Երկակի եւ արհեստական մոտեցումներ

30/06/2009

Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, 2008 թվականի ընտրական զարգացումների կապակցությամբ ազատազրկված 51 ընդդիմադիրներից 28-ի նկատմամբ համաներում կիրառվել է, 5-ի դեպքում գործընթացը արհեստականորեն ձգձգվում է, իսկ 18-ի վրա այն ընդհանրապես չի տարածվում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վ. Հարությունյանը մի շարք օրինակներ է ներկայացրել: Ռոման Մնացականյանի վրա, ըստ Վ. Հարությունյանի, համաներումը տարածվում է, բայց քանի որ նա կալանավայրում բջջային հեռախոս կրելու համար 5 անգամ տույժի է ենթարկվել, այդ հանգամանքը բնութագրվել է որպես «ռեժիմի կոպիտ խախտում», եւ հիմք է հանդիսացել նրան կալանավայրում պահելու համար: «Բջջային հեռախոս կալանավայր են տանում հենց իրենք` հսկիչները, իրենք տանում են, իրենք ձեւակերպում են տույժեր, եւ իրենք էլ վերջում ասում են, որ տեսեք` այս մարդն ունի 5 տույժ, եւ մենք նրան բաց չենք կարող թողնել»,- ասել է իրավապաշտպանը: Մյուս դեպքերում, ըստ Վ. Հարությունյանի, երկարաձգվում է փաստաթղթերի ձեւակերպման ընթացքը: Դեռեւս անազատության մեջ բանտերում գտնվող 18 ընդդիմադիրներից մեկը Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանն է, ով անցյալ տարի դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը հիշեցրել է, որ Բարեղամյանը մեղադրվում էր ոստիկանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ընդ որում, նրան մեղադրանք է առաջադրվել «երկու իրարամերժ վկայությունների» հիմքով: «Մեկն ասում է, որ ինքը ընդամենը գլխին ուռուցք է ունեցել, իսկ մյուս ոստիկանն ասում էր` գլխի արյունը, «Ջերմուկի» շշով ջուր է լցրել, լվացել է: Այսինքն, քաղաքական իշխանությունը պարզ տեսնում է, որ այդ արարքի մեջ այդ հանցակազմը չկա: Այն, որ Արամ Բարեղամյանի նկատմամբ չի կիրառվում համաներում, դա արդեն Ազգային ժողովի ընդունած համաներման ակտի կիսատ-պռատությունից է»,- հայտարարել է պաշտպանը: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 25-ի դրությամբ ազատ է արձակվել 215 դատապարտյալ: