«Օրենքով գող» են բռնել

30/06/2009

Մոսկվայի Քրեական հետախուզության աշխատակիցները ՌԴ մայրաքաղաքում ձերբակալել են քրեական մեծ հեղինակություն համարվող Կամո Սաֆարյանին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների մի աղբյուր: «Սաֆարյանը ձերբակալվել է Մոսկվայի հյուսիս-արեւելյան շրջանում գտնվող «Փախլավա» ռեստորանում՝ թմրանյութից հարբած վիճակում»,- պատմել է գործակալության զրուցակիցը: Նաեւ հավելել է, թե` ձերբակալման ժամանակ հայտնաբերվել է 11 գրամ հաշիշ: Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինաբար թմրադեղեր պահելը): Ներկայում դատարանի որոշմամբ Կ. Սաֆարյանը կալանավորված է: Նույն աղբյուրի հաղորդմամբ` կալանավորվածը ծնունդով Հայաստանից է, ծնվել է 1961թ., ունի չորս դատվածություն, որոնցից վերջինը թվագրված է 1994 թվականով, երբ նա Նիժնի Նովգորոդում ազատազրկման է դատապարտվել զենք պահելու համար: «Այնուհետեւ Սաֆարյանը տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ ապրել է մինչեւ 2006թ., երբ նա արտաքսվեց այդ պետությունից՝ հինգ տարվա ընթացքում մուտքի արգելքով»,- հաղորդել է «Ինտերֆաքսի» զրուցակիցը: «Կալանավորվածը հետխորհրդային տարածքում ամենահայտնի «օրենքով գողերից» մեկն է եւ ամուր ու կայուն կապեր ունի նախկին խորհրդային հանրապետությունների քրեական աշխարհում»,- հավելել է գործակալության զրուցակիցը: