Եվ այսպես, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնական այցով եկավ Հայաստան ու գնաց։ Այն, որ ռուսներին այս իրադարձությունը երջանկությունից յոթերորդ երկինք չէր հանելու, ի սկզբանե պարզ էր։ Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի հեռուն գնաց. Սահակաշվիլիին պարգեւատրեց Պատվո շքանշանով՝ «Հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար»։
Սա ռուս գործիչներին իսկական դեպրեսիայի մեջ է գցել։ Ռուսական ԶԼՄ-ներն արդեն իսկ գրում են, որ Սահակաշվիլիի այցը «հարցեր է առաջացնում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ, որը նախկինում բազմիցս իրեն համարում էր ետխորհրդային տարածքում Ռուսաստանի լավագույն բարեկամ»։ Իսկ հիմա հարցերն ավելի են սրվել, քանի որ ՀՀ նախագահը պարգեւատրել է մի մարդու, ում Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակումից հետո ռուսաստանյան իշխանությունները բացահայտ անվանում են հանցագործ եւ կատեգորիկ հրաժարվում նրա հետ շփումից։
Ռուսական «REGIONS.RU/Նովոստի Ֆեդերացիի» պարբերականը դիմել է ՌԴ խորհրդարանականներին՝ մեկնաբանություններ խնդրելով այս «միջադեպի» կապակցությամբ։ Ռուս քաղաքական գործիչների մեկնաբանությունները, կարծում ենք, կհետաքրքրեն ընթերցողներին, մանավանդ նրանց, ովքեր կարծում են, որ մենք անկախ երկիր ենք, եւ միեւնույն ժամանակ համոզված՝ որ Ռուսաստանը անկախ Հայաստանի լավագույն բարեկամն է։
Իվանովյան երկրամասից ընտրված սենատոր Վլադիմիր Գուսեւը Սահակաշվիլուն Պատվո շքանշան հանձնելը համարել է, ոչ ավել ոչ պակաս, վիրավորանք Ռուսաստանի հասցեին եւ նշել. «Իսկական բարեկամները նման կերպ չեն վարվում»։ Գուսեւը նաեւ ավելացրել է, որ իր համար անսպասելի եւ անհասկանալի է Սահակաշվիլիի պարգեւատրումը, եւ կարծիք հայտնել, որ «այդ արարքը կարող է բարդ մթնոլորտ ստեղծել ռուս-հայկական հարաբերություններում»։ Մեկ այլ սենատոր՝ Վադիմ Գուստովը, ով նաեւ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է, պարգեւատրումը համարել է «ոչ բարեկամական քայլ»։ «Դա նաեւ արհամարհական վերաբերմունք է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր զոհվել են հարավօսական հակամարտության ընթացքում։ Ստեղծված իրավիճակում ես շատ քիչ լավ խոսքեր ունեմ,- ասել է Գուստովը եւ ավելացրել,- կարծում եմ՝ նա (նկատի ունի Սերժ Սարգսյանին.- Բ.Թ.) շատ մեծ քաղաքական սխալ է թույլ տվել, որը շատ դժվար է բացատրել։ Բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք։ Սակայն, եթե սխալը թույլ է տրվել գիտակցաբար, ապա դա կարող է ծայրահեղ վատ անդրադառնալ ռուս-հայկական հարաբերությունների վրա։ Կյանքն ամեն ինչ կդնի իր տեղը»։
Ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարի առումով նույն կարծիքն է արտահայտել նաեւ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Վալերի Բոգոմոլովը՝ Սահակաշվիլիի պարգեւատրումը անվանելով «ոչ միանշանակ իրադարձություն»։ «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պարգեւատրել ում ցանկանա եւ ինչով ցանկանա։ Սակայն կարեւոր է հասկանալ, որ չի կարելի թքել ջրհորի մեջ, որտեղից դեռ շատ անգամներ ջուր ես խմելու»։ Բոգոմոլովը ավելի հեռուն է գնացել եւ անկեղծացել։ «Ռուսաստանը մեծ երկիր է, որին թվում է, թե ինքը ամենուր պիտի ապացուցի իր հանդուրժողականությունը եւ ըմբռնումով մոտենա մեր գործընկերների՝ երբեմն անհասկանալի գործողություններին։ Սակայն ես միշտ պնդում եմ, որ արտաքին քաղաքականության մեջ բարեկամներ չկան։ Կան շահեր եւ գործընկերներ, որոնց պետք է օգտագործել՝ ազգային շահերից ելնելով»,- ասել է Բոգոմոլովը։
Կոմունիստ, Պետդումայի Սահմանադրական օրենսդրության եւ պետականաշինության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Իլյուխինը Սերժ Սարգսյանի քայլը գնահատել է որպես անտակտ եւ ոչ բարեկամական։ Հետո նշել է, որ դա չի կարող բացասաբար ազդել երկու երկրների առեւտրային եւ գործարար հարաբերությունների վրա, քանի որ Հայաստանն իրեն համարում է ՌԴ ռազմավարական գործընկերը, եւ նրա տարածքում են տեղակայված ռուսական զորքերն ու ռազմաբազան։ «Մենք փոխադարձ շահեր ունենք, իսկ հարաբերությունների ցանկացած սրում կարող է ռուսական բազայի դուրսբերման կամ վարձակալության թանկացման հարց բարձրացնել։ Սակայն տհաճ նստվածքը, իհարկե, կմնա»,- ասել է Իլյուխինը։
Իլյուխինի գործընկերուհին՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, «Սպրավեդլիվայա Ռոսիյա» խմբակցության անդամ Տատյանա Մոսկալկովան ավելի խիստ է եղել իր ձեւակերպումներում՝ Սահակաշվիլիի պարգեւատրումը համարելով «ապտակ Ռուսաստանին՝ իր մերձավորագույն դաշնակցի կողմից»։ Լիբերալ-դեմոկրատ պատգամավոր Սերգեյ Աբելցեւն էլ զուգահեռներ է գտել՝ հիշեցնելով, որ Հարավային Օսիայի վրա հարձակվելուց ընդամենը մեկ ամիս անց Սահակաշվիլին էր Սերժ Սարգսյանին պարգեւատրել Պատվո շքանշանով, եւ վերջինս պարգեւն ընդունել էր։ Ու հեգնել է՝ այս ամենը նմանեցնելով կովկասյան ժողովուրդների մոտ ընդունված՝ կենաց խմելու «ալավերդիին»։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, «պատասխան կենացով է հանդես եկել»՝ Պատվո շքանշանի տեսքով։
Փաստորեն՝ ռուս խորհրդարանականներին Հայաստանի նախագահի այս քայլը ամենեւին դուր չի եկել։ Միգուցե նրանք իրենց տեսանկյունից, իրենց երկրի շահերից ելնելով՝ ճիշտ են։ Սակայն ազնիվ չեն։ Օրինակ, սենատոր Գուսեւը, երբ ասում է, որ բարեկամները նման կերպ չեն վարվում, մոռանում է այն մասին, որ իրենք «բարեկամաբար» պարտքի դիմաց մեզնից գործարաններ վերցրին, որ բարեկամաբար փակել էին Վերին Լարսի անցակետը` իրենց գործընկերոջը փաստացի շրջափակման ենթարկելով, կամ՝ անջատում էին Վրաստանի գազը՝ ձեռքի հետ նաեւ մեզ զրկելով վառելիքից։ Կամ՝ Գուստովի հուզումնալից խոսքերը վրաց-օսական հակամարտության ընթացքում զոհվածների հիշատակի մասին։ Մի՞թե Իլհամ Ալիեւը, որին իր այցելությամբ պատվել է ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը, Հայաստանի համար նույնքան հանցագործ չէ, որքան Սահակաշվիլին՝ ռուսների։ Եվ սենատորի տրամաբանությամբ շարժվելով, Ալիեւի հասցեին Դ. Մեդվեդեւի ցանկացած հաճոյախոսություն մի՞թե անհարգալից վերաբերմունք չի կարելի համարել ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհված հազարավոր հայորդիների հիշատակի հանդեպ։ Պարզապես մենք այդ մասին երբեք չենք բարձրաձայնի, եւ հայ պատգամավորներից ոչ ոք՝ իրեն կովկասյան ավանդույթների գիտակի տեղ դրած Աբելցեւին երբեք չի հակադարձի հին հայկական ասացվածքով՝ մոտիկ հարեւանը հեռու բարեկամից լավ է։ Որովհետեւ շատ ենք հարգում գործընկերներին, եղբայրներին ու առավելեւս՝ մեծ եղբայրներին։ Եվ դժվար է ասել՝ ով է ավելի մեղավոր՝ ռուսնե՞րը, որ իրենց թույլ են տալիս գնահատականներ տալ եւ, ըստ էության, միջամտել մեր ներքին գործերին, թե՞ մենք, որ թույլ ենք տվել բանը հասնի դրան։ Ըստ ամենայնի՝ մեր մեղքն ավելի շատ է։ Որովհետեւ, եթե ռուսներն արդեն բացահայտ են ասում, որ «արտաքին քաղաքականության մեջ բարեկամներ չկան. կան շահեր», մենք դեռ զբաղված ենք ինքնախաբեությամբ՝ հավատալով բարեկամության վեհ գաղափարին։ Մյուս կողմից, զգացմունքայնությունը թոթափելն արդեն միգուցե օգուտ չտա. մինչ մենք զգացմունքների դաշտում էինք, ռուսներն արդեն ամբողջությամբ հասել են իրենց ազգային շահերին՝ մեր անկախ Հայաստանի Հանրապետության հաշվին։