Ավտորիտարիզմը` ինչպես որ է

30/06/2009

Ադրբեջանում նոր սահմանափակումներ են առաջարկվում, որոնք, ինչպես ահազանգում են իրավապաշտպանները, է՛լ ավելի կնվազեցնեն ժողովրդավարական ազատությունները այդ երկրում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երկրի խորհրդարանին երեքշաբթի օրը ներկայացվելու է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը, ըստ դրա քննադատների, արտացոլում է նախագահ Իլհամ Ալիեւի կառավարման ավտորիտար բնույթը: Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, որպեսզի ոչ կառավարական կազմակերպություններն արտերկրից ստանան իրենց ֆինանսավորման 50 տոկոսից ոչ ավելին, արգելվում է օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, եթե այն հիմնված չէ «համապատասխան միջազգային համաձայնագրի» վրա: Որեւէ թերթ կամ այլ հրատարակություն, որը երկու տարվա ընթացքում երեք անգամ «կողմնակալ հոդված» է հրապարակել, առաջարկվող փոփոխություններով կկանգնի փակման վտանգի առջեւ: «Ընդունվելու դեպքում, այդ փոփոխությունները կմեծացնեն լրագրողների եւ իրավապաշտպանների գործունեության նկատմամբ կառավարության վերահսկողությունը եւ գրաքննությունը»,- երեկ հայտարարել է «Amnesty International» կազմակերպությունը: Առաջարկվող օրինագծի վերաբերյալ մտահոգություն են արտահայտել նաեւ Human Rights Watch, Article 19, PEN իրավապաշտպան կազմակերպությունները: Եվրոպայի խորհուրդը հայտարարել է, որ այդ օրենքի ընդունումը կարող է հանգեցնել Բաքվում իր քաղաքական դասընթացների դպրոցի փակմանը: Հիշեցնենք, որ այս տարվա մարտին անցկացված հանրաքվեով Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխություններ կատարվեցին, որոնցով վերացվեց երկրի նախագահի` երկու ժամկետից ավելի պաշտոնավարման արգելքը: Իրավապաշտպան կազմակերպությունները եւ Ալիեւի ընդդիմախոսները Արեւմուտքին մեղադրում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները անտեսելու մեջ` այդ երկրի նավթի եւ գազի պաշարների պատճառով: