– Հիմա ուր որ է կգա, գալու ժամանակն է, որոշ ժամանակ անց այստեղ կլինի, հավատա խոսքիս,- ասաց Մաքսը:
Մինչ Մաքսը խոսում էր, գինետան մի անկյունում սեղանի առջեւ նստած փոքրամարմին մարդը գլուխը տմբտմբացնելով համաձայնվում էր Մաքսի ասածներին: Գինեսեղանը սրբելիս Մաքսը մտածում էր, թե այս խեղճուկրակ մարդն ինչ կապ կարող էր ունենալ Փիթի նման երիտասարդի հետ: Ճիշտ այդ պահին մի գեղեցկադեմ կին փութանակի մտավ գինետուն, եւ սոդայով վիսկի պատվիրեց: Մինչ կինը զբաղված էր խմելով, Մաքսը շարունակեց ընդհատված զրույցը փոքրամարմին մարդու հետ:
– Թեեւ չեմ սիրում ուրիշի գործերին խառնվել, բայց ուզում եմ հասկանալ, թե ինչու եք ուզում տեսնել Փիթին,- հարցրեց Մաքսը:
– Ինչպե՞ս,- միջամտեց տիկինը:
– Ներեցեք, խնդրեմ, տիկին, խոսքս ձեզ չէր ուղղված, ես դիմացի սեղանին նստած այն փոքրամարմին մարդու հետ էի խոսում,- ասաց Մաքսը:
– Բայց նա իմ բարեկամն է,- ավելացրեց տիկինը:
– Ոչ, ոչ, սխալվում եք, տիկին,- արագորեն ասաց Մաքսը,- ես այն փոքր մարդու հետ էի խոսում:
Մաքսն էլ էր զարմանում, թե ինչու էր այդ մարդուն «փոքր» մակդիրով բնորոշել:
– Այդ ամենի իսկությունն ընդունելով, ես մի անգամ եւս հաստատում եմ, որ նա իմ բարեկամն է,- հարեց տիկինը:
– Բայց, Աստված սիրեք, ո՞վ է ձեր բարեկամը,- հարցրեց Մաքսը միանգամայն շվարած:
– Ո՞վ պիտի լինի, Փիթը, – պատասխանեց բորբոքված տիկինը: Այս խոսքի վրա փոքրամարմին մարդը հանկարծահաս ոստնումով տեղից վեր թռավ, մոտեցավ գինեսեղանին, ուշադիր զննեց կնոջն ու փորձեց ժպտալ:
Մաքսը շփոթության մեջ ընկավ: Ի՞նչ էր այս մարդու նպատակը, ի՞նչ էր ուզում:
– Ես… ես Փիթի հայրն եմ,- կմկմաց փոքրիկ մարդը:
Այս անգամ կինն իր խոժոռ հայացքը սեւեռեց փոքր մարդու վրա եւ տակնիվեր չափչփեց նրան: Կնոջ հայացքը քամահրական էր թվում: Մաքսը տարակուսանքի մեջ էր, կատարվածից բան չէր հասկանում, շվարած դատավորի պես ուզում էր ամեն մեկի նկարագիրը ստուգել, բայց իր շփոթմունքի մեջ ի վիճակի չէր որեւէ բան անելու, անճարակության էր մատնվել:
– Դու նրա հա՞յրն ես,- կրկնեց կինը:
– Այո, ես Փիթ Մորգանի հայրն եմ, – պատասխանեց մարդուկը:
– Իմ անունը Էթել Պիիտ է,- ասաց կինը:
Մաքսն այս կնոջ անունը եւ ազգանունն արտասանելու եղանակից այն կանխազգացումն ունեցավ, որ նա չէր կարող լավը լինել:
– Փիթ Մորգանն իմ տղան է, իսկ ինձ Հենրի են կոչում,- ասաց մարդուկը:
– Ուրախ եմ ծանոթանալու համար, – ասաց կինը:
– Շնորհակալ եմ, այս գիշեր եկա այստեղ տղայիս տեսնելու համար: Երկու շաբաթ է՝ տուն չի գալիս, մտահոգված ենք: Վերջերս միշտ մտահոգ ու բարկացած է: Անխոհեմ ու տարօրինակ որեւէ բան կարող է նրան հավասարակշռությունից հանել:
Կինը մի ամբողջ րոպե առանց բառ իսկ արտասանելու նայեց մարդուն:
Մաքսը շվարած էր, կատարվածից ոչինչ չէր հասկանում: Փիթն ամեն գիշեր գինետուն էր գալիս կեսօրվա տասներկուսի կամ երկուսի կողմերը` սովորաբար մենակ: Այս գիշեր ժամը տասին հայրը եւ տասնմեկից հետո մորը տարեկից մի կին եկել էին նրան փնտրելու:
– Ձեր տղան տարօրինակ եւ շատ հետաքրքիր երիտասարդ է,- ասաց կինը:
– Ես որդուս շատ լավ եմ ճանաչում, նա կենսալի եւ թովիչ է մանավանդ զավակներ չունեցողների համար:
– Նրա կոչումն ու ապագան ինձ շատ են հետաքրքրում,- հավելեց կինը:
– Շնորհակալ եմ, շատ ազնիվ եք, ի՞նչ է որդուս նախասիրությունը: Ի՞նչ է ուզում դառնալ:
– Դերասանություն, ուզում է դերասան դառնալ,- ասաց կինը:
– Զարմանալի է եւ տարօրինակ, նա հազար ու մի ցանկություն ունի: Գիտե՞ք, թե քանի տարեկան է տղաս,- հարցրեց մարդուկը:
– Ասում է, թե քսանմեկ տարեկան է:
– Սուտ, հերյուրած սուտ, նույնիսկ տասնյոթը չի լրացել, – գոչեց մարդը բարկացած:
– Մի րոպե, ի՞նչ ասացիք, տասնյոթ տարեկան էլ չկա՞: Սակայն երկու շաբաթ է` ամեն գիշեր գալիս է այստեղ եւ տարեց մարդու նման խմում է: Ես անչափահաս տղաներին խմիչք մատուցելու արտոնություն չունեմ: Ես կարծում էի, թե Փիթը քսաներկու-քսաներեք տարեկանից պակաս չի,- ասաց Մաքսը:
– Ոչ, նույնիսկ տասնյոթը չի լրացել: 1925-ի ծնունդ է եւ գալիք օգոստոսի 21-ին տասնյոթ տարեկան կդառնա,- ասաց հայրը զարմացած:
Մի պահ խորհրդավոր լռություն տիրեց: Փոքրամարմին մարդը հույս ուներ, թե կինը կմեկնի եւ իրեն նստելու եւ տղայի հետ առանձին խոսելու հնարավորություն կտա, սակայն կինը գնալու տրամադրված չէր:
– Այո, նույնիսկ տասնյոթ տարեկան էլ չկա,- հառաչեց ծերուկը լռությունը խզելու համար:
– Հասկացա,- բացականչեց կինը բարկացայտ:
– Փիթը դժվարահաճ է եւ պահանջկոտ, իր անմիջական շրջապատից շատ բան է ակնկալում, ակնկալում է, որ ամեն ոք ինչ-որ բան տա իրեն: Նրան փող տալի՞ս եք,- հարցրեց ծերուկը վրդովված:
Մաքսը սպասում էր, որ այս հարցով կինը շփոթության կմատնվի, սակայն նա պաղարյուն սառնասրտությամբ պատասխանեց.
– Այո, շռայլորեն տալիս եմ,- որովհետեւ Փիթը տիրապետում է դրամ ծախսելու արվեստին:
– Ամուսնացա՞ծ եք,- ընդմիջեց փոքրուկ մարդը:
– Ինչպե՞ս,- հարցրեց կինը:
– Լավ, այլ կերպ ասած, զավակներ ունե՞ք:
– Այո, մեծ աղջիկս տասնինը, իսկ փոքրը` յոթ տարեկան են:
Հետո` Մաքսի կողմը շրջվելով.
– Խնդրում եմ, եւս մի սոդայով վիսկի,- ասաց կինը հուզված:
Մաքսը մի բաժակ եւս մատուցեց տիկնոջը, որը ցմրուր պարպվեց: Փոքրուկ մարդը խմելուց հրաժարվեց:
– Ձեր ամուսինը երեւի թե մեծահարուստ է,- ասաց Փիթի հայրը:
– Ես` հարուստ, բայց իմ բոլոր ամուսինները չքավոր են եղել:
– Փիթին ուզում եք որդեգրե՞լ:
– Ինչպե՞ս,- ասաց կինը՝ այս անգամ մինչեւ հոգու խորքը վրդովված:
– Իմ տղան է, եւ ես շատ լավ եմ ճանաչում նրան: Նա չի կարող մեզ երջանկացնել: Ինչ որ մտադիր եք նրա համար անել, անօգուտ է, նրան սիրաշահել չեք կարող: Զգույշ եղեք, հանկարծ ցավ չպատճառեք նրան, տարօրինակ է եւ երբեմն ջղագար, կարող է որեւէ բան անել, կարող է նույնիսկ առանց խղճմտանքի սպանել ձեզ եւ իրեն հանցավոր չզգալ: Այդ ամենի հետ մեկտեղ, զգայուն եւ բարեսիրտ է, կկամենայի, որ կյանքի ժայռին բախվի եւ փորձառությամբ ըմբռնի, թե ի՞նչ բանի է ընդունակ եւ թե ի՞նչ կարող է անել: Վերջերս տագնապալի եւ անզուսպ է դարձել, զայրույթով է համակված եւ ամեն բանի հանդեպ խորապես ձանձրացած է զգում: Զգույշ, նման իրավիճակում կարող է որեւէ փորձանք բերել մեկի գլխին,- ասաց մարդը ցավագինորեն:
– Չեմ հասկանում, թե ինչ եք ուզում ասել,- ասաց կինը:
– Ուզում եմ ասել, որ ես տղայիս խենթի պես սիրում եմ: Եվ սիրում եմ հավանաբար այն բանի համար, որ նա մեզնից որեւէ մեկին նման չի, ոչ ինձ, ոչ մորը, ոչ քույրերին ու եղբայրներին: Ամենքս էլ պաշտելու չափ սիրում ենք նրան, սակայն ես՝ ամենքից առավել: Փիթը հարգում եւ քաշվում է ինձնից եւ աշխարհում որեւէ մեկից ավելի ինձ է սիրում, համոզված եմ, որ ինձ պաշտում է: Ինձ թվում է, թե դուք Փիթի հետ ամուսնանալու մտադրություն չունեք,- ասաց փոքրուկ մարդը վարանումով:
«Նույնիսկ չէի պատկերացնում, որ այս փոքր ու աննշմար գինետան մեջ այսպիսի արտառոց դեպքերի ականատեսը կարող եմ լինել եւ կարող եմ այսպիսի տարօրինակ մարդկանց հանդիպել». ինքն իր խորքում մտմտաց Մաքսը:
– Տիկին, դուք Փիթից քսան տարով մեծ եք,- պաղատական տոնով հավելեց փոքրուկ մարդը:
– Ձեզ արդեն ասացի, որ տասնինը տարեկան աղջիկ ունեմ,- ասաց կինը վճռական:
– Ուրեմն կամենում եք Փիթին որդեգրե՞լ,- աճապարեց մարդը:
– Ո՛չ, հենց վաղը պիտի ամուսնանանք:
– Այս ինչ տարօրինակ բան է,- ասաց Մաքսն ինքն իրեն,- հնարավո՞ր է, որ Փիթն այսպիսի բարձրաստիճան տիկնոջ հետ ամուսնանա, այն ցավագար տղան, որ կինոնկարի ավազակապետի եւ բալետի պարուհու միջեւ խաչափայտի նման տարուբերվող մի բան է, որ դերասանի շարժուձեւ ունի, եւ քայլում է գամփռի արագությամբ, նա, որ աշխարհի ամենածիծաղաշարժ բաներն է պատմում, խոսելու փոխարեն գոռում է, փողը մաշված կոճակի պես այս ու այն կողմ է նետում, այսպիսի գեր ու տարեց կնոջ հե՞տ պիտի ամուսնանա:
Մաքսը ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել նման գաղափարի հետ:
– Հասկանում եմ,- ասաց փոքրամարմին մարդը գլուխը տարուբերելով եւ մի պահ եւս մեղմորեն կնոջը նայելով,- հասկանում եմ, հասկանում եմ,- գլուխը փորձառու մարդու լրջությամբ տարուբերելով ասաց մարդուկը:
– Խորապես սիրահարված ենք,- մեղմաձայն շշնջաց կինը:
Պարզ էր, որ կինը հուզված եւ վիրավորված էր: Նույնիսկ Մաքսը անմասն չէր կտտացող ցավին: Այո, կինն արտասվելու չափ հուզված էր: Բայց Մաքսը չէր հաշտվում պատահածի հետ, եւ մտածում էր, որ եթե այս կինը որոշել էր ամուսնանալ, ապա հարկ էր, որ իրեն տարեկից մեկին ընտրեր: Այո, սերը Մաքսի մեջ էլ սկսել էր պեծկլտալ: Աստված իմ, ինչ հարմար էին միմյանց, այս կինն իր նման մեկի հետ պիտի ամուսնանար:
Մաքսն անհանգիստ ու տագնապալի էր: Փիթի գալու ժամանակը մոտեցել էր, մի րոպեից կարող էր այստեղ լինել, եւ եթե մինչ այդ այս երկուսից որեւէ մեկը չհեռանար, գինետան մեջ տհաճ բաներ կարող էին պատահել:
– Հիմա ուր որ է կգա,- ասաց Մաքսը քթի տակ ու սկսեց սեղանը սրբել, որպեսզի իր դիտողությունը ուշադրությունից չվրիպի:
– Այո, գիտենք,- կրկնեցին փոքրամարմին մարդն ու կինը միաժամանակ:
– Ինչ էլ որ պատահի, մենք որոշել ենք ամուսնանալ,- անհողդողդ կրկնեց կինը:
– Մի մտահոգվեք, տիկին, ես թույլ կտամ, որ տղաս իր ուզած ձեւով վարվի, հասնի իր ուզածին, նույնիսկ կձեւացնեմ, թե անտեղյակ եմ կատարվածին: Երբ ամուսնանաք, եւ խնդիրը լուծվի, մորն էլ կհամոզեմ, որ համակերպվի եւ դույզն-ինչ չընդդիմանա: Մենք կամենում ենք, որ Փիթը երջանիկ լինի:
– Իսկապես, շատ ազնիվ եք,- ասաց կինը հուզախռիվ:
Մաքսը նկատեց, որ կինն անելանելի վիճակի մեջ էր:
– Այժմ, որպես հայր, պարտավոր եմ մտածել տղայիս կյանքի եւ ապագայի մասին, ծնողի պարտականությունն է, – ասաց փոքրուկ մարդը նվաղուն ձայնով, եւ ապա առանց բառ իսկ արտասանելու, ուղղվեց դեպի դուռը, եւ հոգսաբեռ հեռացավ:
– Մի սոդայով վիսկի եւս,- հառաչեց կինը:
Կինը նյարդային էր եւ տխուր: Հուզումից եւ ամոթից շիկնած` դեմքը հանկարծ ապշելիորեն գեշացել էր: Սկզբում գեղեցիկ եւ առինքնող հանդարտություն կար դեմքի վրա, իսկ հիմա մռայլ ու ահարկու կերպարանք ուներ:
– Փիթի նման խանդավառ ու խենթուխելառ պատանին կարող էր այսպիսի տարեց կնոջ համար հաճելի ընկեր լինել: Ինձ թվում է, որ այս տղան այսպիսի տարեց կնոջ համար անգին գանձ է, ամեն ինչ է,- ինքն իրեն ասաց Մաքսը:
Մաքսն այս մտքերով խռովված, խմիչքի բաժակը դրեց կնոջ առջեւ եւ ապա պղնձադրամը նետելով աշխատեցրեց գրամոֆոնը:
Մաքսի գլուխը ծանրացել էր, զանազան մտքեր էին պտտվում այնտեղ: Արդյո՞ք Փիթը կամաչի, երբ իմանա, որ ինքը տեղյակ է իր եւ այս կնոջ հարաբերությունների մասին: Կամ, եթե ինքը Փիթի պես պարմանի լիներ եւ սիրահարվեր այս տարիքի կնոջ, պիտի համարձակվե՞ր առանց խրտնելու փողոցներում նրա հետ քայլել:
Երբ նվագը դադարեց, Մաքսը գրամոֆոնի մեջ դարձյալ մետաղադրամ նետեց, որ երաժշտությունը շարունակվի: Փիթի գալու ժամանակը մոտեցել էր եւ Մաքսն անընդհատ դուրս էր նայում: Ի՞նչ աներ, պետք չէր, որ երաժշտությունը դադարեր, հետեւաբար շարունակեց գրամոֆոնի մեջ դրամ նետել` հայացքը միշտ դռանն ուղղած:
Հնչեց ժամը երկուսը: Գինետունը փակելու ժամանակն էր:
Կինը վճարեց ինը բաժակ վիսկիի համար, ու զառանցելով ծանրաքայլ եւ մտահոգ ուղղվեց դեպի դուռը: Եվ հետո հանկարծական շարժումով ետ դարձավ:
– Ճիշտ է, տիկին, ես տասնյոթ տարեկան չեմ: Ոչ պարողի ռիթմիկ քայլվածք ունեմ, ոչ էլ աշխարհի ամենազվարճաբան երիտասարդն եմ, թեպետ կարծածի չափ աններկայանալի մեկը չեմ: Եթե լրջորեն մտածենք, դու ինձ նման մեկին հարմար ես, քնքուշ տիկին: Ավելի ճիշտ, պատշաճ է, որ դու ինձ հետ ամուսնանաս,- ասաց Մաքսն ինքն իրեն:
Մաքսը դաստակները զետեղեց գինեսեղանի վրա, գլուխն առավ ափերի մեջ, շրջվեց դեպի կինը, հաճելի անակնկալ ակնկալողի պես: Կինը բացեց պայուսակը, թղթադրամ հանեց, այն տեղավորեց Մաքսի բռան մեջ, սեղմեց նրա ձեռքը եւ դեպի դուռը ուղղվեց: Մի պահ ընդոստ կանգնեց` վարանոտ ու մտազբաղ:
– Արածդ տխմարություն է, խենթ կին, լավ մտածիր, որոշիր եւ եկ ինձ մոտ, մենք միմյանց շատ հարմար ենք: Դու մարմնով պիրկ ու գիրուկ ես, իսկ ես թիկնեղ եմ, ծածկամիտ ու առնական,- ասաց Մաքսն ինքն իրեն:
– Ես Փիթին խենթի պես սիրում եմ,- կրկնեց կինը հուզումնավառ:
– Ա՜խ…ա՜խ, իմանայիր գոնե, թե ինչքան եմ քեզ սիրում, դու չես հասկանում, թե մենք որքան սիրահարված ենք մեկմեկու: Եկ, ասա ցանկալի բառը, հայտնիր սերդ,- ինքն իրեն կրկնում էր Մաքսը:
– Տիկին, տիկին,- կմկմաց Մաքսը:
Տիկինը մոտեցավ, ավելի մոտեցավ ու սպասեց:
– Տիկին…, ես…ես,- ասաց Մաքսը:
– Այո,- պատասխանեց կինը:
– Ցավում եմ, որ երկու շաբաթվա ընթացքում Փիթն առաջին անգամ է այսքան ուշանում,- ասաց Մաքսը:
– Հոգ չէ,- ասաց կինը:
– Կարող եմ ձեզ համար տաքսի պատվիրել:
– Մեքենան դրսում ինձ է սպասում:
– Ինձ համար բացառիկ հաճույք պիտի լիներ ձեզ մինչեւ տուն ուղեկցելը եւ…այսինքն…
– Շնորհակալ եմ, շատ ազնիվ եք, վարորդս մեքենայի մեջ է:
Մաքսն ուզում էր գինեսեղանի ետեւից դուրս գալ ու դուռը բացել, բայց մինչ այդ արդեն կինը դուրս էր սողոսկել: Մաքսը գնաց գինետան դուռը փակելու, նկատեց, որ վարորդը մեքենայի դուռը բացեց, կնոջը ներս հրավիրեց եւ հանկարծական ոստումով մեքենան անհետացավ խավարի մեջ:
Մաքսը մի քանի րոպե մտազբաղ կանգնեց դռան առաջ: Այս ինչ տարօրինակ աշխարհ է: Ի՞նչ էր գլխին եկածը: Այնուհետեւ վերադարձավ գինետուն, ամեն բան կարգի բերեց, վերարկուն հագավ, մի գավաթ խմիչք լցրեց եւ տարօրինակ մտորումների մեջ թաղված շտապ կլլեց:
Հենց այդ պահին դուռն այնքան ուժգնորեն դղրդաց, որ Մաքսը ժամանակ անգամ չունեցավ գոռալու, թե գինետունը փակ է:
Դուռը դարձյալ դղրդաց եւ այս անգամ դղրդոցին միացավ Փիթի բարձրագոչ ձայնը:
– Հե՜յ, Մաքս, մի րոպե դուռը բացիր:
Մաքսը փութաց դեպի դուռը: Այս ամենից հետո արժեր Փիթին տեսնել:
– Սատանան տանի, ո՞ւր էիր, ինչո՞ւ այսքան ուշացար:
– Մի հարցրու, Մաքս, շատ հաճելի բան պատահեց: Ինձ խմիչք հասցրու, շտապ:
Մաքսը բաժակը լցրեց: Փիթը խմիչքը կլլեց, ապա շուրջը նայեց, եւ տխմարի պես ժպտաց: Հաճելի էր նրան այդ վիճակում տեսնելը:
– Մաքս, տես է՜, սիրահարված եմ, հրաշալի է, հրաշալի զգացում է:
– Այո, գիտեմ, որ սիրահարված ես:
– Գիտե՞ս, որտեղի՞ց գիտես, այս գիշեր եմ նրան հանդիպել:
– Ո՞ւմ հանդիպեցիր:
– Հանդիպեցի աշխարհի ամենագեղեցիկ աղջկան: Դեռատի մի աղջիկ, քնքուշ, վարդի պես թարմ, պարզ ու անմեղ… ինչպես ասեմ, Աստված վկա, հրաշալի է, հրաշալի:
– Լավ, հասկացանք, հրաշալի է, հրաշալի:
– Տասնչորս տարեկան, պարզապես անթերի: Գիտե՞ս որտեղ հանդիպեցինք միմյանց:
– Որտե՞ղ, կինոթատրոնո՞ւմ:
– Ոչ,- գոռաց Փիթը,- ժամադրության էի, հետաձգեցի ու տուն գնացի (այս խոսքի վրա բարձրաձայն քրքջաց), ճանապարհին ծաղկավաճառի խանութը մտա մի փունջ ծաղիկ գնելու: Աղջիկն այնտեղ էր, ծաղկավաճառի դուստրը, կիսով չափ իռլանդացի, կիսով չափ էլ իտալացի, գեղեցիկ, բարեհամբույր եւ միայնակ: Ծաղիկ գնեցի, տուն դարձա եւ մինչեւ հորս գալը այս աղջկա մասին խորհեցի: Հայրս արտաժամյա աշխատանքի համար գործարան էր գնացել, ուշացավ, եւ ես քիչ հետո դարձյալ ծաղկավաճառի խանութը գնացի, աղջկա հորն ու մորը տեսա եւ նրան կինոթատրոն տանելու թույլտվություն խնդրեցի, կինոյից հետո նրան տուն տարա եւ հարբածի պես թափառեցի քաղաքի փողոցներով:
– Հասկանում եմ,- ասաց Մաքսը գլուխը տարուբերելով։
– Այս գիշեր գործերդ ո՞նց էին:
– Լավ, բավական լավ:
– Ովքե՞ր եկան:
– Սովորականի պես, մի քանի ծանոթ հաճախորդներ:
– Հետաքրքրական որեւէ դեպք կամ զրույց չպատահե՞ց:
– Է՜հ, այո:
– Մաքս, գործդ շատ հետաքրքիր է: Մի օր ես էլ պիտի գինետուն բացեմ, սիրում եմ զանազան մարդկանց հետ շփումներ ունենալ, լսել նրանց խոսակցությունները եւ ծանոթանալ նրանց կյանքի վայրիվերումներին: Հա, Մաքս, մեծ փոփոխություն է տարբեր տեսակի մարդկանց ճանաչելը, բոլոր մարդկանց հետ ծանոթանալը, զանազան դեմքեր տեսնելը, հրաշալի է, հրաշալի: Հատկապես կուզենայի նրանց ծիծաղի ձայնը լսել: Գիտե՞ս, թե իմ սիրած աղջիկն ինչպես է ծիծաղում:
– Ոչ:
– Հրեշտակի նման: Սիրտս կծկվում է, երբ նա ծիծաղում է: Աշխարհում ոչ մի բան ինձ այնքան չի տխրեցնում, որքան նրա ծիծաղը: Եվ իմանալ, որ աշխարհը լեցուն է նրա պես լքված հրեշտակներով:
– Ճիշտ է,- ասաց Մաքսը:
– Այո, խնդիրն այն է, որ նրանք ամենուրեք շատ են, աշխարհի բոլոր ծագերում:
– Ճիշտ ես ասում, նրանք ամենուր շատ են,- հաստատեց Մաքսը:
– Նրանք ամեն տեղ են, ուր որ գնաս՝ դիմացդ կելնեն: Այս մեկը, այս հրեշտակը մեր ծաղկավաճառի մոտ էր, իսկ մյուս թաղերի մեջ եղածնե՞րը, բոլոր քաղաքների մեջ ապրող բյուր-հազարավոր դեռատի աղջիկները…,- խղճահարված հավելեց Փիթը:
– Այո, իրոք որ, Փիթ, համաձայն եմ,- հաստատեց Մաքսը:
Մաքսը դարձյալ խոր մտածումների գիրկն ընկավ: Զգաց, որ տարիքն առել է, բայց գոհ ու երախտապարտ էր, որ իր գործն ուներ, կյանքի հանգստավետ պայմաններ, տուն եւ բարեկեցիկ կյանք: Եվ սակայն այս ամենով հանդերձ՝ իրեն հանցավոր էր զգում ու հիմա արդեն ծեր մարդու ահավոր անտարբերությամբ էր վարվում հազարավոր նման աղջիկների հետ:
– Այո, իրոք որ իրավացի ես, Փիթ, մենք նրանց հանդեպ անզգա եւ անտարբեր ենք եղել,- ավաղեց Մաքսը:
Փիթը մի բաժակ եւս պարպեց եւ գինեսեղանի վրա մի դոլարանոց նետեց:
– Այս գիշեր խմիչքն իմ հաշվին է,- ասաց Մաքսը:
– Շնորհակալ եմ, վաղը կտեսնվենք…,- այնուհետեւ կմկմաց եւ մի պահ կանգ առավ,- կներես, եթե որոշ ժամանակ չկարողանամ այս կողմերը գալ…, ներողամիտ եղիր: Գիտես, որ մեր թաղամասն այստեղից երեք մղոն հեռավորության վրա է, եւ հիմա էլ հրեշտակի հետ գործ ունեմ:
– Շատ լավ,- ասաց Մաքսն անկեղծ ժպիտով:
– Ցտեսություն, Մաքս:
Մաքսը հետեւեց Փիթի ռիթմիկ քայլքին: Նրան այնպես էր թվում, թե նա մեծ թատերգության մեջ գլխավոր հերոսի դերն էր կատարում: Մաքսը գլխարկը քաշեց գլխին, դուրս եկավ, դուռը կողպեց, մի անգամ եւս լուսամուտից ներս նայեց` ստուգելու համար, թե իր բացակայության ընթացքում գինետունն ինչպիսի տեսք ուներ: Լավ էր, ամեն բան կարգին էր: Դանդաղ քայլերով գնաց, փողոցի անկյունում թեքվեց եւ խավարի մեջ անհետացավ:
ԵՐԳՈՂ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ
Հե՜յ, ահագին բան ունեմ ասելու: Պիտի լսեիք այդ քրիստոնյաների երգելը: Գեղեցիկ էր: Ամենազոր Աստված, հիասքանչ էր: Պիտի լսեիք նրանց: Իսկ եթե Շաբաթապահնե՞րն էին, փոքրիկ հին աղանդ, եւ ոչ թե մեծ ու զորավոր, ինչպես, ասենք, Մկրտականներինը: Ենթադրենք, թե նրանք էին: Ինչ փույթ: Նրանք երգում էին, այս էր պատահածը, եւ սքանչելի էր: Երբեւէ իմ տեսած կամ լսած լավագույն բանն էր, եւ այդ պատճառով ինքս ինձ ավելի լավ էի զգում, քան զգացել էի տարիներ շարունակ: Իսկ նրանց ձայները: Ամենազոր Աստված, ինչ արժանապատվություն: Ինչքան պարզ եւ վայելչագեղ: Բոլորն էլ սովորական մարդիկ էին, եւ տղաներն էլ էին երգում: Այդ դեռատի տղեկներն ու աղջնակները երգում էին փողոցում: Ուրախ եմ, հե՜յ, հիասքանչ:
Չեմ կամենում որեւէ մեկին որեւէ բան համոզել: Լոկ փորձում եմ ձեզ ասել, թե ինչ գեղեցիկ էր պատահածը: Այնքան պարզ բան: Եվ այն կերպը, որով ստեցի այդ աղջկան: Դա պատահարի լավագույն մասն է, այն կերպը, որով ստեցի եւ այնուհետեւ ասացի ճշմարտությունը: Հիմա ամեն ինչ սրբագրված է: Նրան ասել էի, թե փող չունեմ: Աստված իմ, ինչ ստախոսն էի եղել: Վերեւում, սենյակիս սեղանի վրա յոթանասունութ սենթ ունեի, սեղանի հենց մեջտեղում: Իհարկե, ոչ մեծ գումար, սակայն կանոնավոր հնչուն դրամ, եւ, ուրեմն, դրամ ունեի: Այդ պահին նրանք դեռ չէին երգում, եւ թերեւս այդ պատճառով ստեցի: Փողին ընդհանրապես կարեւորություն չեմ տալիս` լրագրավաճառ մանչուկներին, ամեն անգամ թերթ գնելիս կրկնակի եմ վճարում, եւ կոշիկներս ներկողներին առատորեն հավելավճար եմ տալիս, իրենց հինգ սենթանոց փայլեցման փոխարեն: Երբ գրպանս լիքն է, միշտ այդպիսի բաներ եմ անում, սակայն չկարծեք, թե պարծենկոտություն եմ անում: Դուք, հարկ է, որ այդ բաներն իմանաք:
Եվ ահա այսպիսի ողորմելի սուտ մանրադրամի համար: Սարսափելի զգացողություն ունեցա: Եվ այնքան գեղեցիկ մի քրիստոնյա աղջիկ, այնպիսի անուշ մաքուր ձայնով: Դռան զանգը տվել էր, եւ ես դանդաղաքայլ իջել էի, մտածելով, թե պարապ բարեկամներիցս մեկն է: Մեկը, որ պիտի խոսեր բանաստեղծության կամ բանի մասին եւ գլխացավանք էր դառնալու: Եթե այդ տղաներից մեկնումեկն է, թող գնա գրողի ծոցը: Պետք է ասեմ, թե մերձիմահ եմ, որեւէ մեկին տեսնել չեմ ուզում, թող որ դժոխք գնա բանաստեղծությունը: Բայց, հա, այս դեռատի քրիստոնյա աղջիկն էր: Ստիպված ժպտացի:
– Բարի երեկո, ասացի:
Նա բարի երեկո ասաց եւ սկսեց խոսել փողոցի մյուս կողմում այն խմբված մարդկանց մասին, զինվորների պես կարգապահ կանգնած քսան կամ քսանհինգ հոգի, մի փոքրիկ խումբ, որի մեջ յոթ թե ութ տղեկներ էլ կային: Սքանչելի էր, բայց տրամադրությունս վատ էր: Մտքիս եկած առաջին բանը յոթանասունութ սենթիս կառչելն էր: Շաբաթապահներին փո՞ղ տամ: Մի խումբ խաբեբաների՞: Ոչ, սիրելիս, պիտի ասեմ, թե փող չունեմ: Սենյակումս ունեմ այդ դրամը, բայց պիտի ասեմ, թե փող չունեմ: Պետք է չվիճեմ նրա հետ, եւ ոչ էլ որեւէ բան անեմ:
– Կկամենայի ձեզ օգնել, սակայն այս պահին փող չունեմ:
Հենց այդ պահին իսկ զգացի, որ թշվառականի մեկն եմ: Ատում եմ ստելը, մանավանդ այս ձեւով ստելը: Փողի համար: Կարծում եմ, թե ես նույնքան փողի կարիք ունեմ, որքան Շաբաթապահները, բայց այնքան կարիք էլ չունեմ, որ դրա համար ստեմ: Նրան ասացի, թե փող չունեմ, եւ աստիճանների վրա կանգնած փոքր-ինչ զրուցեցի այդ գեղեցիկ քրիստոնյա աղջկա հետ: Կրկնում եմ՝ քրիստոնյա բառը, քանի որ, ի վերջո, հարկ է հասկանաք, որ եթե նա քրիստոնյա չլիներ եւ իր արածին չհավատար, պիտի դռան զանգը չտար, եւ որեւէ բան չպիտի ուզեր: Ինքս ինձ շատ մեղկ զգացի այդ սուտն ասելու պատճառով, ուստի փորձեցի քաղաքավարի լինել:
– Ցավում եմ, որ դրամ չունեք, ասաց նա: Տարին մեկ անգամ ենք այս բանն անում:
– Տարին մե՞կ անգամ, ասացի:
Դեռ չէին սկսել երգել, եւ մենք աստիճանների վրա կանգնած զրուցում էինք:
– Ուզում եք ասել, թե տարին մեկ անգամ հավաքվում եք ամենքդ եւ երգելով անցնում եք քաղաքի միջո՞վ:
– Այո, ասաց: Տարին մեկ անգամ:
Չգիտեի, եւ ուրիշ էլ ինչ ասեի, քանի որ սկսել էի ինքս ինձ վատ զգալ այդ կերպ ստելուս համար, ուստի եւ ասացի.
– Մի օր, որ բավականաչափ դրամ ունենամ, պետք է ձեր եկեղեցին գամ, եւ որոշակի գումար ձեր քարոզչին տամ:
– Ցավում եմ, որ փող չունեք,- ա սաց նա:
Բարձրացա ու մարեցի սենյակիս լույսը եւ պատուհանս բացեցի: Նրանք փողոցի մյուս կողմում էին, եւ տեսարանը չափազանց ակնածալի էր երեւում: Ես շարունակեցի հիշել այդ անուշիկ աղջկան, ում ստել էի: Թերեւս հասկացավ, որ ստախոսի մեկն եմ, եւ դա ինձ սաստիկ ահաբեկեց:
Հետո բոլոր այդ քրիստոնյաները սկսեցին երգել: Փողոցի մեջ: Ոչ մի երաժշտություն, այլ միայն նրանց ձայների երաժշտությունը: Վեհաշուք էր: Կարող է միամիտ թվամ, բայց հոգ չէ: Նրանք երգում էին մի երգ` Հիսուսի հետ քայլելու եւ նրա հետ խոսելու մասին: Այդ երգը գիտեի մանուկ հասակից: Երբեք կիրակնօրյա դպրոցի լավ սան չեմ եղել: Ընդհանրապես ստահակություն էի անում, քրիստոնեական երգերին գեշ բառեր հարմարեցնելով, բայց այդ երգը հիշում էի: Չգիտեմ, բայց տպավորեց, ես երկար խորհելու կարիք էի զգում: Դրամը սեղանի վրա էր: Ամբողջ դրամը ձեռքս վերցրի եւ աստիճաններով սուրացի ներքեւ:
Մտածում էի, թե աղջիկը պետք է որ հաջորդ տան դռներից մեկի առաջ լիներ, բայց այնտեղ չէր, եւ ուրեմն, մյուս տունը գնացի, խիստ հուզված եւ ինքս իմ դեմ զայրացած փողի պես մի բանի պատճառով սուտ ասելուս համար, եւ այդ քրիստոնյաները, որ Հիսուսի հետ քայլելու մասին այդ գեղեցիկ երգն էին երգում: Աղջկան գտա անկյունի տան դռան առաջ: Խաղաղորեն, ինչպես ինձ հետ էր խոսում, նա խոսում էր մի բարկացկոտ մարդու հետ, որ փող չտվեց եւ քաղաքավարի էլ չեղավ: Այնպիսի զգացողություն ապրեցի, ասես ինչ-որ տեղ ես էի մեղավոր այդ մարդու վարմունքի համար, քանի որ ստել էի, ես, որ միշտ դրամը վատնում եմ ամեն տեսակ փուչ բաների վրա: Սարսափելի վատ էի զգում:
Հետո դռնից աղջկա հեռանալը տեսա, չվշտացած, բայց դեմքի մի այնպիսի արտահայտությամբ, որ ինձ տակնուվրա արեց: Քիչ էր մնում դռան զանգը տայի ու էդ մարդու դնչին մի լավ հասցնեի: Ուզում եմ ասել, որ աշխարհի վրա ինչ-որ տեղ փտած մի բան կար, իմ սուտը` փողի համար, եւ աղջկա զգացմունքները վիրավորող այս մարդը, եւ անարգորեն գործող բոլոր մարդիկ` պատվարժան ու պարկեշտ չեղող, եւ երբեք ճիշտը չխոսող, եւ միմյանց ատող եւ չըմբռնող: Ինքս ինձ ավելի վատ էի զգում, քան երբեւէ: Ուզում էի խորտակել այդ մարդու դուռը: Կամենում էի մտնել ու նրան ասել. «Մենք տխմարություն արեցինք: Չափազանց շատ բան ենք մոռացել: Մի բան պետք է անենք: Չենք կարող ստել ու անարգ մնալ: Պետք է դարձյալ պարկեշտ դառնանք»:
Այդքան վատ էր վիճակս տվյալ խնդրի նկատմամբ: Պատճառն այն էր, որ ստել էի սեղանի դրամի մասին: Իսկ այդ խեղճ մարդուն չէի ատում: Նա լավն է: Ատում էի իմ եւ ամեն մարդու մեջ բուն դրած այն ստորին բանը, որը շարունակ դրսեւորվում է եւ աշխարհը խղճուկ բանի է վերածում:
Երբ աղջիկը իջավ աստիճաններից, փորձեցի հանդարտվել, նրան չէի ուզում վախեցնել, եւ ուրեմն փորձեցի փոքր-ինչ հանդարտվել:
Նա հիշեց ինձ, քանի որ ժպտաց:
– Ստեցի ձեզ, ասացի, թե փող չունեմ, բայց ունեի:
Փոքրիկ կողով էր բռնել, եւ մեջը անգամ մի փեննի չկար: Չգիտեմ ինչու՝ բոլորս էլ անպիտան ու ճղճիմ ենք:
– Փող ունեմ,- ասացի:
Ես դրամը կողովի մեջ դրեցի: Այն կողովի մեջ չշպրտեցի: Խոնարհաբար այնտեղ տեղադրեցի: Իրեն որեւէ բան չէի տալիս: Ոչ էլ` Շաբաթապահներին: Ետ ստանալու վրա էի մի բան, որ կորցրել էի: Դրամը խոնարհաբար դրեցի կողովի մեջ, եւ աղջիկը զարմացավ: Ոչ մեկին չեմ տեսել այդպես գեղեցկորեն զարմացած, եւ եթե նույնիսկ միլիոն տարի ապրեմ, երբեք չպիտի մոռանամ այն կերպը, որով նա շնորհակալություն ասաց, որովհետեւ ինչ այդ ողորմելի յոթանասունութ սենթի համար չէր շնորհակալ, այլ շնորհակալ էր, որ պարկեշտ տղա էի դարձել, այնպես, ինչպես պարտ էի միշտ լինել, եւ այնպես, ինչպես պարտավոր ենք լինել ամենքս:
Սենյակ վերադառնալու ընթացքում, դեռեւս, այդ երգն էի լսում` Հիսուսի հետ քայլելու եւ խոսելու մասին, եւ եթե կարծում եք, թե այս ամենը տխմարություն է ու միամիտ մի բան, է՜հ, շատ լավ, դա ձեր գործն է, բայց բանն այն է, որ ես գիտեմ, թե սա շատ ավելին է նշանակում: