Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի մերձակայքում գտնվող լճում հունիսի 26-ին հայտնաբերվել է պատանու դիակ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 17:10-ին փրկարարները լճից դուրս են բերել Հոկտեմբեր գյուղի բնակիչ, 1994թ. ծնվ. Կարեն Սարգսյանի դին: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 26-ին` ժամը 23:00-ին, անհայտ տեսակի օձի խայթոցով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Ոսկեվազ գյուղի բնակիչ, 1940թ. ծնվ. Թելման Թովմասյանը: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է: Հունիսի 28-ին Լոռու մարզում տեղացած հորդ անձրեւի հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել. Վանաձորի թիվ 24 դպրոցի բակը, նկուղը եւ առաջին հարկը ողողած ջրերը սկսել են հոսել քաղաքի Ներսիսյան ու Սանկտպետերբուրգյան փողոցներով: Սարերից իջնող անձրեւաջրերը ողողել են մարզի Գուգարք ու Շահումյան գյուղերը: Ջրաբեկորները, լցվելով սելավատարները, փակել են ջրի հունը, ինչի հետեւանքով ջուրը հոսել է փողոցներով ու լցվել բնակելի տների առաջին հարկերը, օժանդակ կառույցներն ու տնամերձ հողամասերը: Ստեղծվել է փրկարարական երեք աշխատանքային խումբ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար: Փրկարարները գետի ափապաշտպան պատի վրա անցք են բացել ու ջրի հոսանքն ուղղել դեպի հունը: Մարզպետի կարգադրությամբ վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավվել են Լոռու «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ «Դեբեդ» մասնաճյուղի ՓԲԸ-ի աշխատակիցներն ու տեխնիկան: Ժամը 22:30-ի սահմաններում աշխատանքները հիմնականում ավարտվել են, բնակչությանը սպառնացող վտանգը` վերացվել: Զոհեր եւ վիրավորներ չկան: