Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԳնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, այցի ընթացքում նախատեսվում են նրա հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան է այցելելու հուլիսի 6-8-ը նախատեսված ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպումից ու հուլիսի 8-10-ն Իտալիայում կայանալիք Մեծ ութնյակի երկրների նախագահների գագաթաժողովից առաջ:
Ինչպես հայտնի է, նախօրեին այդ գագաթաժողովին ընդառաջ կայացած Մեծ ութնյակի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ԼՂ-ի հակամարտության կարգավորման խնդիրը: Այդ հարցն ընդգրկված է լինելու նաեւ Մեծ ութնյակի երկրների նախագահների գագաթաժողովի եւ, ամենայն հավանականությամբ, նաեւ Օբամա-Մեդվեդեւ հանդիպման օրակարգում: Հատկապես այդ իրադարձություններից առաջ ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան, հավանաբար, կապված է ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում «նախանշվող առաջընթացի հետ»: Ավելի պարզ ասած, այդ իրադարձությունների արդյունքում հնարավոր է՝ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ինչի համար էլ ԵԱՀԿ գործող նախագահը «ստուգողական» այց է կատարում Հայաստան: