Տարեցների թիվը եռապատկվելու է

30/06/2009

Մինչեւ 2050թ. ամբողջ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը կեռապատկվի: Այդ մասին են վկայում վիճակագրության այն տվյալները, որոնք պատրաստել է ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոն: Ըստ հետազոտության` ներկայում մոլորակի վրա տարեց մարդկանց թիվը 516 մլն է, սակայն 21-րդ դարի կեսերին այն կավելանա մինչեւ 1,53 մլրդ: Ընդ որում` ամենից շատ՝ գրեթե հնգապատիկ, կաճի 85-ից բարձր տարիքի մարդկանց թիվը. ներկայիս 40 միլիոնից, առաջիկա 30 տարում, մինչեւ 219 մլն: Տարեցների երկու երրորդը, որոնց մեծ մասը բաժին է ընկնում զարգացած երկրներին, կկազմեն կանայք: Ինչպես նշել են մարդահամարի բյուրոյի փորձագետները, ըստ բնակիչների տարիքի՝ աշխարհի «ամենածեր» տարածաշրջանը կմնա Եվրոպան, որտեղ մինչեւ 2050թ. բնակչության 30%-ը կկազմեն 65-ից բարձր տարիքի մարդիկ: Միաժամանակ «ամենաերիտասարդ» աշխարհամասը կլինի Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած տարածաշրջանը: Բարձր ծնելիության եւ բարձր մահացության պատճառով Աֆրիկայի բնակչության մեծ մասը կազմում է երիտասարդությունը, եւ բնակչության միայն 5 %-ի տարիքը կգերազանցի 65-ը: