Երեկ ԵԽ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողներին պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ԵԽ ԽՎ-ում: Նա իր առաջարկությունները ներկայացրել է հունիսի 23-ին` նախորդ օրը տեղի ունեցած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո, որտեղ ելույթ է ունեցել:
«Իմ կողմից ներկայացրած առաջարկություններին առաջինը ծանոթացավ Դավիթ Հարությունյանը, դրանից հետո ես այն տրամադրեցի նաեւ իրեն ընդդիմություն հռչակած Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, որը նույնպես հրաժարվեց ստորագրել: Այնուհետեւ միակ վայրը, որտեղ մարդաշատ էր պատվիրակներով, դա առաջին հարկում գտնվող ճեմասրահն էր, քանի որ այնտեղ ճաշարանն է եւ ինտերնետ սրահը: Այնտեղ ինձ մոտեցել են պարոն Գորան Լինբրատը, ով քաղաքական հանձնաժողովի նախագահն է, պարոն Անդրեաս Գրոսը, ով սոցիալիստների խմբի նախագահն է, նաեւ` մի թուրք պատվիրակ ու Գյուլթեքին Հաջի Բելին: Այո, ես նրանց թույլ եմ տվել, որ նրանք ստորագրեն իմ առաջարկության տակ: Թույլ եմ տվել, որ ստորագրեն Արցախի հերոսամարտի մասնակիցներին ազատ արձակելու առաջարկի տակ: Դա Սասուն Միքայելյանն է, Ժորա Սափեյանն է, Մկրտիչ Սափեյանն է եւ այլ ազատամարտիկներ: Գտնում եմ, որ ճիշտ էր թույլ տալը, որ ստորագրեն իմ առաջարկը, եւ եթե պետք լիներ, այսքան աղմուկից հետո նույնը կկրկնվեր»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը: Նկատենք, սակայն, որ սովորաբար առաջարկ ներկայացնողներն են մոտենում ԵԽ ԽՎ պատվիրակներին, այնպես որ, մի փոքր տարօրինակ է հնչում Զ. Փոստանջյանի այն ասածը, թե իր ներկայացրած առաջարկի տակ ստորագրած անձինք անձամբ են մոտեցել իրեն եւ ստորագրելու ցանկություն հայտնել: Այն էլ` ճեմասրահում: Ինչեւէ, ըստ Զ. Փոստանջյանի, այս աղմուկի պատճառն այն էր, որ ինքը «տապալել» է բանաձեւում որոշ փոփոխություններ անելու` ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի փորձերը: Ըստ «Ժառանգության» մյուս պատգամավոր Ստեփան Սաֆարյանի` եթե Զ. Փոստանջյանն այդ առաջարկները չաներ, Դ. Հարությունյանին կհաջողվեր բանաձեւում ներառել «Ա1+» հեռուստաընկերության եթեր չվերադառնալու, կամ էլ, ասենք, հետախուզման մեջ գտնվողների վերաբերյալ այն կետը, ըստ որի՝ նրանք պետք է «ղազագիր» ստորագրեն եւ նոր համաներվեն կամ չհամաներվեն: Ս. Սաֆարյանը նշեց, որ այս տեսակետից 1677 բանաձեւը, որը մի միջանկյալ փաստաթուղթ էր Զ. Փոստանջյանի եւ Դ. Հարությունյանի առաջարկների միջեւ, բավական հաջողված փաստաթուղթ է, քանի որ սկսվում է համաներումը որպես կես քայլ գնահատելուց, իրավական ուժ է տալիս լուծարված Փաստահավաք խմբի առանձին անդամների կողմից հրապարակված փաստաթղթերին ու եզրակացություններին, խոսվում է չազատված քաղբանտարկյալների դատական գործերին հետեւելու մասին, չի դադարեցվում ՀՀ նկատմամբ մոնիտորինգը եւ այլն: «Այսպիսի բանաձեւից հետո, իհարկե, իշխանական դեսանտին` Դավիթ Հարությունյանին, մնում էր այդ նույն օրը երեկոյան գնալ եւ դարդից խմել»,- հայտարարեց Ս. Սաֆարյանը: Իսկ Զ. Փոստանջյանն էլ հավելեց, թե հունիսի 24-ից հետո Դ. Հարությունյանը չի երեւացել ԵԽ ԽՎ նիստերին, եւ մինչ օրս նրա գտնվելու վայրը անհայտ է: Ի դեպ, երեկ մեզ հետ զրույցում Դ. Հարությունյանն ասաց, որ այսօր ասուլիս է հրավիրել, որի ժամանակ կանդրադառնա նաեւ Զ. Փոստանջյանի հայտարարություններին: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ նշեց, որ Զ. Փոստանջյանի առաջարկները քննարկվել են կուսակցությունում, եւ դրանք հենց «Ժառանգություն» կուսակցության առաջարկներն են: «Եվ այն, որ ինքը ներգրավել է ադրբեջանցի եւ թուրք պատվիրակներին այս հայանպաստ բանաձեւի ստորագրության տակ, ես կարող եմ նույնիսկ ավելին ասել, որ հետագայում, օրինակ, երբ Զ. Փոստանջյանը ներկայացնի Արցախի անկախության ճանաչման բանաձեւը, այո՛, մենք պետք է ձգտենք, որ առավել թվով եւ՛ թուրք, եւ՛ ադրբեջանցի պատգամավորներ ստորագրեն դրա տակ: Թեեւ դա բավականին դժվար է լինելու, մանավանդ, որ թուրքերի ու ադրբեջանցիների դիրքորոշումը այդ հարցում ամբողջությամբ համընկնում է մեր ԱԺ-ի մեծամասնության կարծիքի հետ»,- հայտարարեց Հ. Խուրշուդյանը: «Այն ելույթը, որը ես ունեցա ամսի 24-ի առավոտյան նիստի ժամանակ, շատ վատ տարավ նաեւ տիկին Նաիրա Զոհրաբյանը եւ ինձ սպառնաց, ասաց` «տեսեք, ես ձեզ ինչ եմ անելու»: Եվ սպառնալիքից հետո սկսվեց այդ (ես տեղյակ չեմ ինչպիսին էր) սեւ PR-ը»,- ասաց Զ. Փոստանջյանը: Ս. Սաֆարյանն էլ պատմեց, թե ինչպես է իշխանական լրատվամիջոցներից մեկում առաջին անգամ հրապարակվել Զ. Փոստանջյանի` Ստրասբուրգում կատարած քայլերի վերաբերյալ տեղեկատվությունը: «Երբ հասկացան, որ Զ. Փոստանջյանի առաջարկները խնդիր են դարձել իրենց հակաժողովրդական, գաղտագողի ներկայացվող առաջարկների համար, panorama կոչվող կայքէջում սանձազերծեցին մի արշավ, որից հետո սկսվեց մի սեր, մի մեղրամիս panorama-ի ու ադրբեջանական day.az-ի եւ այլ az-երի միջեւ: Day.az-ը հղում է անում panorama-ին, panorama-ն` day.az-ին»,- նկարագրեց Ս. Սաֆարյանը: Բայց, ըստ նրա, քանի որ Ադրբեջանի ներսում դժգոհություններ են առաջանում ադրբեջանցի պատվիրակների կողմից Զ. Փոստանջյանի առաջարկների տակ ստորագրելու կապակցությամբ, այդ պատգամավորը հրաժարվում է, որ ստորագրել է, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հերքում են, որ նման բան է եղել: «Եվ հասկանալով, որ ընկել են ծուղակը, քանի որ «Ժառանգությունը» չէր հերքել, որ եղել է Ադրբեջանի պատվիրակի ստորագրությունը, panorama-ի ու day.az-ի մեղրամիսը ավարտվում է»,- եզրափակեց Ս. Սաֆարյանը: Հ. Խուրշուդյանն էլ նշեց, որ իշխանական հեռուստաընկերությունների եւ թերթերի այս վերջին «հարձակումները»
Զ. Փոստանջյանի վրա իրականում բարձրացնում են նրա ու «Ժառանգություն» կուսակցության վարկանիշը: Այնուամենայնիվ, բանախոսները հայտնեցին, որ բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում Զ. Փոստանջյանին վիրավորել են, պատասխան են տալու օրենքի առաջ: «Այո, միջոցների դիմելու եմ, եւ այն անձինք, ովքեր ոտնձգություն են իրականացրել իմ նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ, նրանք պատժվելու են»,- ասաց Զ. Փոստանջյանը: Ս. Սաֆարյանը նաեւ հրապարակեց մի քանի փաստաթղթեր, որոնք, ըստ նրա, առաջին անգամ են հրապարակվում: Դրանցից մեկը վերաբերում էր 2008թ. հունիսի 9-11-ին Աթենքում Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի կողմից Ադրբեջանի առաջարկության տակ ստորագրելուն, որում ԼՂ հակամարտությունը որակվում է էքստրեմիստական ու անջատողական: Ի դեպ,
Գ. Մինասյանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, դեմ է գնացել ինչպես Ս. Սաֆարյանին, այնպես էլ դաշնակցական Արա Նռանյանին: Մյուս փաստաթուղթը, որ ստորագրել էին ՀՀԿ-ական Դ. Հարությունյանն ու ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը, 2008թ. մայիսի 26-27-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Ադրբեջանի վերաբերյալ թիվ 1617 զեկույցն է, որում ասվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացումը չափազանց դժվար է լինելու, քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Պատասխանելով նրանց, ովքեր իր գործունեությունը Ստրասբուրգում որակել են «հակահայկական» ու «դավաճանական», Զ. Փոստանջյանը պատասխանեց, թե ԵԽ ԽՎ-ում ինքը ներկայացրել է եւ՛ Ղարաբաղի, եւ՛ Հայաստանի շահը, եւ, որ ինքը հանդիսանում է նաեւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացի: «Որեւիցե մեկը չփորձի կասկածի տակ դնել իմ հայրենասիրությունը եւ խոսի դավաճանության մասին: Թող խոսեն այն մարդիկ, թե ինչպիսի դավաճանություն են իրականացրել հենց իրենք»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը: Իսկ նրանց, ովքեր Զ. Փոստանջյանի քայլը մեկնաբանել էին որպես փորձառության պակասի արդյունք, «Ժառանգության» անդամը պատասխանեց. «Այն մարդիկ, ովքեր փորձել են սերտել ոչ թե ԵԽ կանոնադրությունը, այլ փորձել են սերտել Բադեն Բադենի բաղնիքների կամ խանութների տեղերը, ես ի տարբերություն իրենց, այո՛, սերտել եմ ԵԽ կանոնադրությունը, փորձ եմ ձեռք բերել, ելույթ եմ ունեցել»: Ի դեպ, երեկ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Զ. Փոստանջյանի հայտարարություններին, կտրականապես հրաժարվել է մեկնաբանություններ տալուց: «Զ. Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու` ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ավելացնել` տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ամենամեծ պարտությունը»,- հայտարարել է նա: