Ինովացիոն տնտեսությունը գլոբալ ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է: Նման եզրակացության են եկել «Համագործակցող երկրների զարգացման ինովացիոն ուղին՝ ռազմավարություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին ներկա գիտնականները: Գիտաժողովը մեկնարկել է հունիսի 29-ին, եւ կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը, «Գլոբելիկս-Ռե իննովատիկայի ակադեմիա» գիտահետազոտական կազմակերպությունը (ՌԴ), Սարատովի պետական տեխնիկական համալսարանը: «Հայաստանին պետք են 10 գիտնականներ եւ 2 միլիոն դոլար, որպեսզի 5 տարի հետո այն դառնա բարգավաճող երկիր»,- Հայաստանի համար հակաճգնաժամային դեղատոմս է առաջարկել ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը՝ ներկայացնելով «Հակաճգնաժամային քաղաքականության ռազմավարությունը ԱՊՀ-ում՝ նոր տեխնոլոգիական տնտեսաձեւի անցման շրջանի պայմաններում» թեմայով զեկուցումը: Ռուս ակադեմիկոսը ճիշտ է նկատել, որ ընդամենը 10 գիտնական է պետք: Եվ դեռ պետք է այդ 10-ին փնտրել, բայց ոչ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, որի նախագահն է Ռադիկ Մարտիրոսյանը, այլ դրանից դուրս, նույնիսկ արտերկրում գործող հայազգի գիտնականների շարքերում: Նշենք, որ որպես հեռանկարային ուղղություն՝ Գլազեւը նաեւ նշել է ՀՀ ատոմային էլեկտրակայանի հիման վրա ատոմային արդյունաբերության կոմպլեքսային զարգացումը, որը նրա կարծիքով՝ միայն մեկ ուղղությամբ՝ էլեկտրաէներգիա ստանալու ուղղությամբ է զարգանում: