«Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության հիմնադրամը» (Հայաստան), «3 ՄԻԼԻՈՆ» ամսագիրը (Հայաստան), «168 ԺԱՄ» թերթը (Հայաստան) ներկայացնում են «Չտեսնված Հայաստան» ֆոտոմրցույթը:
Մրցույթ-նախագծի վերնագիրն այն ֆոտոնախագծի անվանումն է, որի վրա Ռուբեն Մանգասարյանն աշխատում էր իր ողջ կյանքի ընթացքում: Նա հաճախ էր կրկնում. «Մի կյանքը հերիք չէ Հայաստանի ողջ գեղեցկությունը լուսանկարելու համար»: Նրա խոսքերը մարգարեական էինգ Նրա սիրտը կանգ առավ` չդիմանալով տքնաջան աշխատանքին: Ռուբենի նախագիծն անավարտ մնաց:
Հայտարարելով «Չտեսնված Հայաստան» ֆոտոմրցույթը` մենք հրավիրում ենք բոլոր ցանկացողներին` եւ՛ պրոֆեսիոնալ, եւ՛ սիրողական լուսանկարիչներին, մասնակցելու այս նախագծին, որը սկսել էր Ռուբեն Մանգասարյանը:
Լուսանկարների թեմայի վերաբերյալ սահմանափակումներ չկան: Մրցույթին կարող եք ուղարկել եւ՛ բնանկարներ, եւ՛ Հայաստանի առօրյան պատկերող լուսանկարներ:
Լուսանկարները պետք է իրենց մեջ համատեղեն հեղինակի գեղագիտական ընկալումները եւ ունենան տեխնիկական բարձր որակ:
Միակ պայմանը հետեւյալն է. լուսանկարները պետք է արված լինեն Հայաստանի տարածքում 2008թ. ոչ շուտ:
Նախագծի կազմխորհուրդն իրավունք ունի հեղինակների համաձայնությամբ լուսանկարներն օգտագործել մրցույթի գովազդային նպատակների համար:
Նախնական ընտրության համար լուսանկարները կարելի է ուղարկել ցածր կետայնությամբ (72 dpi) եւ 800-1000px-ով (երկար կողմը): Աշխատանքների հեղինակները պետք է պատրաստ լինեն կազմկոմիտեի պահանջով ուղարկել բարձր կետայնությամբ (առնվազն 300dpi) լուսանկարներ:
Մրցույթի հաղթողների համար նախատեսված են դրամական եւ այլ պարգեւներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք առաջիկայում:
Ցածր կետայնությամբ լուսանկարները կարող եք ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեով. [email protected]
Աշխատանքներն ընդունվում են 2009թ. հուլիսի 1-ից մինչեւ 2009թ. օգոստոսի 20-ը:
Մրցույթի հաղթողների անունները հեղինակավոր ժյուրին կհրապարակի 2009թ. սեպտեմբերին` մրցանակների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: