Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ փաստահավաք խմբի կողմից իրենց տրամադրված յուրաքանչյուր փաստաթուղթ մանրակրկիտ ուսումնասիրվելու է: «Ինքս կողմ եմ, որ տրամադրված փաստաթղթերն անպայմանորեն հրապարակվեն, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չմնա, թե մարտիմեկյան հանձնաժողովը ցանկություն ունի որեւէ փաստաթուղթ կոծկելու»,- ասել է նա` հավելելով, որ եթե փաստահավաք խմբի տրամադրած նյութերում լինեն լուրջ փաստեր, որոնք արժանի կլինեն ներառվելու հանձնաժողովի եզրակացության մեջ, ապա ինքն անձամբ պնդելու է, որ դրանք ներառվեն ժամանակավոր հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ: Նա նաեւ հայտարարել է, թե դիմելու է իրենց հանձնաժողովի նախագահին` ամռանն արձակուրդի չմեկնելու եւ աշխատանքները շարունակելու առաջարկով: