին, մանրամասն ներկայացնում է Հայաստանի թե ներքին,
թե արտաքին քաղաքական իրավիճակը: Զեկույցի նպատակն է պարզել՝ արդյոք
Հայաստանում առկա՞ են ներքաղաքական անկայունության եւ նոր քաղաքական
զարգացումների նախադրյալներ: Այս զեկույցը հետաքրքիր է հատկապես
հետխորհրդային երկրներում գունավոր հեղափոխությունների իրականացման
համատեքստում: Ընդ որում, ավելի քան կես տարի առաջ եվրոպացի փորձագետների
կողմից արված մի շարք կանխատեսումներ արդեն իրականացել են: Որպես
քաղաքական անկայունության աղբյուրներ՝ զեկույցում առանձնացված են՝
քաղաքական բռնությունը (քաղաքական բռնության պատմությունը, 2003 թվականի
ընտրությունները, 2004 թվականի ապրիլյան իրադարձությունները), Լեռնային
Ղարաբաղը (Լեռնային Ղարաբաղը` որպես Ադրբեջանի հետ հակամարտության
հնարավոր պատճառ, Լեռնային Ղարաբաղը՝ որպես ներքին պառակտման հնարավոր
պատճառ): Բայց առավել հետաքրքիր են «Ճգնաժամերի միջազգային խմբի»
գնահատականները քաղաքական կոնյունկտուրայի վերաբերյալ:

«Ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը չեն վայելում ժողովրդի
աջակցությունը»,- այսպես է սկսվում «Ճգնաժամերի միջազգային խմբի»՝
Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հատվածը: «Քաղաքական դաշտն իրար
մեջ կիսում են իշխանամետ կուսակցություններից կազմված, ներկայումս իշխող
քաղաքական կոալիցիան, որը վերահսկվում է նախագահ Քոչարյանի կողմից, եւ
ընդդիմությունը՝ տրամագծորեն հակառակ գաղափարախոսությամբ, լղոզված եւ
անկազմակերպ»: 2003 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ
«Ճգնաժամերի միջազգային խմբի» զեկույցում մեջբերված է ԵԱՀԿ դիտորդական
խմբի գնահատականը, ըստ որի՝ ընտրությունները չեն համապատասխանել
միջազգային չափանիշներին: Մանրամասն ներկայացված է Ռոբերտ Քոչարյանի
կերպարը. «Ռոբերտ Քոչարյանը իր կարիերան սկսել է Խորհրդային Ադրբեջանում՝
Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի կուսակցական ղեկավարի պաշտոնում»:
Այնուհետեւ նշված են Ղարաբաղում նրա զբաղեցրած պաշտոնները, որին հետեւում
է նրա հայաստանյան գործունեության շրջանը: Չնայած Քոչարյանը հերքում է իր
ՀՀՇ-ական անցյալը, «Ճգնաժամերի միջազգային խմբի» զեկույցում նշված է՝
«Քոչարյանը Հայոց Համազգային Շարժման միջոցով 1997 թվականին մուտք գործեց
Հայաստանի քաղաքական դաշտ՝ նշանակվելով վարչապետի պաշտոնում»:
«Հայաստանցիների մեծամասնության համար 50-ամյա Քոչարյանը ներկայանում է
որպես օտար՝ հայկական քաղաքականության ավանդույթներին նրա
անհամապատասխանության տեսանկյունից»: Այդ բարդույթը, ըստ զեկույցի
հեղինակների, Քոչարյանը հաղթահարել ու իր իշխանությունն ամրապնդել է՝
առանցքային պաշտոններում նշանակելով հիմնականում ղարաբաղյան ծագում
ունեցող մարդկանց, «եւ այսօր նա կարող է վստահել ղարաբաղցիների այդ
ցանցին, ովքեր պարտական են նրան ու իր կլանին իրենց քաղաքական կարգավիճակի
համար»: Որպես Քոչարյանի մերձավոր շրջապատի ամենաազդեցիկ ներկայացուցիչ՝
նշված է Սերժ Սարգսյանի անունը, որն էլ, զեկույցի հեղինակների կարծիքով,
Քոչարյանի իրավահաջորդի ամենահավանական թեկնածուն է եւ կարող է
անվտանգության երաշխիքներ տալ Քոչարյանին:

Ինչ վերաբերում է քաղաքական կոալիցիային, ապա «Ճգնաժամերի միջազգային
խմբի» փորձագետները մանրամասն նկարագրել են երեք կուսակցություններին էլ,
սակայն ամենաշատն ուշադրություն են դարձրել Դաշնակցության վրա:
Հանրապետական կուսակցությունը, որն ամենաազդեցիկն է կոալիցիայում,
ամենաշատն է հակված այդ դաշինքի փլուզմանը: «1990 թվականին հիմնադրված այս
կուսակցությունը բաղկացած է առավելապես նախկին կոմունիստական վերնախավի
ներկայացուցիչներից: Նրանց նպատակն է՝ վերադարձնել խորհրդային տարիներին
իրենց ունեցած տնտեսական իշխանությունը»: Ըստ զեկույցի հեղինակների,
հանրապետականները Քոչարյանին զգուշավոր են վերաբերվում՝ մտավախություն
ունենալով, որ նա կարող է վերսկսել հակամարտությունն Ադրբեջանի հետ: Այդ
դեպքում, նրանց կարծիքով, հանրապետականները կլքեն Քոչարյանին եւ կանցնեն
ընդդիմության կողմը:

«Օրինաց երկիրը» ներկայացված է հիմնականում որպես Ֆրանսիայի
հովանավորությունը վայելող Արթուր Բաղդասարյանի կուսակցություն: Չնայած
վերջինս, զեկույցի հեղինակների կարծիքով, չունի բանակի եւ իրավապահ
մարմինների աջակցությունը, սակայն բացառված չէ, որ 2008 թվականին դառնա
նախագահի միանգամայն հավանական թեկնածու:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, կամ ինչպես զեկույցում է նշված՝
դաշնակների կուսակցությանը, ապա այն մյուս կուսակցությունների համեմատ
Քոչարյանի նկատմամբ ամենալոյալ տրամադրված քաղաքական ուժն է: «ՀՅԴ-ն եւ
ղարաբաղյան կլանը շատ մոտ են իրար: Նրանք հավատում են երկրի անվտանգության
ուժերը ամրապնդելու անհրաժեշտությանը եւ ունեն նույնանման հակաթուրքական
դիրքորոշում: Դաշնակները, կարծես, ավելի շատ զբաղված են գաղափարական
խնդիրներով, քան Քոչարյանին փոխարինող առաջնորդ որոնելով»: Մյուս կողմից,
ընդգծված է, որ իշխանության գալուց հետո Դաշնակցության մեջ խորացել են
տարաձայնությունները՝ հիմնականում ՀՅԴ-ի հայաստանյան եւ արտասահմանյան
ներկայացուցիչների միջեւ:

Հետաքրքիր է նաեւ, թե ինչպես է «Ճգնաժամերի միջազգային խումբը»
բնութագրում Հայաստանի ընդդիմությանը՝ «Դեմիրճյանների կլան»,
«Սարգսյանների կլան», «Գեղամյանների կլան», եւ այլն: Նշված է, որ
ընդդիմադիր կուսակցությունները եւս ձեւավորվել են անձերի շուրջ եւ
հիմնականում՝ ժառանգականության սկզբունքով: Ընդդիմադիրների այս խմբից
առանձնացված է ՀՀՇ-ն, որն, ըստ զեկույցի հեղինակների, ներկայումս ավելի
շատ լոբբիստների խումբ է հիշեցնում եւ զբաղվում է մասնավոր
խորհրդատվությամբ: Նրանց կարծիքով, ներկայումս ՀՀՇ-ում ամենաազդեցիկ
գործիչներից մեկը Դավիթ Շահնազարյանն է:

«Ճգնաժամերի միջազգային խմբի» զեկույցում ուսումնասիրվել են նաեւ
Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներն ու տնտեսության վիճակը: Դրանց
կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում: